Զորացրված երիտասարդները բուհում սովորելու ավելի մեծ հնարավորություն կունենան
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում անդրադարձել է բանակից վերադարձած երիտասարդների պետպատվերով անվճար ուսմանը բուհերում։ «Դա մեր բուհական բարեփոխման պետական քաղաքականության առանցքներից է: Հանրապետության նախագահի հանձնարարականով մենք երեք տարի է, ինչ սկսել ենք այս ռեֆորմը, որի նպատակն է մեր ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը բուհական համակարգին պատվեր իջեցնելիս, և որ հասկանալի լինի, թե ում համար է այդ պետպատվերը»,- ասել է Տիգրան Սարգսյանը։
Նրա խոսքերով` պետության ռազմավարության առաջին կետն էր օժանդակել սոցիալապես անապահով խավերին։ Երկրորդ` բանակում ծառայելուց հետո բուհ ընդունված երիտասարդները նույնպես պետք է օգտվեն այս հնարավորությունից։ Տիգրան Սարգսյանի բնորոշմամբ` այսօր արդեն այս պրակտիկան կիրառվում է, ստանում հանրության դրական արձագանքը ու նաև խթանում, որ երիտասարդները ծառայեն բանակում, որից հետո հնարավորություն ունենան շարունակելու իրենց կրթությունը:
«Կարծում եմ, որ արձագանքելով հանրության դրական վերաբերմունքին` անհրաժեշտ է մեր ֆինանսական ռեզերվներից միջոցներ հայթայթել և ուղղել այդ պատվերն ավելացնելուն։ Եթե մենք կարողանանք բանակում ծառայած ավելի շատ երիտասարդների ներգրավել, ապա դա ճիշտ կլինի»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Ի պատասխան վարչապետի հարցադրման` ՀՀ կրթության և գիտության նախարարը հավաստիացրել է, որ պետպատվերով տեղերի թիվը հնարավոր կլինի ավելացնել 20-25 տոկոսով:
Լուսանկարը` mil.am-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել