Ի՞նչ է կատարվում «ՀայՓոստ»-ում
«Հայփոստի» կառավարման իրավունքը ստանձնած «Հայփոստ թրաստ մենեջմենթ»-ը դադարեցրե՞լ է գործունեությունը
«Հայփոստի» կառավարման իրավունքը ստանձնած «Հայփոստ թրաստ մենեջմենթ» ընկերությունը, որը գրանցված է Հոլանդիայում, հոկտեմբերի 3-ից դադարեցրել է գործունեությունը: Ամստերդամի առևտրաարդյունաբերական պալատում, որտեղ ընկերությունը գրանցված էր, հենց այդպես էլ նշվում է` «գործունեությունը դադարեցված է»:
Հիշեցնենք, որ 2006 թ. ՀՀ կառավարությունը «Հայփոստի» կառավարման իրավունքը 5 տարով փոխանցել էր հոլանդական «Հայփոստ թրաստ մենեջմենթ» (HayPost Trust Management) ընկերությանը, և այս տարի ընկերությունը երկարացրել է պայմանագիրը կառավարության հետ:
Արդյոք ընկերության` պետռեգիստրի գրանցումից դուրս գալը նշանակում է, որ իրավաբանական անձը, որը ստորագրել և երկարաձգել է հավատարմագրային կառավարման պայմանագիրը ՀՀ կառավարության հետ, այլեւս գոյություն չունի, եւ, հետեւաբար, այլևս չկա հավատարմագրային կառավարիչ: Այս հարցի պարզաբանման համար դիմեցինք ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն: Պարզվեց՝ նախարարությունն այս մասին տեղյակ չէ: Մեր հարցմանն ի պատասխան՝ տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնել է, որ «Հայփոստ թրասթ մենեջմենթ» ՓԲԸ-ի՝ Ամստերդամի առևտրաարդյունաբերական պալատի, ինչպես նաև Հոլանդիայի պետռեգիստրի գրանցումից դուրս գալու մասին պաշտոնական պարզաբանում ստանալու համար նախարարությունը համապատասխան հարցումներ է կատարել պատկան մարմիններին։ Արդյունքների մասին նախարարությունը խոստանում է լրացուցիչ տեղեկացնել։
«ՀայՓոստի» հանրային կապերի պատասխանատու Գևորգ Աբրահամյանն էլ ասաց, թե ընկերությունը հասցեն է փոխում, և այս օրերին ընթանում է հասցեափոխության գործընթացը: Մամուլի պատասխանատուն էլ խոստացավ նոր հասցեի մասին լրացուցիչ տեղյակություններ տրամադրել հասցեափոխության ավարտից հետո:
Հետաքրքիրն այն է, որ ընկերությունն այս տարվա սեպտեմբերի 11-ին ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել, իսկ հոկտեմբերի 3-ին դադարեցրել է գործունեությունը: Թե ինչ կապ ունի հասցեի փոփոխությունը գործունեության դադարեցման հետ, «ՀայՓոստից» այդպես էլ չկարողացանք ճշտել: Մնում է սպասել տրանսպորտի և կապի նախարարության պատասխանին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել