
ԱՄՆ դեսպանատունը հետևում է Էդմոնդ Խուդյանի գործին
Հայաստանում միլիոնավոր դոլարների կորուստներ կրած ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի կողմից այս տարվա հոկտեմբերի 25-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին հասցեագրված նամակին այսօր արձագանքել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:
Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձառենությանն ուղարկված նամակում ԱՄՆ դեսպանատնից հավաստիացնում են, որ իրենք հետևում են սփյուռքահայ ներդրող Էդմոնդ Խուդյանի գործով դատաքննությանը:
«Մենք հետևում ենք դատաքննությանը և մտահոգված ենք անօրիանական ֆինանսական գործարքների վերաբերյալ բոլոր այն պնդումներով, որոնք որոնք կարող են վնասել ԱՄն քաղաքացիներին»,- նշված է նամակում:
Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանին ուղարկված նամակում սփյուռքահայ գործարարը հայտնել էր, որ Հայաստանում գործ ունի սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործություններում մասնագիտակցված, հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և/կամ նրանց հարազատների հովանավորչությունը վայելող և անպատժելիության «բարենպաստ» պայմաններում գործող մի արհեստավարժ խմբի հետ, որն առ այսօր շարունակում է իր գործունեությունը:
Այդ իսկ պատճառով Պետական եկամուտների կոմիտեի ավագ քննիչը, գործող դատախազն ու վարչության պետը և նրանց ղեկավարությունը հանցագործներին պաշտպանության տակ են առել, և օրենքը անզոր է նրանց բոլորի դեմ:
«Նրանց արդեն քաջ հայտնի են և գործող անձանց շրջանակը, և չվճարված հարկերը, և խարդախության փաստերը, սակայն վերևների ազդեցության տակ մոտ 2 տարի շարունակ այս գործը միտումնավոր ձգձգվում է: Հանցավոր գործունեությամբ պետությանը պատճառված $1.5 միլիոն դոլարի վնասը վերականգնելու ուղղությամբ բացառապես ոչինչ չի արվում: Ավելին, քրեական գործի ընթացքում վերջերս հանցագործ խմբին հնարավորություն տրվեց ընկերությունից յուրացնել մի խումբ սփյուռքահայերի պատկանող $2,000,000 ԱՄՆ դոլար արժողության վերջին տարածքները: Իմ դատական նիստերին պարբերաբար ներկա են գտնվել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները և նրանց ևս հայտնի է որոշ մանրամասնություններ, առաջարկում եմ խոսել նրանց հետ և հետևություններ անել թե Հայաստանում իրավական մարմինները ինչ գործառույթ են իրականացնում և ինչպես են աշխատում»,- հայտնել էր Էդմոն Խուդյանը:
Սփյուռքահայ գործարարը նաև դեսպանին տեղյակ էր պահել, որ ICSID կոնվենցիայի և UNICITIRAL արբիտրաժային կանոնների հիման վրա միջոցներ են ձեռնարկվում այս դատը ԱՄՆ տեղափոխելու և Հայաստանի Հանրապետության դեմ դատական գործ հարուցելու ուղղությամբ: «Ցավում եմ նման որոշման համար, սակայն այլ ելք չկա, ՀՀ արդարադատությունը չի գործում, և ես անզոր եմ կոռուպցիայի դեմ պայքարելու հարցում»,- հայտնել էր ամերիկահայ գործարարը:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել