
«Դրուժբաները» Ջիլիզայում «ոռնում» են. անտառը զանգվածաբար հատվում է (ֆոտո եւ վիդեո)
Սահմանամերձ Ջիլիզայի ստրատեգիական նշանակության անտառները երեկ եւս զանգվածաբար ոչնչացվում էին: Ջիլիզայի 15 հազար հա անտառները գտնվում են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ջիլիզայի» անտառտնտեսության, իսկ 4 հազար հեկտարը` «Լալվարի» անտառտնտեսության վերահսկողության ներքո:
Ջիլիզայի անտառների անցուդարձին «Հետքը» անդրադարձել է նաև անցյալ տարի՝ «Զանգվածային անտառահատումներ Ջիլիզայում» հրապարակմամբ: Հոդվածից հետո հետևություններ անելու փոխարեն «Ջիլիզայի» անտառտնտեսության տնօրեն Արամ Բարոյանը փորձեց լրագրողիս բան հասկացնել քաղաքի հեղինակությունների միջոցով: Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանի հանձնարարությամբ էլ ոստիկանության Թումանյանի բաժնի աշխատակիցները, ի վերջո, որոշեցին քրեական գործ չհարուցել:
Այսուհետ, ըստ երեւույթին, Ջիլիզայի անտառների ոչնչացումը ավելի ցինիկ և բացահայտ բնույթ է ստացել: Երեկ Ջիլիզայի աշնանային երփներանգ անտառների ողջ տարածքում «ոռնում» էին «դրուժբաները», իսկ անտառների փեշերին կանգնած էին փայտով բեռնվելուն սպասող դատարկ կամ կիսադատարկ բեռնատարները:
Մադան- Ջիլիզա ճանապարհահատվածի առաջին կիլոմետրի վրա կանգնած 38 OL 590 համարանիշով բեռնատարը ժամը 12-ի սահմաններում սպասում էր բեռնման: Ավտոմեքենայից վերև՝ բարձրադիր լեռնալանջին, աշխատում էր ծառահատող մեքենան: Հաղթահարելով վերելքը՝ հայտնվեցի ծառահատների մոտ: Նրանք Սանահին գյուղի մի քանի գյուղացիներ էին, ովքեր ծառահատման վայրից մանրացված գերանները գլորում էին բեռնատարի ուղղությամբ՝ վտանգավոր դրություն ստեղծելով ճանապարհով երթևեկող ավտոմեքենաների համար:
Ծառահատներն ասացին, որ տարածքը պատկանում է «Լալվար» անտառտնտեսությանը: Իսկ ներքեւում կանգնած բեռնատարի մասին էլ ասացին, թե «խափան մեքենա է, տերը բերել է էդտեղ կանգնացել»:
Ի վերջո, պարզեցինք, որ բեռնատարը պատկանում է «սանահնեցի Հրաչոյին», որը նույնպես ծառահատների հետ էր: Վերջիններս ինչպես անտառում աշխատելու, այնպես էլ փայտ տեղափոխելու իրավունք, դրա մասին հավաստող փաստաթուղթ չունեին:
Հաջորդ մեքենան, որին հանդիպեցինք, 05 SL 042 համարանիշով բեռնատարն էր: Ավտոմեքենայի վարորդը՝ Ալավերդու Մադան թաղամասի բնակիչ Ալիկ Ասլանովը, ասաց, որ ունի համապատասխան փաստաթուղթ: Նա վազելով մտավ ավտոմեքենայի խցիկ և վերադառնալով ասաց՝ «չտվին»: Թե ո՞վ «չտվեց», Ալիկն այդպես էլ չասաց, սակայն հետո ավելացրեց, որ փաստաթուղթը Շամլուղից ստանալու է ավտոն բեռնելուց հետո: Ուշ երեկոյան, երբ վերադառնում էինք Ջիլիզայից, Ալիկ Ասլանովը ավտոմեքենայի մոտ իր վառած կրակի մոտ տաքանում և սպասում էր փայտին:
Շարժվելով Ջիլիզա՝ հանդիպեցինք անտառի եզրին կանգնած 06 OS 375 կապույտ ծածկով բեռնատարի: Ավտոմեքենայի տերը չափազանց էմոցիոնալ ընդունեց մեր խնդրանքը՝ ցույց տալ անտառից փայտ տեղափոխելու օրինականությունը հավաստող փաստաթուղթ: Նա ազգանունը չասաց ու ներկայացավ, ինչպես հետո պարզվեց, ուրիշի անվամբ: Սակայն խոսքի մեջ նշեց, որ փայտի գինը վճարել է: Չի բացառվում, որ երիտասարդ ծառահատը հենց այդ պատճառով էլ հայտնվեց նյարդային վիճակում:
Ջիլիզայի մուտքի մոտ «Հետքին» ավելի տխուր տեսարան էր սպասում: Առողջ ծառերի մի քանի հսկա փայտակույտեր փռված էին գյուղի ճանապարհին: Ջիլիզայի գյուղապետ Մհեր Վարդանյանն ասաց՝ «երևի թափված փայտը օրինական է կտրված»: Նրա խոսքով՝ դեռևս գյուղի դպրոցի ջեռուցման փայտը չեն տրամադրել:
Ջիլիզայի անտառներում շարունակում էին «ոռնալ» ծառահատող «դրուժբաները», իսկ անտառի պատասխանատուներին այդպես էլ չհանդիպեցինք:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել