
Պատգամավորը պահանջում է դադարեցնել ՏԻՄ և պետական շենքերի անօրինական օգտագործումը ՀՀԿ-ի կողմից
Այսօր ՀՀ նախագահին և վարչապետին դիմում է հղել Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը՝ խնդրելով հարգել Հայաստանի Հանրապետության օրենքները և վերացնել ՀՀԿ-ի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող շենքերի անօրինական օգտագործումը:
Սեպտեմբերի 13-ին Զ.Փոստանջյանը պատգամավորական հարցում էր հղել վարչապետին՝ խնդրելով տեղեկացնել.
1. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի՝ քաղաքապետարանների, թաղապետարանների, գյուղապետարանների, մշակույթի տների և այլն ո՞ր տարածքներն են (տարածքի գտնվելու հասցեն) վարձակալությամբ կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել ՀՀԿ-ին:
2. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների զբաղեցրած շենքերի՝ քաղաքապետարանների, թաղապետարանների, գյուղապետարանների, մշակույթի տների և այլն, ո՞ր տարածքներն են վարձակալվում կամ անհատույց օգտագործվում ՀՀԿ-ի ցուցապաստառները, դրոշները, պատկերանշանը տեղադրելու համար:
Կառավարությունից պատասխանել էին, որ ՀՀԿ-ին տրամադրված տարածքների ցանկը, ըստ գտնվելու վայրի, 5-ն է՝ երկուսը Երևանում, երկուսը Արագածոտնի մարզի Թալին ու Ծաղկահովիտ համայնքներում և մեկը՝ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:
Կառավարությունն իր պատասխանով հայտնել է նաև, որ ՀՀԿ-ի կողմից ցուցապաստառներ, դրոշներ, պատկերանշաններ տեղադրելու համար վարձակալված կամ անհատույց օգտագործման տրամադրված պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող տարածքներ չկան:
«Իրականում ՀՀԿ-ի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին պատկանող շենքերի և հանրային տարածքների անօրինական օգտագործումը համատարած է և անհերքելի (տես սույն դիմումին կից լուսանկարները): Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հորդորում և պահանջում եմ անհապաղ վերացնել ապօրինությունները, այլապես ստիպված եմ լինելու ծանրաբեռնել դատական համակարգը՝ Ձեր կողմից ղեկավարվող կուսակցության անօրինական գործունեության դեմ դատական հայց ներկայացնելով»,- նշված է Զ.Փոստանջյանի նամակում:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել