HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էլինար Վարդանյանն առաջարկում է վերանայել նաև դատավորների կազմը

Բոլոր օրենքները, որ Ազգային ժողովում ընդունվում են, այս կամ այն չափով առնչվում են մարդու իրավունքների հետ: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով օրենսդրական առումով այնքան էլ ծանրաբեռնված չի եղել վերջին երկու ամիսների ընթացքում, բայց հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանի ասելով` դա չի նշանակում, որ մարդու իրավունքների առումով Հայաստանում խնդիրներ չկան:

«Մեր հանձնաժողով է գալիս քաղաքացիներից ստացված դիմումների մեծ մասը, բայց խնդիրն այն է, որ դիմումների զգալի մասը առնչվում է դատարանում գտնվող գործերին: Իսկ դուք գիտեք, որ դատական գործընթացներին խառնվելու իրավունք օրենսդիրը չունի»,-ասում է նա:

Էլինար Վարդանյանի խոսքերով` մարզերում մարդկանց իրավունքներն ավելի հաճախ են ոտնահարվում: Նա վերջերս է այցելել սամանամերձ գյուղեր եւ տեսել է բազմաթիվ խնդիրներ`սկսած սոցիալականից: Դա է պատճառը, որ մարզերից ստացված դիմումները հիմնականում սոցիալական բնույթի են եւ քաղաքացիները դժգոհում են, որ խախտվում է իրենց արժանապատիվ ապրելու իրավունքը: Հաճախ էլ ճարահատյալ հենց հանձնաժողովից են գումար խնդրում:

«Պետք է նշեմ, որ ռեալ դատաիրավական բարեփոխումներ են անհրաժեշտ, որովհետեւ շատ են բողոքողները հենց դատական համակարգից: Եթե հաշվի առնենք ընդդեմ Հայաստանի Եվրադատարանի կայացրած վճիռները` մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, գտնում եմ, որ արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը կա»,-ավելացրեց Էլինար Վարդանյանը:

Հանձնաժողովի նախագահի ասելով` փոփոխությունները պետք է սկսվեն համակարգայինից: Դիտարկմանը, թե վերջին տարիներին զգալի ֆինանսական միջոցներ են ներդրվել դատական բարեփոխումների ուղղությամբ, սակայն արդյունքը չի երեւում, Է. Վարդանյանը հետեւյալ պատասխանը տվեց.

«Համաձայն եմ, եւ այդ մասին էլ շեշտում են հատկապես փաստաբանները, որոնք անմիջական կապ ունեն դատարանների հետ եւ վերջերս դատարանների ոչ արդարացի գործունեության դեմ բողոքի ցույց կազմակերպեցին: Փոփոխությունները պետք է սկսվեն նրանից, որ դատարանը լինի անկախ մարմին, ինչը, ցավոք սրտի, այս պահին շատերը չեն արձանագրում, որովհետեւ կա ինչ-որ կախվածություն: Չեմ կոնկրետացնի, որ քաղաքական հնչերանգ չստանա, այնուհանդերձ, կարծում եմ, որ փոփոխությունները պետք է վերաբերեն նաեւ դատավորներին: Մասնավորապես` Եվրադատարանի վճիռներից հետո պետք է վերանայվեն դատավորների այն կազմը, որոնց պատճառով ունենք այս իրավիճակը: Այստեղ մարդկային գործոն էլ կա, որոշումներ կայացնողները եղել են դատավորները եւ առկա է եղել օրենքի ոչ միանշանակ կիրառություն»:

Էլինար Վարդանյանը կարծոււմ է, որ նախաքննական մարմիններում եւս փոփոխություններ են անհրաժեշտ, եւ որպես վառ օրինակ նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի դեպքը, երբ «քաղաքական դրդապատճառներով կարող է մարդու դեմ քրեական գործ հարուցվել»:

«Դա նշանակում է, նախաքննական մարմինները եւս բարեփոխումների կարիք ունեն: Անկեղծ ասեմ, երբեմն զարմանում եմ այն հայտարարություններից, երբ ասում են, թե իրավական հարցերը պետք է լուծվեն իրավական հարթությունում, այն դեպքում, երբ ակնհայտ տեսնում ենք, որ նախաքննական մարմինը ակնհայտ ոչ իրավական մոտեցում է ցուցաբերում եւ քրեական գործեր է հարուցում: Վարդան Օսկանյանի դեպքը միակը չէ, կան բազմաթիվ դեպքեր, երբ քրեական գործեր են հարուցում եւ ուղարկում են դատարաններ, որպեսզի դատարանը որոշի: Հարց է առաջանում, թե ինչքանով են օրինաչափ գործում նախաքննական մարմինները»,-ավելացրեց հանձնաժողովի նախագահը:

Ըստ Է. Վարդանյանի` հանձնաժողովը ստանում է նաեւ բողոքներ` քրեական գործ հարուցելու պահանջը մերժելու, գործերի քննությունը ոչ արդարացի իրականացնելու վերաբերյալ: «Դիմումներն ուղղարկում ենք համապատասխան մարմիննրերին եւ շատ արագ ու սպառիչ պատասխանները ստանում ենք: Բայց նշեմ, որ ժամանակահատվածը շատ քիչ է` ընդամենը 2 ամիս է, ինչ հանձնաժողովն այս գումարման Ազգային ժողովում աշխատում է, եւ ընդհանուր եզրակացություն անելը այնքան էլ ճիշտ չէ»,-ավելացրեց Էլինար Վարդանյանը:

Մեկնաբանություններ (3)

Чингиз
Tovarissi, ved sayt russkoyazichniy. Xotya bi kommentarii pishite po russki. Daje esli ispolzuya latinskiye bukvi.
ԳԱԼՈՒՍՏ
ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՊԵՏՔ Է ԱԶԱՏՎԵԼ ԵՆ ԴԱՏԱՈՐՆԵՐԻՑ ՈՐՈՆՑ ՍԽԱԼ ՎՃԻՌԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԵՎՐՈԴԱՏԱՐԱՆՈՒՄ Է ՀԱՐՑԸ ԼՈՒԾՎԵԼ , ՙԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՊԵՏԲՅՈՒՋԵՆ Է ՀԱՏՈՒՑԵԼ ՎՉԱՐԵԼՈՎ ՀԱԶԱՐԱՎՈՐ ԵՎՐՈՆԵՐ,,,,ՆՄԱՆ ԿԻՍԱԳՐԱԳԵՏ ԵՎ ԱՆՈՂՆԱՇԱՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՄԵԶ ՀԱՐԿԱՎՈՐ ՉԵՆ
Լյուսվա
Հարցումներով իսկությունը չի բացահայտվի։ Ես կասեի՝ դատարանները չափից ավելի են անկախ, ինչպես ասվում է, օրենսդիրը դատական գործընթացներին չի կարող խառնվել, որն էլ տանում է անսահմանափակ կամայականությունների։ Մինչ դատական գործընթացը, դատարանի գրասենյակներում կատարվում են գործառույթներ, որոնք երբևիցե չեն վերահսկվում, դրանից էլ ծնվում է անարդար դատական ակտը, որին նախապատրաստվում են մինչ դատական նիստերը։ Փոփոխում են գրանցամատյանները, երբեմն էլ պահվում են տարբեր մատյաններ՝ սևագրելու, այնուհետև մաքրագրելու համար։ Եթե վերահսկողություն չկա, ապա դա ինչ է, որ չարվի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter