HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

6-րդ վարչության ստուգումներից հետո վերականգնել են 5 մլն 697 հազար դրամ

Մայիսի 16-ի` «6-րդ վարչությունը ստուգումներ է սկսել. որտեղ է Թեղուտի վառելափայտը» հրապարակումից հետո մի խումբ շնողցիներ «Հետքին» տեղեկացրին, որ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարության կողմից հաստատված 357 հա անտառներից մինչ օրս իրականացված հատումների` վառելափայտի և շինափայտի արտադրությունը և դրանցից սպասվող ֆինանսական հոսքերը եղել են  անվերահսկելի:

Նրանք մատնանշում էին, որ 62 հա զանգվածային հատված անտառներից  արտադրված 12 000 խմ վառելափայտը հատված անտառի իրական քանակը չէ:

Շնողցիները համոզված էին, որ անցած ժամանակաշրջանում Թեղուտի անտառահատումների շատ ավելի մեծ յուրացումներ  են  կատարել, որի համեմատ 6-րդ վարչության բացահայտումը  ընդամենը կաթիլ է ծովում. «Էն, որ հոդվածում «Կարաստ» ՍՊԸ-ի նախագահ և «Լալվար» անտառտնտեսության տնօրեն Կամո Շահնազարյանը պահեստապետ Վարդան Մաշինյանին ասում է. «Էդ փետը ես կստեղծեմ, քո գործը չի»,  էդ հենց էնպես չի ասում, էն Կամոն ինքը գիտի, որ անտառում էնքան թաքցրած փետ ունի, որ 700 չէ, 7000 խմ փետ լրացնելն էլ իրա համար խնդիր չի»,- ասաց շնողցիներից մեկը, ով խնդրեց չհրապարակել իր անունը:

«Լալվար» անտառտնտեսության «Հետքի» աղբյուրն էլ հայտնեց, որ հատվող անտառների 1 քմ տարածքի հատման համար «Թեղուտ» ՓԲԸ-ն «Կարաստ» ՍՊԸ-ին վճարում է 8500 դրամ: Ծախսերի մասին մեր հարցմանը «Կարաստ»ՍՊԸ-ի հաշվապահ Նորիկ Գևորգյանը հայտնեց, որ ընկերությունը 1420 դրամը վճարում է  ավելացված արժեքի հարկ, 1 խմ փայտի հաշվով տրանսպորտային ծախսերի համար նախատեսում է 1800 դրամ, աշխատավարձի համար` 3900 դրամ, այլ ծախսերի համար` 500 դրամ, շահույթը կազմում է 880 դրամ: «Այլ ծախսերի մասով գումարներից վճարում ենք ՍՊԸ-ի նախագահ Կամո Շահնազարյանի աշխատավարձը, կատարում ենք հաշվապահական և այլ ծախսերը»,-ասաց Նորիկ Գեւորգյանը: Այլ ծախսերը 62 հա անտառից արտադրված 12 հազար խմ փայտի դեպքում կազմում է 6 մլն դրամ:

Հաշվապահ Նորիկ Գևորգյանը «Հետքին» չկարողացավ հայտնել այլ  ծախերի հոդվածով տարեկան նախատեսված գումարը. «Ես չեմ կարող ասել այդ գումարները, ես առաջին տարին է, որ «Կարաստ» ՍՊԸ-ում հաշվապահ եմ աշխատում, հաշվապահական փաստաթղթերն ինձ մոտ չեն»,- ասաց նա:

Ասենք որ, ՀՀ կառավարության 2007թ.-ի թիվ 1278-Ն որոշմամբ ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարված է  վերահսկողություն իրականացնել անտառային ծածկույթի հատման ժամանակացույցի պահպանման և աշխատանքների իրականացման նկատմամբ: ՀՀ գյուղնախարարին հանձնարաված է անտառի հատումներից բնափայտի իրացումից գոյացած միջոցներն ուղղել անտառավերականգնման պլաններով նախատեսված համալիր միջոցառումների իրականացմանը: Որոշման մեջ զանգվածային հատման ենթակա 357 հա  անտառների հատումների  ֆինանսական հոսքերի նկատմամբ վերահսկողական հանձարականներ չեն սահմանված:  

«Հետքին» պարզաբանումներ տվեց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը:

Թեղուտի ծրագրով նախատեսված անտառահատումների վառելափայտից   յուրացումներ են արձանագրվել: Ի՞նչ զարգացումներ են եղել այս բացահայտումներից հետո:

Քրեական գործը հարուցված է, ինչքան ես գիտեմ` քննությունը գնում է: Քննությունը պետք է ասի` ինչ է կատարվել այնտեղ:

Ինչպե՞ս են իրականացվում անտառահատումները:

«Թեղուտ» ՓԲԸ-ն  նամակով դիմում է մեզ և բնապահպանության նախարարությանը,  որ իրենց կողմից նշված տարածքի վրա անտառահատում լինի, և պահանջված ժամկետում պետք է տարածքը մաքուր լինի: Տեղեկացնելուց հետո տեղում ցույց են տալիս կոնկրետ տարածքը, «Լալվար» անտառտնտեսությունը կնքում է հատվող ծառերը, բնապահպանական տեսչությունը ստուգում է, «Հայանտառից» գնում են նայում,  հետո կտրվում է: Կտրելուց հետո փայտը  իջեցնում են ներքև, հանձնում են մեզ, մենք վաճառում ենք:

Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Թեղուտի հանքավայրի շահագործման նպատակով կատարվող անտառահատումների ամբողջ աշխատանքները հանձնարաված է մեկ մարդու` «Լալվար» անտառտնտեսության տնօրեն և «Կարաստ» ՍՊԸ-ի նախագահ Կամո Շահնազարյանին:

Ինչքան ես գիտեմ «Թեղուտ» ՓԲԸ-ն մրցույթ է հայտարարել, շահել է Կամո Շահնազարյանին պատկանող կազմակերպությունը: Այդ ժամանակ մեր տնօրենը` Կամո Շահնազարյանը,  եղել է տնօրեն: Ինչ է թե նա մրցույթում շահել ա, մենք նրան պետք է գործից հանեի՞նք: Ո՞նց եք Դուք պատկերացնում` աշխատանքից պետք է հանեի՞նք: Մենք հանձնաժողովում չենք եղել, որ ասենք, թե ինչ-որ ազդեցություն ենք ունեցել: Իմացել ենք, որ շահել է:

«Լալվար» անտառտնտեսությունից հայտնել են, որ 62 հա հատված անտառից  ստացվել է 12 հազար խմ փայտ: Դուք հավաստի համարո՞ւմ եք վառելափայտի արտադրության այս ծավալները:

Ես նորից եմ կրկնում` բնապահպանական տեսչությունը ստուգում է, անտառտնտեսությունը  կնքում է, երաշխիքը  էլ ստեղայստեղ ո՞րն է: Էդ ամենը կատարվում է բոլոր աչքի առաջ: Չէ՞: Չափել ենք, ձևել ենք, բնապահպանության տեսչությունն էլ ստուգել է: Ես չեմ գտնում, որ ճիշտ չեն չափել, որովհետև դրա բոլոր տվյալները կան: Ես կրկնում եմ` մեխանիզմը կա, իսկ եթե այսպես կարող էր լինել, կամ այնպես, ես դա չեմ կարող ասել:

Դուք «Հայանտառի» գլխավոր անտառապետն եք, ի պաշտեն պարտավոր եք, չէ՞, իմանալ եւ հստակ տեղեկատվություն հաղորդել:

Ես այդպես էլ անում եմ, իսկ Դուք ասում եք, թե Շնողի ժողովուրդը կամ ինչ-որ մեկը ասում է`չէ, էդպես չի: Բերեք փաստերով ասենք` էսքան չի: Բա իհարկե գտնում եմ, որ այդքան է: Որովհետև բոլոր փաստաթղթերով, բանով կնքված է, որ այդքան է: Իսկ որ այնտեղ պակասորդ են ունեցել ու քրեական գործ է հարուցվել, ում ինչ պատիժ կսահմանվի, այն էլ կկրի: Ես որքան գիտեմ` իրենք գումարային վերականգնում են կատարել, ոչ թե փայտով:

Որքա՞ն գումար են վերականգնել:

Վերականգնել են 5 մլն 697 հազար դրամ: Ըստ քննչական վարչության տվյալների` 529,5 խմ վառելափայտի և 7,27 խմ շինափայտի համար: «Թեղուտ» ՓԲԸ-ն անտառահատումների նկատմամբ վերահսկողական պարտականություններ չունի: Վերահսկողությունը բնապահպանության նախարարության և մեր վրա է դրված: Բայց «Թեղուտ» ՓԲԸ-ն անտառահատման համար ֆինանսավորում է կատարում:

Կամո Շահնազարյանը հայտնաբերված յուրացումների համար պատասխանատվության ենթարկվե՞լ է, թե՞ ոչ:

Երբ քրեական գործի քննությունը կավարտվի, այդ խնդիրը կնայվի, հիմա այս պահին դեռ չենք կարող ենթարկել վարչական պատասխանատվության: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter