HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստեղծվում է առողջապահական տեսչություն

ՀՀ առողջապահության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվեց Հայաստանի կառավարության հաստատած «Առողջապահության ոլորտում պետական վերահսկողության և դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրների լուծման ծրագիրը և ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկը»։

«Առաջիկա 6-7 ամիսների ընթացքում այն մեր աշխատանքի ուղեցույցն է լինելու»,- ասաց ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը։

Աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը նշեց, որ առաջին հերթին խնդիր է դրվել լուծում տալ առողջապահության ոլորտում պետական վերահսկողության և դեղորայքային քաղաքականության հիմնախնդիրներին։ Դրանք են առողջապահության ոլորտում պետական վերահսկողության մեխանիզմների և կառուցվածքների անկատարությունը, դեղերի գրանցման մեխանիզմների բարդության ու վերագրանցման մեխանիզմների բացակայության պատճառով դեղերի ֆիզիկական մատչելիությանն առնչող խնդիրները, դեղերի շրջանառության բոլոր փուլերում անվտանգության և որակի ապահովման մեխանիզմների անկատարությունը։

Օրենսդրական դաշտի անկատարության արդյունքում 2000 թ.-ից հետո նախարարությունը դեղերի ոլորտում տեսչական վերահսկողության գործառույթներ չի իրականացրել, ինչի արդյունքում մարդկանց առողջության ու կյանքի համար կարևոր այս ոլորտը դուրս է մնացել պատշաճ վերահսկողությունից։

Բանախոսն ընդգծեց, որ առողջապահության ոլորտում պետական վերահսկողություն իրականացնլու նպատակով նախագահի հանձնարարությամբ ԱՆ հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության բազայի վրա ստեղծվում է առողջապահական տեսչություն նույն հաստիքներով։ Տեսչությունը հանրապետության ողջ տարածքում կապահովի դեղերի, բժշկական օգնության և սպասարկման որակի ու անվտանգության, առողջապահական գովազդի, բուժօգնության պետական պատվերի ծավալների, ֆինանսավորման և նպատակային ծրագրերի կատարման արդյունավետության, դեղերի գների նկատմամբ վերահսկողության, մշտադիտարկման և վերլուծության իրականացումը:

Իսկ մինչ այդ դեղերի շրջանառության նկատմամբ վերահսկողություն կիրականացնի ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը»։ Նախատեսվում է նաև այս կենտրոնի հզորացում։

Դեղերի գների պետական կարգավորման ուղղությամբ նախատեսվում են թե պետական գնումների բաց մրցույցներ, թե անմիջապես արտադրողի հետ բանակցություններ։

Մինչև նոյեմբերի 30-ը կմշակվեն և առողջապահության նախարարի հրամանով կհաստատվեն բուժման սխեմաներ այն հիվանդությունների համար, որոնց առկայության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական, դիսպանսերային և հիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով դեղերը հիվանդներին տրվում են անվճար:

Դեղերի ֆիզիկական և տնտեսական մատչելության ապահովման նպատակով կդյուրացվի դեղերի պետական գրանցման կարգը, կներդրվի դրանց վերագրանցման պարզեցված մեխանիզմ։

Ներկայացվեցին ծրագրով նախատեսված բազմաթիվ այլ քայլեր, որոնք միտված են ինչպես տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման որակի, այնպես էլ դեղերի շրջանառության բոլոր փուլերում դրանց անվտանգության ու որակի ապահովմանը։ Կարևորվեցին նաև պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող 50% և ավելի պետական մասնակցությամբ առևտրային և պետական ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքվող, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին պայմանագրերում նախատեսվող այն դրույթները, որոնք հնարավորություն կնձեռեն վերահսկողություն սահմանել ինչպես գնման գործընթացների կազմակերպման, այնպես էլ բժշկական օգնության և սպասարկման որակի նկատմամբ։ Ավելին, 2013-ի պայմանագրում կամրագրվի տվյալ բուժհաստատությունում բուժաշխատողների նվազագույն աշխատավարձ։

Նախարարությունը լուրջ աշխատանքներ կկատարի պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման ուղղությամբ։

Կոլեգիայի անդամները հանդես եկան նաև առաջարկություններով։ Արա Մինասյանը կարևորեց մարզային առողջապահական ցանցի օպտիմալացման և սանավիացիայի վերականգնման հարցերը։ Որոշվեց երկու հարցն էլ ընդգրկել նախարարության ծրագրում։

Դերենիկ Դումանյանը հավելեց, որ մինչ առողջապահական տեսչությունը կսկսի իր աշխատանքները, նախարարությունը ողջ հանրապետությունում լուրջ ուսումնասիրություններ է իրականացնում բոլոր ոլորտներում։

«Մենք ժամանակ չունենք և համատեղ ուժերով պիտի լծվենք համակարգի առջև ծառացած խնդիրները լուծելուն։ Կոլեգիայի այս նիստին մասնակցում են նաև մարզպետարանների առողջապահության բաժինների պետերը և Երևանի քաղաքապետարանի նորանշանակ վարչության պետը։ Նրանք տեղերում կներկայացնեն մեր այս ծրագիրը։ Երևանը մեր ամենաշատ բուժհաստատություններով համալրված կենտրոնն է, և բարեփոխումների շունչն ամենաշատը մայրաքաղաքում պիտի զգացվի»,- ասաց Դերենիկ Դումանյանը։

Կոլեգիան հավանության արժանացրեց ներկայացված ծրագիրը և հանձնարարեց կազմել հստակ ժամանակացույց ու պատասխանատուներ՝ այն իրականացնելու համար։

Օրակարգում նաև «ՄԻԱՎ/ՁԻԱՀ ներկայի իրավիճակային վերլուծություն և 2012-2015թթ. նոր ազգային ծրագրի ընդունում» հարցն էր։ Կոլեգիան այն ընդունեց։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter