HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». Իրանի դեմ ագրեսիան հարված է նաև Հայաստանին

Շարունակելով «Իրանի դեմ ագրեսիան հարված է նաև Հայաստանին» հոդվածաշարը, ընդգծենք, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի կողմից պատերազմի սանձազերծման դեպքում Հայաստանին սպառնացող լրջագույն վտանգի մասին ՀՀ կառավարությունը և ԱԳՆ-ն համառորեն լռում են:

Հեռուստատեսությամբ ինչ ախմախություն ասես կարող ես լսել, նույնիսկ 10-րդական կարևորության ու հայ հասարակության համար ընդհանրապես կարևորություն չունեցող բաների մասին, սակայն ոչ մի խոսք հիշյալ պատերազմի դեպքում Հայաստանի տարածքի ռադիոակտիվ վարակվածության և ավերիչ երկրաշարժերի առաջացման վտանգի վերաբերյալ:

Կարելի է կարծել, թե լռում են, որովհետև այդ վտանգն իրականում չկա: Ցավոք, մեր ձեռք բերած տեղեկությունները, փաստերն ու փաստաթղթերը վկայում են, որ իրականում կա վտանգ, այն էլ` լրջագույն վտանգ, որի մասին Հայաստանի իշխանություններն ԱՄՆ-ի և Իսրայելի ահից, նրանց հետ ոչ մի դեպքում հարաբերությունները չփչացնելու մտասևեռումից, թերևս նաև այդ պետություններին զսպելու, կանգնեցնելու անզորությունից չեն համարձակվում բարձրաձայնել:

«Իրոք, անհանգստությունը շատ մեծ է, ընդ որում, երկու առումով` և տարածքի ռադիոակտիվ աղտոտվածության հնարավորության հետ կապված, և սեյսմիկ վտանգի հնարավոր աճի հետ կապված,- մեզ հետ զրույցում ասել էր «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, աշխարհագրական գիտությունների դոկտոր, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարինե Դանիելյանը:

Իր հարցազրույցներից մեկում «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն ասել է.

«Ենթադրյալ պատերազմը ծայրահեղ ծանր հետևանքներ կունենա Հայաստանի համար. Հայաստանը կկրի էական տնտեսական կորուստներ, Վրաստանի քաղաքականությունը Հայաստանի և վիրահայերի նկատմամբ ավելի կկոշտանա, մեծ վտանգ կա, որ Իրանի տարածքում մեծ խորություններում տեղակայված նպատակակետերի դեմ խորքային ռումբերի կիրառումը կարող է ամբողջ տարածաշրջանում հանգեցնել ավերիչ երկրաշարժերի, ռադիոակտիվ ամպն ու փոշին կարող են վնասել ողջ տարածաշրջանը»:

Դեռ 2007 թվականին, երբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը սրվել էր, այդ երկրի միջուկային օբյեկտների ռմբակոծման սպառնալիքն առաջին անգամ լուրջ բնույթ ստացել, Հայաստանից մոտ 45 հասարակական կազմակերպություններ Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը, միջազգային կազմակերպություններին դիմել են նամակով, որում մասնավորապես գրված է.

«...Իրանի Իսլամական Հանրապետությունը, ինչպես նաև Կովկասյան լեռներից հարավ ընկած ողջ տարածաշրջանը, գտնվում է երկրաշարժային բարձր-ռիսկային գոտում: Այս տարածաշրջանում երկրակեղևը մեծ խզվածքներ ունի, որտեղ բազմաթիվ կործանարար, բարձր-բալային երկրաշարժեր են դիտվել, և որը երկրագնդի ամենախիտ բնակեցված գոտիներից է: Այս տարածաշրջանում խորքային ռումբերով կետային ռմբահարումների հետևանքներից սարսափելին միայն ռադիացիոն ֆոնի մեծացումը չի լինի, այլ նախ և առաջ այն, որ խորքային ռումբերով ուրանի հարստացման բունկերների կետային ռմբահարումները կգրգռեն-կգեներացնեն մեծ մագնիտուդի, բարձր-բալայնության տեխնածին երկրաշարժեր, որոնց էպիկենտրոնների դիրքերը երկրակեղևում կարող են գտնվել ռմբահարման կետից շատ հեռու, և որոնք կառաջացնեն մեծ ավերածություններ` մեծաքանակ մարդկային զոհերով, նաև ռադիացիոն ֆոնի խիստ աճ` անկանխատեսելի հետևանքներով: Այդպիսի բարձր-բալային տեխնածին երկրաշարժերի արդյունքում կվնասվեն ՀՀ քաղաքներն ու այլ բնակավայրեր, այդ թվում` ՀՀ մայրաքաղաք Երևանը, խիստ հնարավոր է նաև Հայաստանի Հանրապետության Մեծամորի ատոմակայանի ավերում, որի աղետալի հետևանքները տարածաշրջանի էկոհամակարգի և բնակչության համար սարսափելի է անգամ պատկերացնելը:

Վերն ասվածը ենթադրություններ չեն, այլ լուրջ գիտական հետազոտությունների արդյունք, որին քաջատեղյակ է միջազգային գիտական հանրությունը:

Մենք դեմ ենք մեր տարածաշրջանում միջուկային զենքի տարածմանը: Դեմ ենք նաև խորքային ռումբերով հզոր կետային ռմբահարումների միջոցով այս հարցի լուծման ռազմավարությանը: Պրոբլեմն առկա է և այն լուծում է պահանջում: Հենց այդ նպատակով էլ դիմում ենք Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը և կոչ ենք անում ստանձնել խաղաղարար միջնորդական առաքելություն մեզ բարեկամ երկու երկրների միջև պայթյունավտանգ կոնֆլիկտի հնարավոր հարթեցման հարցում...

Որպես առաջին քայլ առաջարկում ենք կազմակերպել կլոր սեղան բոլոր շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների մասնակցութամբ Երևանում` ներառելով պետական, գիտական և հասարակական կառույցները»:

Հավելենք, որ այդ քննարկումն առ այսօր չի կազմակերպվել:

Արթուր Հովհաննիսյան

Մեկնաբանություններ (1)

Վահե-2010
Եթե նման իրավիճակում ՀՀ կառավարությունը լռում է, ապա դա նշանակում է, որ այն կառավարվում է Համաշխարհային Դավադիր Կառավարության կողմից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter