
Կանաչապատ տարածքում առևտրի սրահ կառուցելու համար քաղաքապետարանը տվել է դրական եզրակացություն (վիդեո)
Արզումանյան 4 շենքի դիմացի կանաչապատ տարածքում շարունակվում է շինարարությունը, բնակիչները դիմել են քաղաքապետարան, որպեսզի գոնե պարզեն, թե ինչի հիման վրա են Ռաֆիկ Ազատյանին հատկացրել այդ հողակտորը:
Հիշեցնենք, որ այդ տարածքը նախքան սեփականաշնորհումը եղել է հանրային կանաչապատ տարածք և գտնվել է երկու բնակելի շենքերի անմիջական հարևանությամբ: Հնարավոր կառուցապատման հետևանքով Արզումանյան 4 շենքի առաջին հարկերի բնակիչները կզրկվեն արևի լույսից, բակը կզրկվի կանաչ գոտուց, երեխաները` խաղատեղիից, իսկ հարևան վթարային շենքերի սեյսմակայունությունը կարող է վտանգի ենթարկվել նոր քարե շինության առկայության դեպքում:
Բնակիչները դիմել են բոլոր հնարավոր պատկան մարմիններին` թաղապետից, պատգամավորներից մինչև երկրի նախագահ, սակայն դեռևս ապարդյուն. շինարարությունը շարունակվում է: Բնակիչների առաջին դիմում բողոքին Երևանի քաղաքապետարանը պատասխանել է, որ Ռաֆիկ Ազատյանին օրինավոր կերպով տրվել է առևտրի սրահի շինարարության թույլտվություն Արզումանյան 4/1 հասցեում (որը, ինչպես նշեցինք, նախկինում ամբողջությամբ կանաչապատ է եղել, և այնտեղ եղել են պտղատու ծառեր): Քաղաքապետարանը բնակիչներին տված պատասխանում նշում է նաև, որ նշված նախագիծն անցել է համապատասխան փորձաքննություն, որի հիման վրա տրվել է մասնագիտական դրական եզրակացություն:
Երևանի քաղաքապետին ուղղված երկրորդ դիմում բողոքը` 102 բնակչի ստորագրությամբ, դեռ անպատասխան է:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել