
Ուկրաինայում մեծամասնական ընտրակարգը հաղթեց ժողովրդավարությանը
Հոկտեմբերի 28-ին Ուկրաինայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Մինչ երկրի իշխանությունները շտապում էին պնդել, որ դեմոկրատական ընտրություններ են անցկացրել, ընդդիմությունը և ԵԱՀԿ-ն հայտարարում էին հակառակը:
Գործը հասավ նրան, որ ընդդիմադիր «Բատկիվշինա» դաշինքի ղեկավար` այժմ ազատազրկված Յուլիա Տիմոշենկոն հացադուլ հայտարարեց, իսկ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարը հայտարարեց, որ ընտրությունները «մեկ քայլ հետ էին»:
Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ ուկրաինական «մեկ քայլ հետ» ընտրությունները ավելի ժողովրդավար էին, քան հայկական «մեկ քայլ առաջ»-ները` եկեք դիտարկենք ընտրությունների արձանագրած արդյունքները:
Ուկրաինայի խորհրդարանը` Գերագույն Ռադան, կազմվում է խառը ընտրակարգով: 450 պատգամավորների կեսը (225-ը) ընտրվում է համամասնական ընտրակարգով, կեսն էլ` մեծամասնականով: Ընտրություններին մասնակցած 5 հիմնական (և անցողիկ 5 տոկոսանոց շեմը հաղթահարած) քաղաքական ուժերի ձայները բաշխվեցին հետևյալ կերպ`
Ռեգիոնների կուսակցություն – 30.0 %
«Բատկիվշինա» – 25.5 %
Վիտալի Կլիչկոյի «ՈւԴԱՌ» – 14.0 %
Կոմունիստական կուսակցություն – 13.2 %
«Ազատություն» ազգայնական դաշինք – 10.4 %
Եթե հաշվի առնենք, որ Կոմունիստական կուսակցությունը դաշինք է կազմելու երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչի Ռեգիոնների կուսակցության հետ, և նման պայմանավորվածություն են ձեռք բերել նաև ընդդիմադիր «Բատկիվշինան», «ՈւԴԱՌ»-ը և «Ազատություն»-ը, ապա ստացվում է, որ իշխանական կուսակցությունների հավաքած 43.2% (104 մանդատ) ձայների դիմաց ընդդիմությունը ունի 49.9 % ձայն (121 մանդատ):
Այսինքն, Ուկրաինայի ժողովրդի մեծամասնությունը իր ձայնը միարժեքորեն տվել է ընդդիմությանը (և դա այդես է նույնիսկ կեղծիքների ֆոնի վրա) և, տրամաբանորեն, երկրում պետք է տեղի ունենար իշխանափոխություն, եթե…
Մանդատներ իշխանության գրպանում
Հայաստանում Ազգային Ժողովի վերջին ընտրություններին նախորդող ամիսներին ակտիվորեն քննարկվում էր 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու՝ ընդդիմության առաջարկը: Ընդդիմադիրները ասում էին, որ քանի դեռ կա մեծամասնական ընտրակարգը, իշխանությունը գնում է ընտրությունների «41 մանդատ գրպանում դրած»: Պարզվում է, որ հայ ընդդիմադիրները ճիշտ էին: Ուկրաինայում, ուր մեծամասնական թեկնածուները, ովքեր (ինչպես և մեր երկրում) հիմնականում քաղաքականությունից հեռու են, իշխանության համակրանքը վայելող տեղական հեղինակություններ են, փաստացի կարողացան փրկել իշխանություններին ժողովրդավարությամբ թելադրված իշխանափոխությունից:
Ուկրաինայի 225 ընտրատարածքներում մեծամասնական թեկնածուների հաղթանակը բաշխվեց հետևյալ կերպ`
Ռեգիոնների կուսակցություն – 114 մանդատ
«Բատկիվշինա» – 43 մանդատ
Վիտալի Կլիչկոի «ՈւԴԱՌ» – 6 մանդատ
Կոմունիստական Կուսակցություն – 0 մանդատ
«Ազատություն» ազգայնական դաշինք – 12 մանդատ
Ինքնաառաջադրված – 43 մանդատ
Այլ կուսակցություններ – 7 մանդատ
Այսպիսով, ընդդիմադիր ուժերի 61 մեծամասնական պատգամավորների դիմաց իշխանությունը կունենա առնվազն 114 պատգամավոր (գումարած շուրջ 3 տասնյակ ինքնաառաջադրվածները):
Այսինքն, իշխանությունն այս երկրում նույնիսկ ընտրակեղծիքներից հետո հավաքելով ավելի քիչ ձայն, քան ընդդիմությունը, Գերագույն Ռադայում կունենա ավելի քան 218 պատգամավոր ընդդիմության 182 պատգամավորների դիմաց:
Այսպիսով, ի հեճուկս Ուկրաինայի ժողովրդի մեծամասնության` ընտրությունների արդյունքներով արձանագրված իշխանափոխություն իրականացնելու ցանկությանը, գործող իշխանություններին հաջողվեց խուսափել դրանից:
Հ.Գ. Միգուցե հիմա լավագույն ժամանակաշրջանը չէ Հայաստանում խորհրդարանի ձևավորման ընտրակարգերի քննարկման համար, սակայն դժվար է գտնել բերվածից ավելի լավ օրինակ, որով ցույց կտրվի մեծամասնական ընտրակարգի և ժողովրդի կամարտահայտման իրավունքի ապահովման անհամատեղելիությունը:
Մեկնաբանել