
Սահմանամերձ գյուղի բնակիչներն իրենց միակ փրկությունը գյուղը լքելն են համարում (վիդեո)
Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղն Ադրբեջանից բաժանում են բարձր սարերը: Համայնքը Երեւանից գտնվում է 180 կմ հեռավորություն վրա: Ըստ պաշտոնական թվերի՝ գյուղում ապրում է մոտ 450 բնակիչ, սակայն գյուղացիները փաստում են, որ համայնքը տարեցտարի դատարկվում է, եւ 4-5 տարում գյուղում մարդ չի մնա:
Գյուղի միակ խանութպան Սվետա Գեւորգյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ գյուղը լրիվ անտերության է մատնված եւ իրենցով հետաքրքրվողներ չկան: Կառավարությունը սահմանամերձ գյուղացուն ձեռք չի մեկնում՝ նույնիսկ բնական աղետների դեպքում:
«Գյուղից գնում են, ժողովուրդը հոգնել է, զզվել է: Շատ լավ էր, այստեղի երիտասարդությունը, բնակչությունը շատ լավ էին, գյուղը լցված էր, գոնե մեկ տուն ազատ չէր, բայց հիմա մարդիկ իրենց դռները փակել գնացել են: Ընթացքում բոլորը կգնան, եթե այսպես շարունակվի: Ոչ մեկին էլ չի հետաքրքրում, եթե գնան, գյուղը դատարկվի, ոնց պիտի լինի: Թեկուզ գնան քաղաք, սոված մնան, մենակ թե այս գյուղից դուրս գան»,- ասում է տիկին Սվետան:
Կախակնում ոչ սպորտդպրոց կա, ոչ մանկապարտեզ, ոչ էլ մշակույթի տուն: Սվետա Գեւորգյանի ասելով՝ գյուղ պաշտոնյաներ էլ չեն գալիս, որ գոնե իրենց դարդ ու ցավի մասին նրանց պատմեն, թեեւ հույս էլ չունեն, որ բարձրացրած խնդիրները լուծում կստանան: Տիկնոջ ասելով՝ պաշտոնյաներ գյուղերում հայտնվում են միայն ընտրություններից ընտրություն:
Հարցին, թե դժվարությունները հաղթահարելու համար ի՞նչ լուծում են տեսնում, Սվետան ասաց, որ լուծումը միայն գյուղը լքելն է, քանի որ իրենցով հետաքրքրվողներ կառավարությունում չկան: «Խնդրում եմ, մեկ էլ մի 5 տարի հետո եկեք: Եթե այօրվա դրությամբ գյուղում երեւի մի 90 տուն է մնացել, դա էլ չի լինի: Անցած տարվանից արդեն մի 10 ընտանիք գնացել են»,- ասում է Սվետան:
Տիկնոջ պատմելով՝ գյուղում երիտասարդները չեն ամուսնանում կամ էլ՝ շատ ուշ: Վերջերս 40 տարեկան մի տղամարդ է ամուսնացել, իսկ նրանից մեծ եղբայրը չի էլ մտածում ամուսնության մասին, քանի որ հնարավորություն չունի:
Սվետա Գեւորգանն ասում է, որ գյուղում ծնված երեխան իր ապրած կյանքից ոչինչ չի հասկանում. ոչ գիտի կարուսելն ինչ է, ոչ էլ Երեւանի տեղը գիտի: Ըստ նրա՝ քչերը կարող են իրենց թույլ տալ, որ երեխաներին գոնե տարին մեկ անգամ տանեն կենդանաբանական այգի կամ կարուսել, քանի որ դա արդեն «ճոխություն» է: Օրինակ՝ ինքը իր երեխաներին կարուսել չի տարել, քանի որ հնարավորություն չունի:
Կախակնը նախկինում եղել է ադրբեջանաբնակ: Նրանց հեռանալուց հետո՝ 1980-ականների վերջին, գյուղը վերաբնակեցվել է ադրբեջանահայերով: Տները ադրբեջանցիների կառուցածն է, եւ գյուղացիները հնարավորություն չունեն գոնե ամրացման աշխատանքներ կատարեն: Դա է պատճառը, որ նույնիսկ թեթեւ քամիներից կամ տանիքներն են փուլ գալիս, կամ՝ պատերը:
Նշված խնդիրների վերաբերյալ գյուղում ցանկացանք զրուցել նաեւ համայնքապետ Գագիկ Պետրոսյանի հետ: Վերջինս պատճառաբանեց, թե զբաղված է եւ ավտոմեքենայով մեծ արագությամբ հեռացավ:
Մեկնաբանել