
«Ես մարմնավաճառությամբ զբաղվել, փողն ուղարկել եմ, օր ընտանիքս ապրի». տուժող Հ. Մ.
Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում շարունակվեց Գյումրիի բնակչուհի Հ. Մ.-ին Թուրքիայի Տրապիզոն քաղաքում սեռական թրաֆիքինգի ենթարկելու մեղադրանքով հերթական դատական նիստը: Գործում եղած ապացույցները հետազոտելուց հետո ամբաստանյալների փաստաբանները հանդես եկան միջնորդություններով: Ամբաստանյալ Նարինե Մ.-ի փաստաբան Մամիկոն Մուրադյանը միջնորդեց դատարանին ստուգել Գյումրիի բոլոր բանկերը՝տուժողի ուղարկած գումարի չափը հստակեցնելու նպատակով:
Մամիկոն Մուրադյանի տեղեկություններով տուժող Հ. Մ.-ն ոչ թե 1000, այլ 10.000 ԱՄՆ դոլար է ուղարկել, իսկ դա նշանակում է, որ գումարային կախվածություն չի ունեցել ամբաստանյալ Սուսաննա Մ.-ից, ում պարտք է 7500 ԱՄՆ դոլար: Բացի դրանից՝ Հ. Մ.-ն գումարներ ուղարկելիս օգտվել է թուրք ընկերոջ օգնությունից և փաստորեն, միշտ չէ, որ գումարներն ուղարկել է իր անունով:
«Ես համոզված եմ, որ տուժողը դիտմամբ է բողոքել: Նրա նպատակը մեկն է՝ հետ չվերադարձնել պարտք գումարը: Այդ փաստի օգտին է խոսում նաև նրա արտաքսման պատմությունը: Փաստորեն, տուժողը դիտմամբ է անձնագիրը թողել հյուրանոցի համարում, որ ոստիկանները խուզարկության ժամանակ հայտնաբերեն և իրեն արտաքսեն: Երեք ամիս շարունակ տուժողը, ունենալով ազատ տեղաշարժի հնարավորություն, կարողացել է ոչ միայն վիզայի համար գնալ Բաթումի և հետ վերադառնալ, այլև գումարներ ուղարկել Հայաստան, իսկ սա նշանակում է, որ նա նաև ցանկացած պահի հետ վերադառնալու հնարավորություն է ունեցել»,- ասաց փաստաբանը:
Տուժողը հայտարարեց, որ փող ուղարկել է միայն «Ինեկոբանկի» միջոցով: «Ես մարմնավաճառությամբ զբաղվել, փողն ուղարկել եմ, օր ընտանիքս ապրի: Ես ընդեղ մարմնավաճառությամբ զբաղվել եմ ոչ էն բանի համար, օր «Դոկտորի» աղջիկն էդ փողն ուտեր»,- հայտարարեց տուժող Հ. Մ.-ն:
Մեղադրող կողմն առարկեց միջնորդությանը՝ նշելով, թե դա ժամանակի արհեստական ձգձգում է: Իրականում տուժողը չի ժխտել, որ գումարներ է ուղարկել, իսկ չափն այստեղ նշանակություն չունի: Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավոր Է. Մանուկյանը մերժեց փաստաբանի միջնորդությունը՝ վերջինիս խորհուրդ տալով իր գնահատականը տալ և դիրքորոշումը հայտնել վիճաբանության փուլում: Դատավորը մերժեց նաև վկաների կրկնակի հարցաքննության միջնորդությունը:
Սուսաննա Մ.-ի փաստաբան Մելանյա Սարգսյանը ևս միջնորդություն ներկայացրեց, որ վերաբերում էր իր վստահորդի առողջական խնդիրներին և նրա նկատմամբ հարուցված դատական գործը կարճելուն: Փաստաբանը 2 շաբաթ ժամանակ խնդրեց գործի հետ կապված նոր ապացույցներ ներկայացնելու և պաշտպանական ճառին պատրաստվելու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 15-ին:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել