
Տիգրան Արզաքանցյանի «առողջապահական կուրսերը» Փարիզում
Lրագրողների հարցին, թե ինչու չի մասնակցում խորհրդարանի աշխատանքներին, Տիգրան Արզաքանցյանը պատասխանել է` հիվանդ եմ, ու միաժամանակ թվել մի քանի երկրների անուններ, որտեղ «անցկացնում է բուժման կուրսեր»:
Բայց Տիգրան Արզաքանցյանին ավելի շատ կարելի է հանդիպել ոչ թե առողջապահական, այլ ուրիշ հաստատություններում` կազինոներ, գիշերային եւ այլ ակումբներ: Չի բացառվում, որ բժիշկները հենց նման դեղատոմս են տվել ԱԺ պատգամավորին: Ներկայացնենք մի քանի այլ փաստեր պատգամավորի փարիզյան կյանքից եւ ունեցվածքից, որոնց մասին նա չի նշել ՀՀ պետեկամուտների կոմիտեին հանձնված` տարբեր տարիների հայտարարագրերում:
Marnes-la-Coquette-ը, որտեղ գտնվում է Տ. Արզաքանցյանի առանձնատունը, փարիզամերձ փոքրիկ քաղաք է: Ֆրանսիայի Վիճակագրական եւ տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի տվյալներով` այն շատ թանկ թաղամաս է: Տ. Արզաքանցյանի առանձնատունը գտնվում է քաղաքի այն հատվածում, որը կոչվում է «Parc prive de Marnes» (ֆրանսերենից թարգմանաբար` Մարնի մասնավոր զբոսայգի): Այստեղ են գտնվում Քաթարի էմիրի, ֆրանսիացի հայտնի երգիչ Ջոնի Հոլիդեի եւ այլ հանրահայտ մարդկանց առանձնատները:
Ըստ Ֆրանսիայի կադաստրի ռեգիստրում առկա տվյալների` նույնատիպ մի առանձնատան հողատարածքը 4240 քմ է, առանձնատան առաջին հարկի տարածքը` 197 քմ:
Դա նշանակում է, որ եռահարկ առանձնատունը զբաղեցնում է մոտ 570 քմ տարածք: Այս առանձնատան արժեքը գնահատված է 7,6 մլն եվրո: Հայցում ենք ընթերցողների եւ Տիգրան Արզաքանցյանի ներողամտությունը նախկինում առանձնատան արժեքը ցածր ներկայացնելու համար:
Ինչպես արդեն նշել ենք, Տիգրան Արզաքանցյանն իր բիզնեսը ձեւակերպել է նաեւ կնոջ անունով: Առայժմ այդ ձեռնարկությունների անվանումները չենք հրապարակում` սպասելով պատգամավորի` «Հետքի» ներկայացրած փաստերը հերքելու «խոստումին»:
Իսկ Տիգրան Արզաքանցյանի փարիզյան բոհեմական կյանքի մասին կարելի է պատկերացում կազմել այս նկարից, որն արվել է Փարիզի հանրահայտ «Espace Cardin» ակումբում:
Լուսանկարում Արզաքանցյանը ռուս դիզայներ Ալյոնա Վոլսկայայի հետ է: Այս երեկոյի ընթացքում մասնակիցներին հյուրասիրել են Ֆրանսիայում Արզաքանցյանին պատկանող կոնյակի գործարանի կոնյակը:
Մեկնաբանություններ (17)
Մեկնաբանել