2012 թ. առաջին կիսամյակում կրթության մասնաբաժինը ՀՆԱ-ի արտադրությունում կազմել է 33 մլրդ դրամ
Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Ի կատարումն վարչապետի հանձնարարության կառավարության նիստում ոլորտի հարկային պարտավորությունների կատարման և տնտեսական աճի ներուժի մասին հաշվետվությամբ հանդես է եկել կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Նա նշել է, որ կրթության մասնաբաժինը ՀՆԱ-ի արտադրությունում 2012 թ. առաջին կիսամյակում կազմել է 32.657 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի 30.289 մլրդ դրամի դիմաց։ Բուհերից 12-ը խոշոր հարկատու է և մշտական տեղ է զբաղեցնում Հայաստանի 100 հարկ վճարողների ցանկում։
Առաջիկա տարիներին նախատեսվում է կրթության ոլորտի տնտեսական աճի ներուժի և հարկման ենթակա եկամտի ավելացման համար ձեռնարկել մի շարք միջոցներ, մասնավորապես, ընդլայնել մատուցվող ծառայությունների ծավալը և բարելավել որակը, մեծացնել բուհերի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հնարավորությունները և այլն։
Կառավարության այսօրվա որոշմամբ ավելի քան 780 մլն դրամ է հատկացվել 2012 թ. հանրակրթական դպրոցներում կրթական ծրագրերի իրականացման գծով պարտքեր չառաջացնելու համար։ Միևնույն ժամանակ ընթացիկ տարում սովորողների թվաքանակի փոփոխության հետևանքով կրթության ոլորտի ծախսը նվազեցվել է ավելի քան 690 մլն դրամով, որն ուղղվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել