Արամ Հարությունյանը Խոսրովի անտառում կքննարկի արգելոցին վերաբերող խնդիրներ
Հանրապետությունում լայն արձագանք են ստացել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի շուրջ վերջին շրջանում ծավալված իրադարձությունները:
Ձևավորվել է հանրային պահանջ` հանրության լայն շրջանների հետ քննարկելու առկա խնդիրները և իրականացնելու դրանց լուծմանն ուղղված գործողություններ:
Այդ նպատակով բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի նախաձեռնությամբ սույն թվականի նոյեմբերի 5-ին, «Խոսրովի Անտառ» պետական արգելոցի «Խոսրովի» տեղամասի այցելուների կենտրոնում կազմակերպվելու է խորհրդակցություն` ոլորտին աջակցող միջազգային կազմակերպությունների, ԳԱԱ ոլորտային ինստիտուտների, բուհերի ներկայացուցիչների հետ:
Որպես նախաձեռնող կողմ՝ բնապահպանության նախարարությունն առաջարկելու է խորհրդակցության օրակարգում ընդգրկել պահպանվող տարածքների մասին օրենսդրության բարելավման, արգելոցի պահպանման ռեժիմն իրականացնող աշխատակազմի մասնագիտական վերապատրաստման և տեխնիկական վերազինման, ֆինանսական միջոցների համալրման և արդյունավետ օգտագործման, կադրային համալրման, համայնքային իրազեկման, անվտանգ էկոտուրիզմի զարգացման հետ կապված հարցեր:
Օրակարգային են նաև «Խոսրովի անտառ» պետական արգելոց մուտքի էլեկտրոնային թույլտվություններ ստանալու կարգի մշակման, «Խոսրովի անտառ»-ի վարչական սահմաններին տեսախցիկների տեղադրման և էկոպարեկային խմբերի ստեղծման աշխատանքների կարգի մշակման և այլ հարցեր:
Խորհրդակցության արդյունքների մասին ամբողջական տեղեկատվություն կտրամադրվի խորհրդակցության ավարտից հետո:
ԲՆ մամուլի ծառայություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել