Գյուղատնտեսության նախարարն այցելել է Շիրակի մարզ
Այսօր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն աշխատանքային այցով Շիրակի մարզում էր: Նախարարին ուղեկցում էր «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Գագիկ Խաչատրյանը:
Այցելության նպատակը «Համայնքների արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման» ծրագրով մարզի Մեծ Մանթաշ, Ջրառատ և Սառնաղբյուր համայնքներում իրականացվող ջրարբիացման համակարգերի շինարարության ընթացքին ծանոթանալն էր:
Եթե Ջրառատ համայնքում 3300 հա արոտների ջրարբիացման աշխատանքներն արդեն ավարտված են, ապա Մեծ Մանթաշի 4900 հա արոտների ջրարբիացման համար նախատեսվող շինարարությունն իրականացվել է 90, 4200 հա արոտների համար նախատեսվող աշխատանքները Սառնաղբյուրում` 80 % -ով:
Նշված համայնքների ղեկավարները, արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվների նախագահները և վարչության անդամները նախարարի հետ հանդիպման ժամանակ իրենց գոհունակությունն արտահայտեցին իշխանությունների կողմից գյուղացիներին աջակցելու նման ծրագրերի իրականացման վերաբերյալ, հույս հայտնելով, որ դրանք շարունակական են լինելու: ՀՀ գյուղատնտեսության նախարարը նույնպես կարևորեց ծրագրի իրականացման անհրաժեշտությունը` նշելով, որ արոտավայրերի կառավարման և անասնապահության զարգացման ծրագիրն այն կարևոր հարթակն է, որով հնարավորություն կլինի օժանդակել գյուղացու եկամուտների ավելացմանը. «Իսկ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է բարձրացնել կովերի միջին կաթնատվությունը, որն այսօր Սառնաղբյուրում ընդամենը 1200, Ջրառատում 1300, Մեծ Մանթաշում 1500 լիտր է»,- նշեց նախարարը:
Շիրակի մարզում այս ծրագրի մեջ, նշված երեքից բացի, ընդգրկված են ևս վեց այլ համայքներ` Աղինը, Հառիճը, Լեռնակերտը, Բերդաշենը, Այգաբացն ու Բասենը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել