Թաթուլ Մանասերյան. «Գիտությունը գրեթե սպառել է տնտեսական առաջընթացի խթանիչի իր գործառույթը»
«Գրեթե բոլոր մեր ցավոտ խնդիրները` արտագաղթ, գնաճ, ժողովրդի ցածր կենսամակարդակ և այլն, ածանցվում են տնտեսության անմխիթարական վիճակից»,- այսօր` Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում տեղի ունեցած սեմինար-քննարկման ժամանակ, ասաց ՌԱՀՀԿ վարչական տնօրեն Կարապետ Կալենչյանը: Քննարկումը նվիրված էր ՀՀ տնտեսության զարգացման ներկա միտումներին, մարտահրավերներին ու հեռանկարներին:
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը նկարագրեց Հայաստանի տնտեսության աղետալի վիճակը և ներկայացրեց նրա զարգացման ուղիների սեփական տեսլականը: Անդրադառնալով ոլորտի իրական պատկերը, որպես կանոն, խեղաթյուրող պաշտոնական վիճակագրության տվյալներին կամ իր արտահայտությամբ` «գեղանկարչությանը»` զեկուցողը համոզմունք հայտնեց, որ մեզանում տնտեսական զարգացման ռազմավարությունը տակավին ձևավորված չէ:
«Գիտությունը, որը սփյուռքի հետ միասին մեր մրցակցային առավելություններից մեկն է համարվում, գրեթե սպառել է տնտեսական առաջընթացի խթանիչի իր գործառույթը: Բավական է ասել, որ գիտության բյուջետային հատկացումներն ընդամենը 1 մլրդ դրամ են կազմում կամ ՀՆԱ-ի 1 տոկոսից էլ պակաս են, ինչի պարագայում գիտելիքահենք տնտեսության մասին խոսք լինել չի կարող»,- նշեց Թաթուլ Մանասերյանը` մտահոգություն հայտնելով նաև համախառն արտաքին պարտքի սպասարկման առումով, որն, ըստ նրա, ընդհուպ մոտեցել է ՀՆԱ-ի 50 տոկոսի վտանգավոր սանդղակին:
Տնտեսագետը ելքը տեսնում է մասնավորապես իրավունք-պատասխանատվություն հավասարակշռությունը ոլորտում վերականգնելու, «Նվազագույն կենսապահովման զամբյուղի մասին», «Գիտության և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքների պահանջները կյանքի կոչելու, հարկային և մաքսային քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելու մեջ:
Միևնույն ժամանակ հակաճգնաժամային առաջարկների իր փաթեթում նա կարևորում է հողի չօգտագործման պրոգրեսիվ հարկի կիրառումը, սուբսիդավորման ձևով ոռոգման ջրի անվճար տրամադրումը գյուղացուն, գյուղմթերքի շուկաներում գների խիստ վերահսկողության սահմանումը և այլն:
Ըստ ՌԱՀՀԿ-ի տարածած մամուլի հաղորդագրության` քննարկմանը մասնակցել են ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ու միջազգային կառույցների ներկայացուցիչներ, փորձագիտական մակարդակով խնդրին տիրապետող անձինք, քաղաքագետ-վերլուծաբաններ և լրագրողներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել