HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էսպես էլ ապրում ենք՝ խելքի ու նախանձի բեռն ուսներիս

Երբ սխալ ես գործում եւ չես ուղղում դա,
այդ ժամանակ եւս մեկ սխալ ես գործում
Կոնֆուցիոս

Մենք մեր խելքի ձեռքը կրակն ենք ընկել…

Դեռ անհիշելի ժամանակներից (ճշգրիտ դարեթիվը պերմանենտ ճշտման փուլում է) մեր նախապապերը հարեւան բոլոր ազգերից առանձնացել են իրենց խելքով, ինչի շնորհիվ մենք դեռ կանք ու արարում ենք, իսկ նրանց մեծամասնությունը վերացել է: Շատերը երեւի նախանձից են մեռել: Դե ո՞նց դիմանային՝ է՛լ Նոյն իջավ Արարատից, է՛լ կոշիկ, է՛լ Քարահունջ, է՛լ անիվ, է՛լ գարեջուր ու գինի… Ու էդ նախանձությունից շատերն են ցանկացել մեզ վերացնել, արշավանքներ ու պատերազմներ են եղել, բայց մենք մեր խելքի շնորհիվ միշտ կանգուն ենք մնացել: «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»-ից հետո էլ, բնականաբար, նախանձողների թիվն ավելացավ, նույնիսկ մենք էլ սկսեցինք մեզ նախանձել, դիմադրելն ավելի դժվար դարձավ…

Բայց գանք մեր օրերը…

Խելքը բնութագրող ընդամենը մի բառ կասեմ՝ շախմատ: Շախմատը բա՛ռ ա: Ու էդ բառը լսելիս էս մեր ոչ բարով հարեւանները ո՜նց են նախանձում: Իրենց նաֆթով, գազով, ամեն ինչով մի օր նախանձից պայթելու են…

Բայց խելքը բնութագրող մի բառ էլ կա, ու որ չասեմ՝ ես էլ կպայթեմ: Գիտություն: Դե, իհարկե, մեր գիտության բարձր մակարդակով պայմանավորված` նախանձի եւ նախանձողների տեսակարար կշիռը անընդհատ աճում է: Աճում է նաեւ նրանց ախորժակը եւ մեզ կուլ տալու ցանկությունը: Բայց, մյուս կողմից, պարզից էլ պարզ է, որ կուլ չգնալու համար պետք է լինես ուժեղ տնտեսություն ու հզոր բանակ ունեցող երկիր: Ու քանի որ խելքի պակասից երբեք դժգոհելու առիթ չենք ունեցել, պետք է ուսումնասիրել այլ զարգացած երկրների անցած ճանապարհը եւ ճիշտ հետեւություններ անել: Դա էլ բերում է ակնհայտ եզրահանգման՝ միայն գիտությանը զարկ տալով կարող ենք դառնալ հզոր եւ զարգացած երկիր: Ուրիշ ձեւ չկա…

Հիմա մեր դե յուրե խելոքները՝ գիտության աշխատողները, բողոքում են, որ իրենց պետությունը լավ չի նայում, շարժում են ստեղծել ու ֆինանսավորման ավելացում են պահանջում: Ասում են մենք միջազգային մակարդակի արդյունքներ ենք ցույց տվել, մեզ փող տվեք, որ շարունակենք ցույց տալ, թե չէ՝ մեծանում ենք, պակասում ենք…

Դե ֆակտո խելոքներն էլ՝ իշխանության աշխատողները, խելք խելքի են տվել ու որոշել, որ դե եթե էդ պայմաններում կարողացել են արդյունք ցույց տալ՝ ճիշտ կլինի էդպես էլ թողնեն ֆինանսավորումը: Փողը կարող է նրանց փչացնել… Մյուս կողմից էլ իրենք, ուրիշների հետ համեմատած, անշառ են՝ մի քիչ դժգոհում են քթների տակ ու գնում իրենց գործով զբաղվում: Համ էլ մեկն ասի՝ ինչի՞ եք դժգոհում ա՛յ 35000 ստացողներ՝ տարեկան հազա՜ր դոլա՜ր ա կազմում է՜ ձեր աշխատավարձը, հազար դոլար: Ա՛յ դատավորների ու դատախազների աշխատավարձերը պիտի անպայման բարձրացնել ու բարձրացնել: Միլիոն, միլիոնուկես դոլար չէ՝ դրամը, շատ քիչ է: Օրումեջ եվրադատարաններում այսինչ այնինչյանը կամ այնպես այսպեսյանը ընդդեմ Հայաստանի Հանրապետության դատեր են շահում, խայտառակ են անում, փող են պոկում բյուջեից… Երկրի ներսում բողոքողներն էլ մյուս կողմից… Խելքը հուշում ա՝ մեր սուղ միջոցները նպատակային օգտագործելու համար պիտի իրենց փողերը էնքան բարձրացնել, որ էնպիսի դատ ու դատաստան անեն, որ դրանց ձենները դուրս չգան…

Գիտնականներն էլ, չնայած իրենց բողոքներին, երբեք աչքաթող չեն արվել: Օրինակ՝ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական կես միլիոն դոլարանոց մրցանակը: Խե՛լք: Միջազգային մասշտաբներով թի՛վ: Բայց դե դատավորներն ու դատախազները էստեղ մի քիչ նախանձեցին: Իրենց բացատրվեց, որ կառավարությունը պահուստային ֆոնդից ընդամենը 200 հազարն ա տվել: Մնացած 300 հազարը «Փյունիկ» հիմնադրամն է ավելացրել, ձեռի հետ էլ՝ «Մրցանակի հանձնման արարողության ծախսը փոխհատուցելու համար ևս 50 հազար ԱՄՆ դոլար է հատկացնում «Լույս» հիմնադրամը»: Երեւում ա լավ էլ արարողել են… Էստեղ մի քիչ խառնաշփոթ ստեղծվեց՝ դատախազներն ու գիտնականները միասնական ճակատով սկսեցին նախանձել բոլորին, կառավարությունը, «Փյունիկ»-ն ու «Լույս»-ն էլ տարբեր դրդապատճառներով՝ իրար: Այս դրամատիկ իրադրության մեջ ծնվեց միակ խել-խելացի լուծումը՝ էդ մրցանակները հանձնել արտասահմանցիների… Վտանգը մեծ էր, որ մրցանակները հայ գիտնականներին տալու դեպքում, օդում վխտող նախանձը՝ մտնելով միջանձնական հարթություն, կարող էր ձնագնդի պես մեծանալ եւ դուրս գալ վերահսկողությունից…

Ու հիմա նորմալ ա՝ բոլորը հավասար նեղացած մնացին, մանավանդ դատավորները: Բայց դե սիրուն չի էլի՝ էս 10 տարի գիտնականների թոշակների հավելավճարները չեն տալիս ու էդ գումարներով իրենց՝ իրենց միլիոնանոց աշխատավարձերին հարիր, թոշակ վճարում… Տեսնես է՛լ ու՞մ են նախանձում…Երեւի Բոռնեո կղզու նահանգապետի՞ն…

Գիտնականներին էլ, մեր հարգարժան կառավարությունը խորհուրդ է տալիս կրճատումներ անել ու դրա հաշվին իրենց աշխատավարձերն ավելացնել:

Խե՛լք: Խելքի մարմնացու՛մ: Խելքից պատուհա՛ս… Վայ, կրճատվեք դուք, հա՜…

Միամիտիս էլ թվում էր, թե կասեն՝ «Ա՛յ «Լույս», էդ 50 հազարը, որով մի 2 օրում արարողության հաշիվը փակեցիր, կարող էր 35 հազար ստացող 50 գիտաշխատողի աշխատավարձը մի տարի կրկնապատկել»:

Կամ գոնե պիտի ասած լինեին՝ «Ա՛յ, «Փյունիկ», կարո՞ղ ա դպրոցներին աջակցում ես մի քիչ ու վերջ: Բա գիտությու՞նը: Էդ 300 հազարը հաշիվ չի՝ էդ գնաց դուրս: Հո Ծառուկյանն ու Տաշիրը պա՞րտք չեն գիտությանը, որ մենակ նրանք են բարերարություն անում»:

Իսկ էս մեկը երեւի ասած կլինեն՝ «Էն պահուստային ֆոնդի 200 հազարն ափսոս էր»:

Բայց հո կառավարության ասելով չի: Չեն ուզում բարձրացնեն գիտության հատկացումները՝ մեղքն իրենց վիզը:  Ազգային ժողով կա՜, բան կա՜… Մինչեւ ԱԺ-ն չհաստատի՝ կառավարության ասածները ասնավանի չեն: ԱԺ-ում գիտության ու ահագին ուրիշ հարցերի հանձնաժողով կա՜, բան կա՜… Էդ հանձնաժողովը քննարկում, եզրակացություն է տալիս, հետո ԱԺ-ն ա քննարկում ու որոշում, օրինակ՝ մի 4 անգամ բարձրացնել գիտության ֆինանսավորումը, իսկ կառավարությունը խելոք կատարում ա: Որովհետեւ ԱԺ-ի ասածը օրենք ա… Էդ շատ հարցերի հանձնաժողովի նախագահ պարոն Դավթյանն էլ, (ով նախորդ գումարման ԱԺ-ում էլի էդ հանձնաժողովի նախագահն էր), անցած տարի հանդիպումներ է ունեցել ՊԳՖԱ-ի անդամների հետ ու…ավելի լավ է մեջբերեմ՝

Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում
16 сентябрь 2011 г.

Այսօր, ինչպես նախօրոք տեղեկացվել էր, շատ հետաքրքիր, երեք ժամից ավելի տևած հանդիպում տեղի ունեցավ Ազգային Ժողովում։ Նախորդ հանդիպման ժամանակ նախաձեռնության կողմից ներկայացվել էին 14 առաջարկներ, որոնց շուրջ հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանի և ԳՊԿ նախագահ Սամվել Հարությունյանի մասնակցությամբ ընթացավ համապարփակ քննարկում։ Առաջարկներից շատերին տրվել է ընթացք և դրանք կիրականանան շուտով։

Խնդրեմ… Բայց կներեք, ինչ որ չեմ հիշում, որ առաջարկներից շատերին տրվել է ընթացք և դրանք իրականացել են շուտով։ Դուք հիշու՞մ եք… Այ քեզ բա՜ն… Հիմա էլ, էս մի բյուջեի քննարկումների թեժ ժամանակն ա ու էդ հանձնաժողովից գիտության հարցերով ձեն-ձուն չկա: Շուշան ջան, ձենիդ մեռնեմ, գոնե դու ձեն հանիր (մեր Շուշանն Պետրոսյանն էլ ա հիմա էդ հանձնաժողովի անդամ):

Կարո՞ղ ա կառավարության ասածն ԱԺ-ի համար օրենք ա…

Լավ, ոնց որ հասկացա՝ ԱԺ ընտրությունները նախորդ խոստացածները կտրում են… Դե Զատիկի նմանությամբ (մեր ընտրությունները Զատիկի նման հրաշափառ են ստացվում): Զատիկն էլ քառսունքն ա կտրում, չէ՞…

Բայց ԱԺ-ն ու կառավարությունն էլ են իրար նախանձում, հա՜…

Էս լրիվ հեչ՝ հիմա էլ սպորտսմեններն են սկսել նախանձել գիտնականներին: Ասում են՝ «չեղավ մի անգամ օդանավակայանում իջնենք ու, գիտնականների նման՝ հանգիստ, առանց դիմավորողների, առանց դրոշի ու սիգնալի, առանց զուռնայի ու դհոլի, հասնենք մեր տները»: Նույնիսկ առաջարկ են արել՝ փակե՛լ Ակադեմիան: Սա ընկել ա պատգամավորների ականջը, ու նրանք ԱԺ-ի պատուհանից նայելով Ակադեմիայի շենքին, երազում են այնտեղ տեսնել հյուրանոց՝ ռեստորանով-բանով: Բա ազգընտիր են՝ ինչքա՞ն կարելի է ընդմիջումները բուֆետում անել… Բայց իրենց ասվել ա, որ չոգեւորվեն՝ էդ շենքը 5 տարին մեկ պետք ա, էդ շենքը 5 տարին մեկ շտաբ ա…

Էսպես էլ ապրում ենք՝ խելքի ու նախանձի բեռն ուսներիս:

«Դե փետ է՝ տանում ենք էլի…»:

Էդ խելքն ու նախանձն են պատճառը, որ մի բերան շնորհակալություն չենք հայտնում կառավարությանը՝ նվազագույն աշխատավարձը երկուս ու կես հազար դրամով ավելացնելու համար: Բա սա լկտիություն չի՞…

Է՜հ… Բայց որքա՜ն լավ կլիներ, եթե «հայի հետին խելքը» մերը լիներ ԱՅՍՕՐ…

Հ.Գ. Ռուսաստանում հո ձյու՜ն չի եկել՝ բու՜ք, բորա՜ն…Իսկ մեր մոտ արեւ է ու ոսկեգույն: Հո պատահակա՞ն չի՝ իրենց խելքից ա (գազներս են ուզում թանկացնել)… Էստեղ են ասել՝ «խելքիդ ձյուն գա»…

Հ.Գ.2 Ամերիկա փոթորիկ ա, որովհետեւ Հելոուինի դդումի պես ունայն կարգախոս (յանըմ Իրանը սպառնում է իրենց ազգային անվտանգությանը) ունեցողների կողմը պիտի փչի «քամին ունայնության»… Էդ խելքով էլ ուրիշներին խելք են սովորեցնում…փողո՛վ: Փողն էլ իրենք են տալիս…

Ստեփան Գյոզալյան

Մեկնաբանություններ (2)

բոլոր թոշակառուների անունից
Սպասում էինք, որ թեկուզ չնչին չափով կավելացնեն թոշակները; Չեղավ;Եվ ոչ մի հարգելի պատգամավոր չանհանգստացավ;Ինչու անհանգստանան, բա իշխողները միլիոնանոցկոստյումներ չհագնեն// Բա դրանց կանայք ադամանդների հավաքածուներ չունենան// Բա չէ , մեր երկրի վարկանիշը կընկնի, հենա հիմի թլ նոր դեսպանատներ են բացում, եդ նոր զբոսավայրերում էլ պիտի զվարճանքի փող ունենան, չէ//Թոշակառուները ավել ուտող բերան են, ինչքան շուտ ինքնասպան լինեն կամ ուրիշ կերպ ռադները քաշեն, էնքան լավ;
Արամ
http://www.faceԱյս էջը ստեղծված է գիտության տագնապային վիճակն ահազանգելու համար: Էջի մասնակիցները գիտակցում են, որ Հայաստանի կայուն եւ մրցունակ զարգացումը հնարավոր է միայն եւ միայն գիտության նկատմամբ կառավարության խորը հարգանքի եւ գնահատականի պայմաններում: Խմբի մասնակիցները, որպես առաջին քայլ պահանջում են 1. ՀՀ կառավարությունից անհապաղ, կտրուկ եւ առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճ՝ մոտ ապագայում մինչև ՀՆԱ-ի 2-3%: 2. Գիտնականների եւ ասպիրանտների միջին աշխատավարձի անհապաղ քառապատկում: Մոտ ապագայում միջազգային ցուցանիշների հասցմամբ: book.com/science.and.finance

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter