HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Շահերի նոր խաչմերուկ, կամ Մեծամորի աէկի մեծացող գործոնը

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ իրենք պահանջում են անհապաղ փակել Մեծամորի ատոմակայանը, քանի որ դրա շահագործման յուրաքանչյուր օր վտանգ է ներկայացնում ողջ տարածաշրջանի համար: Դրանից առաջ Թուրքիայի ստրատեգիական վերլուծությունների Եվրասիական կենտրոնը կոչ էր արել երկրի կառավարությանը` նախաձեռնել բողոքի ակցիաներ հայկական ատոմակայանի շահագործման դեմ:

Թուրքիայում Մեծամորի ատոմակայանի դեմ այս նոր արշավն սկսվեց այն բանից հետո, երբ Երևանում հոկտեմբերի 18-ին Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ: Այն գրեթե ամբողջությամբ վերաբերում է Մեծամորի ատոմակայանի անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Ըստ էության` այս հուշագրով լուծվեց երկու խնդիր: Նախ` հաստատվեց, որ ատոմակայանը դեռևս պետք է շահագործվի մինչև 2023 թ., մինչ այդ Մեծամորում կկառուցվի միջազգային ժամանակակից չափանիշներին համապատասխանող ատոմային նոր էներգաբլոկը: Ամերիկյան կողմը փաստաթուղթն ստորագրել էր` փաստացի նպաստելու ՀՀ կառավարության կայացրած այս որոշումը: Եվ երկրորդը, որը շատ ավելի էական է, Միացյալ Նահանգները դրանով փաստացի ստանձնում են հայկական կողմի հետ այդ ընթացքում ատոմակայանի անվտանգության ապահովման պատասխանատվությունը: Իսկ դա նշանակում է, որ չնայած ատոմակայանի ապամոնտաժումը ներկայացված էր որպես Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման նախապայմաններից մեկը, այն առնվազն առաջիկա տարիների կտրվածքով հենց ԱՄՆ-ի ներգործությամբ դուրս է բերվում միջազգային օրակարգից:

Հենց սա էլ Անկարայում նման նյարդայնացման տեղիք է տվել: Թուրքերը շատ լավ հասկանում են, որ կորցնում են հայկական կողմի վրա ճնշում գործադրելու չափազանց գործուն մի լծակ, և որ ԱՄՆ-ն փաստացի փորձում է հայկական ատոմակայանը դարձնել տարածաշրջանում քաղաքական ազդեցություն նվաճելու և Թուրքիայի տարածաշրջանային գերտերություն դառնալու ամբիցիաները զսպելու գործիք:

Սակայն խնդիրը միայն Թուրքիան չէ: Հայտնի է, որ ատոմակայանն ապահովում է Հայաստանի էլեկտրաէներգետիկ պահանջարկի ավելի քան 40 տոկոսը: 2003-2012 թթ. ատոմակայանի հավատարմագրային կառավարումը գույք պարտքի դիմաց գործարքի արդյունքում հանձնվել էր ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ» ընկերությանը: 2011-ին այս ընկերությունը հայտարարեց, թե տնտեսապես շահավետ չէ ատոմակայանի կառավարումն իրականացնելը առկա պայմաններով և դիմեց ՀՀ կառավարությանը` ժամկետից շուտ լուծարելու կնքված պայմանագիրը, ինչը և տեղի ունեցավ 2012-ի մարտին:

Ստանձնելով Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության ապահովումը` ԱՄՆ-ն, ըստ էության, շտապեց փոխարինել Ռուսաստանին, լրացնել նրա բաց թողած «տարածքը» և առաջին կարևոր քայլը կատարեց Հայաստանի համար ստրատեգիական նշանակության այս օբյեկտը ռուսներից ազատելու, իսկ ավելի լայն իմաստով` Հայաստանի էներգետիկ ռեսուրսների նկատմամբ ռուսական գրեթե բացարձակ ազդեցությունը նկատելիորեն թուլացնելու ուղղությամբ: Դրա դիմաց է, փաստորեն, ԱՄՆ-ն համաձայնել աէկի շահագործումը ևս տասը տարով երկարաձգելու հայկական կողմի պնդմանը:

Ինչպես հայտնի է, ամերիկյան կողմը մեծ ցանկություն ունի նաև մասնակցելու ատոմային նոր էներգաբլոկի շինարարության աշխատանքներին: Դեռ 2010 թ. ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի ամերիկյան օժանդակության ծրագրերի համակարգող Դենիել Ռոզենբլյումը, որը նաեւ հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի համակարգողն էր, Երևանում հայտարարեց, թե ԱՄՆ-ը Հայաստանում աշխատել է գործող ատոմակայանի անվտանգության բարձրացման աշխատանքների շուրջ եւ ցանկանում է շարունակել համագործակցությունը։ Ռոզենբլյումը վստահեցրել էր, որ ամերիկյան ընկերությունները ցանկություն ունեն մասնակցելու ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար հայտարարվող մրցույթներին։

Հայաստանի կառավարության և ռուսական «Ռոսատոմ» ընկերության միջև ձեռքբերված համաձայնությամբ` նոր ատոմակայանի ամենակարևոր մասերից մեկը` միջուկային կղզյակը, կառուցելու է ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունը: Այս տարվա փետրվարին «Ռոսատոմ»-ի նախագահ Սերգեյ Կիրիենկոն հայտարարել էր, որ ռուսական կողմը պատրաստ է քննարկել մոտ 4,5 մլրդ դոլար արժողությամբ ատոմային նոր էներգաբլոկի կառուցմանը 20 տոկոսի չափով մասնակցություն ունենալու, այսինքն՝ այդ չափով ներդրումներ կատարելու հնարավորությունը` ելնելով այն սկզբունքից, որ կայանի արժեթղթերի վերահսկիչ փաթեթը 50+1 չափով պատկանի Հայաստանին: Մինչդեռ ՀՀ կառավարությունը նման ռեսուրսներ չունի և արդեն վաղուց միջոցներ է ձեռնարկում այս նախագծում օտարերկրյա, հիմնականում արևմտյան ներդրողների ներգրավվելու ուղղությամբ: ԱՄՆ-ն այս հուշագրով հող է նախապատրաստում ամերիկյան ներդրումների ներգրավման համար, դրանով իսկ հիանալի հնարավորություն ստանում այս ճանապարհով ձեռք բերելու նաև նոր աէկի բաժնեմասերից. դա հնարավորություն կտա երկարաժամկետ կտրվածքով հավասարակշռել ռուսական ազդեցությունը հայաստանյան էներգետիկ շուկայում: Իսկ սա Վաշինգտոնի համար ոչ թե տնտեսական, այլ միանշանակ քաղաքական նշանակության հարց է: Այս ճանապարհով նպաստելով Հայաստանի էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացմանը՝ այն նպաստում է երկրի անկախության մակարդակի բարձրացմանը, ինչը հակադարձ համեմատական է Ռուսաստանի դիրքերի թուլացմանը: Որքան էլ տարօրինակ է, մեր էներգետիկ շուկայում ներգրավված ռուսական ընկերություններն իրենք են նպաստում դրան: Այսինքն՝ սա Վաշինգտոնի ձեռքին լուրջ հենման կետ է դառնում ոչ միայն թուրքական, այլ նաև ռուսաստան վեկտորներով քաղաքականության համատեքստում:

Սակայն ԱՄՆ-ի այս ակտիվացած հետաքրքրությունը Հայաստանի էներգետիկ համակարգի նկատմամբ ամենաշատը անհանգստացնում է մեկ այլ կողմի` Իրանի Իսլամական Հանրապետությանը, որը ևս լուրջ տնտեսական ու քաղաքական շահեր ունի այս համակարգում: Պատահական չէ, որ հայ-ամերիկյան վերոնշյալ հուշագրի ստորագրումից անմիջապես հետո Երևանում կայացած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով տնտեսական և էներգետիկ ոլոտում հայ-իրանական համագործակցության փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամանակ Իրանի  էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն, կարևորելով, որ  Իրանի և Հայաստանի միջև քաղաքական ու տնտեսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, ամեն դեպքում նշել էր. «Համատեղ իրականացվող նախագծերի հարցում մենք, իհարկե, առաջընթաց գրանցել ենք: Բայց պետք է նշեմ, որ կան նաև խոչընդոտներ, որոնց պատճառով այդ ծրագրերի ընթացքը որոշակիորեն դանդաղել է: Բոլոր ձեռքբերումներով հանդերձ, արդյունքները մեզ համար գոհացուցիչ չեն, պետք է ամեն ինչ արվի խոչընդոտները հաղթահարելու և առաջ ընթանալու համար»: Նախարարը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ խնդիրների մասին է խոսքը, բայց պնդել է, որ պետք է ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի ձեռքբերված տնտեսական բոլոր ծրագրերի իրականացմանը խոչընդոտող գործոնների վերացման աշխատանքներով: Այլ կերպ ասած` Իրանը շտապում է ավելի մեծ ներգրավվածություն ունենալ Հայաստանի տնտեսությունում:

Ավելի ուշ Հայաստանի և Իրանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Մահմուդ Ահմադինեժադի միջև կայանում է հեռախոսազրույց: Ըստ պաշտոնական տեղեկատվության` նախագահները քննարկել են հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի` հոկտեմբերին Երևանում կայացած վերոնշյալ նիստի արդյունքները, և վճռականություն հանդես բերել խորացնելու համագործակությունը տնտեսական և հումանիտար ոլորտներում: Այս փաստն ինքնին խոսում է այն մասին, թե որքան անհանգստացած է իրանական կողմը Հայաստանի շուրջ ընթացող պրոցեսներից:

Ակնհայտ է, որ հայ-իրանական տնտեսական ու էներգետիկ հարաբերությունների վրա ազդող երկու հնարավոր գործոն կարող է լինել: Մեկը հայ-իրանական գազամուղի ոչ լիարժեք շահագործումն է, ինչը մեծապես կապված է ռուսական թանկացող գազից բացառապես քաղաքական նկատառումներով չհրաժարվելու Հայաստանի կառավարության դիրքորոշումից, ինչպես նաև Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ բլոկը շահագործման հանձնելն ուշացնելու հետ. ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը պետք է սնվեր իրանական գազով: Այս պահի դրությամբ գազամուղը գործում է իր թողունակության չնչին մասով միայն, որի դիմաց Հայաստանն Իրանին վճարում է արտադրված էլէներգիայի տեսքով: Շուտով շահագործման կհանձնվի հայ-իրանական համատեղ ներդրումներով կառուցված Մեղրիի հէկը, որը երկու երկրների կողմից իրականացված էներգետիկ ամենախոշոր նախագիծն էր գազամուղի կառուցումից ի վեր:

Երկրորդ գործոնը ԱՄՆ-ի կողմից ակնդետ ուշադրությունն է հայկական բանկերի նկատմամբ` իրանական ծագմամբ ֆինանսական միջոցների շրջանառությունը կանխելու կամ սահմանափակելու նպատակով: Այս տարվա օգոստոսին բրիտանական «Ռոյթերս» գործակալությունը նյութ հրապարակեց այն մասին, որ Իրանը փորձում է հայաստանյան բանկերն օգտագործել` իր միջուկային ծրագրերն իրականացնելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների շրջանառությունն ապահովելու և կիրառվող միջազգային էմբարգոն շրջանցելու համար: Ու չնայած հայկական կողմի դիմադրությանը` այս փորձերը համառորեն շարունակվում են, ինչի կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այս տարի կատարած հարավկովկասյան տարածաշրջանային այցի շրջանակներում Երևանում հստակ ուղերձներ է հղել Հայաստանի նախագահին: Այն ժամանակ ՀՀ կենտրոնական բանկի մակարդակով հերքվեցին հայկական բանկերի ներգրավվածության մասին լուրերը: Սակայն նստվածքը, ինչպես ասում են, մնաց: Ակնհայտ է` որքան ԱՄՆ-ն մոտ գտնվի Հայաստանում իրանական կապիտալին և հետաքրքրություններին, այնքան Թեհրանի անհանգստությունն ավելի մեծ է լինելու: Եվ բնական է, որ Ահմադինեժադը կարող էր նաև Սերժ Սարգսյանից իր շահերի պաշտպանությանն ուղղված երաշխիքներ սպասել:

Մի կողմից ակնհայտ է, որ այս գործընթացները ենթադրում են Հայաստանի էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացման ավելի մեծ հեռանկարներ: Սակայն մյուս կողմից Հայաստանը կարծես թե վերածվում է գերտերությունների շահերի խաչման և բախումների թատերաբեմի, որում Երևանին կարծես առայժմ հաջողվում է մանևրել: Սակայն այս միտումները վտանգավոր են այնքանով, որ տեղի են ունենում մերձավորարևելյան տարածաշրջանում ընթացող գլոբալ և ոչ այնքան կանխատեսելի սցենարով զարգացող գործընթացերի ֆոնին, ինչը մեծացնում է սայթաքելու, սխալվելու հնարավորությունը և աստիճանաբար փոքրացնում մանևրի հնարավորությունները Երևանի համար: Արդյո՞ք պատրաստ է Հայաստանն այս մարտահրավերին...

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter