
Հայ-գերմանական խառնամուսնություն. երբ տոնում են թե՛ հայկական թե՛ գերմանական տոները
Գերմանիայում շատ է տարածված խառը ամուսնությունը: Այստեղ շատ են ազգային փոքրամասնությունները, մասնավորապես թուրքեր, ռուսներ, լեհեր, արաբներ, ինչպես նաև հայեր: Խառը ամուսնությունների պատճառներից մեկն էլ ահա սա է: Եվ այն չի սահմանափակվում միջդավանական ամուսնություններով: Ընտանիք են կազմում նաև մահմեդականներն ու քրիստոնյաները: Չնայած կան նաև ընտանիքներ, որ շատ ավանդապահ են ու անպայման ամուսնանում են նույն դավանանքի ու նույն ազգությամբ մեկի հետ:
Վիճակագրությունը փաստում է, որ Գերմանիայում, սկսած 1960 թվականից, յուրաքանչյուր 25-րդ զույգը խառը ամուսնություն էր: Իսկ արդեն 1995-ին՝ յուրաքանչյուր յոթերորդը: 2006-ին արված ուսումնասիրությունների համաձայն` արդեն թիվը հասել է հինգի:
25-ամյա գերմանուհի Ստեֆանին և 30-ամյա հայազգի Յանեկը արդեն յոթ տարվա ամուսիններ են, ունեն երկու դուստր, որոնց կոչել են հայկական անուններով:
«Անկեղծ ասած, չէի ուզում, որ տղաս գերմանացու հետ ամուսնանար, բայց հիմա աստծուն շնորհակալություն եմ հայտնում, որ Ստեֆանիին ինձ ուղարկեց, շատ համով երեխա է: Արդեն լրիվ հայ ենք սարքել: Սկզբում ինձ համար շատ դժվար էր: Ասում էի՝ էսա շուտ գերմաներեն կսովորեմ, բայց ինքն ավելի շուտ հայերենը սովորեց»,- պատմում է Ստեֆանիի սկեսուրը՝ տիկին Սիրանը:
Ստեֆանի և Յանեկ Թովմասյանների ընտանիքը երկուսուկես տարի ապրել է Յանեկի ծնողների հետ: Ստեֆանին, որ ի սկզբանե կրել է ամուսնու ազգանունը, ասում է, որ հայկական ավանդույթները, մշակույթն ու հայերի հետ շփվելը իրեն շատ է դուր գալիս: Նա արդեն մեկ անգամ իր ցանկությամբ եղել է Հայաստանում և շատ է սիրել ամուսնու հայրենիքը. «Մեր ընտանիքը հայկական ավանդութներով է ապրում: Տանն էլ գրեթե միշտ հայերենով ենք խոսում: Միայն սկզբում էր ինձ համար դժվար, որովհետև բան չէի հասկանում, լեզուն չգիտեի»,- ասում է Ստեֆանին:
«Մի հինգ տարի առաջ ասում էր, օրինակ, ուզո՞ւմ ես սուրճ ուտել: Բայց նա սովորեց հայերենը: Մենք մայր և աղջիկ ենք, ոչ թե սկեսուր և հարս,- պատմում է Յանեկի մայրը՝ տիկին Սիրանը,- մոտ երեք տարի առաջ մեզ մոտից տեղափոխվեցին, այդ բաժանումը շատ ծանր էր մեզ համար: Ստեֆանին լացում էր: Բայց դե շատ հեռու չի տղայիս տունը մեզանից: Օրվա մեծ մասը համարյա միշտ միասին ենք անցկացնում»:
Ստեֆանին պատմում է` երբ ամուսնացել է, վախեցել է՝ կարծելով, որ հայերը շատ մուսուլմանների նման հետամնաց ազգ պիտի լինեն. «Բայց ամեն բան ուիրշ էր: Ճիշտ է, հայ տղամարդիկ երեխաներին խնամելիս կնոջն այնքան շատ չեն օգնում, ինչքան գերմանացիք, բայց ընդհանուր առմամբ կենցաղային հարցերում տարբերություները մեծ չեն: Հատկապես սկեսուրս ինձ շատ է օգնել, առանց նրա ես չէի կարողանա ամեն բան հասցնել, ու հիմա էլ առանց Յանեկի ծնողների օրս չեմ պատկերացնում»,- ասոմ է Ստեֆանին:
«Հա, իհարկե, դժվարություններ կային ու կան, բայց դե սերը սահմաններ չի ճանաչում, մարդը բոլոր տեղերում էլ նույն մարդն է, ինչ ազգությունից էլ լինի»,- հավաստիացնում է Յանեկը, ով 1998-ից ապրում և աշխատում է Գերմանիայում:
Հաճախ են խառը ամուսնություններով ընտանիքներում այնպիսի մանր վեճեր ծագում, որոնք մնացածի պարագայում չեն էլ առաջանում: Այդ ամենը միայն սովորույթների ու ավանդույթների տարբերությունից է: Եթե զույգերը դա չեն հաղթահարում, ապա բաժանության առջև են կանգնում:
Գերմանացի Յենս Յակոբը, ով ամուսնացել է հայուհու հետ, կարծում է, որ իսկապես դժվարություններով լի է այլազգի հետ ամուսնությունը: «Այո, բայց ես վերջին տարիներին շատ բան եմ սովորել: Այն մարդու համար նման ամուսնությունը շատ դյուրին կլինի, եթե բավականաչափ կրթված ու զարգացած է, այլապես շատ բարդ է: Նա, ով ընտրում է այսպիսի ամուսնություն, պիտի դրական վերաբերմունք ունենա դիմացինի մշակույթի նկատմամբ, սովորելու և սովորեցնելու հմտություն: Բնականաբար, դա հաղթահարված է մնացած ընտանիքներում, իսկ այսպես շատ հետաքրքիր»,- հավաստիացնում է Յենս Յակոբը:
Յենսի կինը հաճախ է լսել այն հարցը, թե ինչպես է գերմանացու հետ ապրում. «Բայց դա դժվար չի, այլ մարդու բնավորությունից է կախված: Գերմանիան իմ երկրորդ հայրենիքն է դարձել, գերմանական մշակույթը սիրով ընկալեցի ու օտար չի»,- պատմում է տիկին Նինան, ով երկու տարում կարողացել է հիմնովին սովորել գերմաներենը և նոր կրթություն ստացել Բեռլինում:
Շատ ուսումնասիրություններ են ցույց տվել, որ գերմանական ընտանիքները կայուն չեն, միջինում զույգը միասին ապրում է մոտ յոթ տարի: «Իսկ մենք արդեն 15 տարի միասին ենք»,- գոհունակությամբ նշում է Յենսը:
Նինայի և Յենսի երեք երեխաները խոսում են և՛ հայերեն, և՛ գերմաներեն: Ընտանիքը տոնում է թե՛ հայկական թե՛ գերմանական բոլոր տոները:
«Շնորհակալ եմ ամուսնուս, որ մեր երկրի պատմությամբ է հետքրքրվում, ամեն օր կարդում է հայաստանյան լուրերը ու մեր ավանդույթները շատ լավ գիտի: Բացի դրանից, մենք գրեթե ամեն տարի Հայաստան ենք գնում, իսկ այստեղ հաճախ ենք հայկական համայնքում անցկացնում: Միայն դժվարանում եմ ասել՝ երեխաներս իրենց ավելի շատ գերմանացի, թե հայ են զգում«,- ասում է տիկին Նինան:
Մեկնաբանել