Մեկնարկել են Մեքսիկայի մշակույթի օրերը Հայաստանում
ՀՀ մշակույթի նախարարությունը և ՀՀ-ում Մեքսիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունը հունիսի 9-ից 11-ը Հայաստանում անցկացնում են Մեքսիկայի մշակույթի օրեր: Օրերի շրջանակներում հունիսի 9-ին բացվեց մեքսիկական պատմական լուսանկարչական ցուցահանդես, ներկայացվեցին Մեքսիկայի անտրոպոլոգիայի և պատմության ազգային ինստիտուտի արխիվային նյութերից:
Հունիսի 10-ին Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում անցկացվեց Մեքսիկայի մասին կոնֆերանս-դասախոսություն: Ուսանողների համար դասախոսություն կարդաց ՀՀ-ում Մեքսիկայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆրեդո Պերես Բրավոն:
Նույն օրը` հունիսի 10-ին Հայաստանի գեղագիտության ազգային կենտրոնում կցուցադրվի «Մեքսիկան իմ աչքերով» մանկական մրցույթի մասնակիցների 150 աշխատանքը (թեմատիկ մրցույթն անցկացվել է նախապես): Մրցանակները հաղթողներին կհանձնի դեսպանը:
Հայաստանում Մեքսիկայի մշակույթի օրերի շրջանակներում հունիսի 9-ից 11-ը Մոսկվայի տանը կցուցադրվեն «Մենդոսի քավորը», «Սիրահարվածը», «Երազանքը ճամփորդում է տրամվայով» մեքսիկական գեղարվեստական կինոնկարները:
Հայաստանում Մեքսիկայի մշակույթի օրերն անցկացվում են առաջին անգամ: Երեկ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Մեքսիկայի դեսպան Ալֆրեդո Պերես Բրավոյին ու դեսպանության մշակութային կցորդ Հենոք դե Սանտյագոյին և շնորհավորել Մեքսիկայի մշակույթի օրերի անցկացման առթիվ:
Հասմիկ Պողոսյանն ընդգծել է, որ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Մեքսիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև մշակույթի, կրթության, գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի բնագավառում 2011-2014 թթ.» համագործակցության ծրագրի ստորագրումը կամրապնդի հայ-մեքսիկական իրավապայմանագրային դաշտը և հիմք կդառնա մշակութային փոխանակումների համար:
Նախարարը դեսպանին նաև տեղեկացրել է ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից 2012 թվականին «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակելու և Հայ տպագիր գրքի 500-ամյակը նշելու մեծածավալ ծրագրերի մասին և հրավիրել այդ շրջանակներում իրականացնել համատեղ թարգմանական և հրատարակչական ծրագրեր, ինչպես նաև Հայաստանում անցկացնել մեքսիկական գրականության շաբաթ:
Ալֆրեդո Պերես Բրավոն արձագանքել է մեծ ոգևորությամբ ու պատրաստակամությամբ և առաջարկել մշակել համատեղ ծրագրեր` երկու երկրների գրողների գործերի թարգմանության ուղղությամբ, ինչը մեծապես կնպաստի երկու մշակույթների ճանաչմանն ու մերձեցմանը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել Մեքսիկայի մշակույթի օրերի` թեպետ կարճատև, սակայն հետաքրքիր մեկնարկի և անցկացման համար:
Մեկնաբանել