HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախապատրաստական քայլեր Արցախում` առաջիկա ձմռանն ընդառաջ

Հանրապետության հաստատությունների ջեռուցման և առաջիկա ձմռանը նախապատրաստության ընթացքի հարցերը քննարկվեցին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի` այսօր անցկացրած խորհրդակցությունում: Խնդրի առնչությամբ իրենց ղեկավարած բնագավառներում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես եկան առողջապահության նախարար Զ. Լազարյանը, կրթության և գիտության նախարար Ս. Ասրյանը, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Ն. Աղաբալյանը: Գալիք ձմռանը ճանապարհների երթևեկելիությունը ապահովելու համար կատարվող աշխատանքների մասին զեկուցեց քաղաքաշինության նախարար Կ. Շահրամանյանը: Կառավարությանն առընթեր փրկարար ծառայության տնօրեն Ա. Հարությունյանը ներկայացրեց ջեռուցման համակարգերի, մասնավորապես կաթսայատների շահագործման անվտանգությանն առնչվող հիմնական փաստերն ու պահանջները: Հաղորդումներով հանդես են եկել նաև Ստեփանակերտի քաղաքապետ Ս. Գրիգորյանը և «Ջերմային տնտեսություն» ՓԲԸ-ի տնօրեն Ա. Շաբանյանը:

Հրապարակված տեղեկատվությունը ցույց տվեց, որ դեռևս կան օպերատիվ լուծման կարիք ունեցող մի շարք հարցեր: Անդրադառնալով դրանց` վարչապետ Ա. Հարությունյանը շեշտել է, որ սեղմ ժամկետներում պետք է կարգավորել երեք բնույթի խնդիր` պետական օբյեկտների բավարար ջեռուցում, էլեկտրաէներգիայի անխափան մատակարարում և ճանապարհների անցանելիության ապահովում: Կառավարության ղեկավարը իրավասու մարմինների պատասխանատուներին հրահանգեց 7-օրյա ժամկետում վերացնել առկա բացթողումները և կոնկրետ առաջարկություններ ներկայացնել տեխնիկա-ֆինանսական հարցերը պատշաճ ձևով լուծելու վերաբերյալ: Պետք է բոլոր միջոցները ձեռնարկել, որ հանրապետությունը լիովին պատրաստ լինի առաջիկա ձմռանը` ապահովագրված տարերային և այլ կարգի պատահարների ծանր հետևանքներից` նշել է վարչապետը: Բոլոր գերատեսչությունների առջև խնդիր դրվեց, որ անմիջական պատասխանատվություն կրեն իրենց ենթակա հաստատությունների ջեռուցման համար: Ա. Հարությունյանը հատուկ ուշադրություն սևեռեց առողջապահական հիմնարկների բնականոն գործունեության վրա և ցուցում տվեց, որ բոլոր հիվանդանոցները ապահովվեն նաև իքնավար էլեկտրասնուցման կայաններով: Կարևորվեց ջեռուցման արդյունավետ համակարգերի ներդրման պահանջը: Այդ և մյուս հարցերի կապակցությամբ վերահսկողական գործառույթ վերապահվեց քաղաքաշինության նախարարությանը:

Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Ս. Թևոսյանը իր նկատառումները հայտնեց ոլորտում կուտակված պարտքերը մարելու և նոր բյուջեում անհրաժեշտ նախանշումների վերաբերյալ:

Խորհրդակցությանը ներկա էին ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Լ. Գրիգորյանը, ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետ Վ. Միքայելյանը, ԼՂՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գ. Պետրոսյանը, հանրապետության շրջվարչակազմերի ղեկավարները: Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter