
ՀՀ տնտեսական աճը՝ մի՞ֆ, թե՞ իրականություն
Հայաստանը տնտեսական աճի ապահովման նոր ուղիների ներդրման կարիք ունի, որը պետք է ուղղված լինի տնտեսության մրցունակ ճյուղերի բացահայտմանը և արտահանելի հատվածի զարգացմանը:
Տնտեսական աճի ապահովումը բազմաթիվ երկրների տնտեսական քաղաքականության անկյունաքարն է: Սակայն այն չի կարող ինքնանպատակ լինել, դրա վերջնական եզրահանգումը պետք է լինի հասարակության բարեկեցության բարձրացումը:
ՀՀ տնտեսությունը 2000թ. ի վեր տնտեսական աճի տեմպով դասվում էր աշխարհում ամենաարագ զարգացող տնտեսությունների թվին: Համաձայն ԱՊՀ Վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2003թ. գերազանցել է մինչ անկախության մակարդակը 8%-ով, այն դեպքում, երբ Վրաստանի ՀՆԱ-ն մոտ 42%-ով զիջում էր մինչ անկախության մակարդակը:
ՀՀ տնտեսության նման հաջողությունը հիմնականում պայմանավորված է իրականացված շուկայական բարեփոխումներով` հատկապես ֆիսկալ և դրամավարկային քաղաքականության ոլորտներում: ՀՀ տնտեսության զարգացման գործում նաև շատ մեծ դեր են ունեցել և շարունակում են ունենալ արտասահմանից ստացվող տրանսֆերտները: 2004-2008թթ. ընթացքում միայն բանկային համակարգի միջոցով երկիրը ստացել է ավելի քան 5.3 մլրդ ԱՄՆ դոլարի դրամական փոխանցումներ:
Տնտեսական աճի տեմպերը, ընդհանուր առմամբ, Հայաստանում միջին հաշվով շատ ավելի մեծ են եղել, քան զարգացող և առավել ևս զարգացած երկրներում: 2000թ.-ից ի վեր տնտեսական աճը Հայաստանում մոտ 3 անգամ ավելի արագ է եղել` համաշխարհային տնտեսության համեմատ: Հայաստանի տնտեսական աճի տեմպերը բավականին բարձր են նաև հարևան և նմանատիպ երկրների հետ համեմատած` զիջելով միայն Ադրբեջանին, Թուրքմենստանին, Ղազախստանին և ՌԴ-ին, որը պայմանավորված է այս երկրներում նավթային (և գազից) եկամուտների կտրուկ աճով (տե'ս գծապատկեր 1 և 2):
Գծապատկեր 1. Տնտեսական աճի ինդեքսների համադրում, Հայաստան և աշխարհ
Գծապատկեր 2. Իրական ՀՆԱ-ի աճը 2010թ. 1999թ. համեմատ, բազմապատիկ անգամ, Հայաստան և աշխարհի երկրներ
1993-2008թթ. Հայաստանի տնտեսությունը շարունակական աճի և զարգացման միտումներ է ունեցել: 2001թ© հետո տնտեսությունում արձանագրվել է երկնիշ տնտեսական աճ և 2001-2007 թթ. կազմել միջինում տարեկան 13%:
Նույն ժամանակահատվածում զգալի տեմպերով ավելացել է նաև 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն, որը 2001թ. կազմել է շուրջ 670 ԱՄՆ դոլար, իսկ 2008-ին` 3689 ԱՄՆ դոլար: 2008-ին Հայաստանում տնտեսական աճի տեմպերը, համեմատած նախորդող տարիների հետ, էապես դանդաղեցին` կազմելով 6.8 տոկոս: Համեմատության համար նշենք, որ 2009թ. 2008թ. համեմատ ՀՆԱ անկումը կազմել է 14.1%:
Ինչևէ, մինչ ճգնաժամը, վերջին տասնամյակի ընթացքում ունեցած կայուն տնտեսական աճի գրանցման արդյունքում, Հայաստանը միացավ Համաշխարհային բանկի դասակարգմամբ եկամուտների միջին մակարդակով գնահատվող երկրների խմբին: Տնտեսական աճը հանգեցրեց իրական աշխատավարձերի ավելացմանը, զբաղվածության մակարդակի կայունացմանը և համախմբված բյուջեից սոցիալական ոլորտներին ուղղվող ծախսերի ավելացմանը: Այդ ամենը, մասնավոր տրանսֆերտների աճող հոսքի հետ համատեղ, նպաստեցին աղքատության մակարդակի զգալի կրճատմանը:
Փաստ է, սակայն, որ մինչ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամը Հայաստանի երկնիշ տնտեսական աճը ապահովվում էր մի քանի ոչ արտահանելի ճյուղերի և արտերկրից ստացվող դրամական փոխանցումների հաշվին: Այսինքն` ապահովվում էր տնտեսական աճ` առանց տնտեսության արդյունավետ և հեռանկարային ոլորտների զարգացման: Հետևաբար, ՀՀ տնտեսությունը յուրաքանչյուր պահի կարող էր «պայթել», ինչին էլ ականատես եղանք 2008-2009թթ.: Ճգնաժամը, ըստ էության, վերջ դրեց տարիներ ի վեր ընթացող ոչ արդյունավետ և ոչ տևական զարգացման փուլին` վեր հանելով տնտեսությունում առկա բավական լուրջ հիմնախնդիրներ: Այսպիսով` պարզ է, որ ՀՀ հետագա զարգացման երաշխիք չեն կարող հանդիսանալ տնտեսական աճի նախկին հենասյուները: Ուստի, անհրաժեշտ է պարզել դրանց բնույթը և առաջարկել հետագա բարելավման ուղիներ: Այդ հիմնախնդիրների լուծումը` հաջորդիվ:
Լիլիթ Սարգսյան
ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել