HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համայնքային անվերահսկելի բյուջեներ

Մեր երկրում արդեն մոռացված հիշողություն է ՀՀ կառավարության կողմից համայնքապետերի գործունեության ու համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման վիճակի ուսումնասիրություններն ու քննարկումները:

Մինչդեռ ականատես լինելով գյուղական ու քաղաքային համայնքների բնակչության աղքատության ու տնտեսության աղետալի վիճակին, որոնք մեծամասամբ պայմանավորված են հենց համայնքապետերի տգետ կառավարմամբ, պարզապես անընկալելի է դառնում իշխանությունների կողմից ներկայացվող երկրի տնտեսական աճի բարձր ցուցանիշների մեջ համայնքների փայաբաժինը:

Որքան էլ զավեշտական է, համայնքապետերի աշխատանքի գնահատման չափանիշը վերեւներում դիտվում է ընտրություններին պլան դրված ընտրողների քվեների իրենց անհրաժեշտ քանակի անվերապահ ապահովումը: Ամեն գնով այդ պլանը կատարելուց հետո համայնքապետերն անպատիժ վայելում են պաշտոնի բոլոր վայելքները, իրենց անօրինականությունների դեմ ըմբոստացողներին` պահելով վախի մթնոլորտում: Եւ այսպես տեղական ինքնակառավարման համակարգում ամենախոցելին շարունակում է մնալ կադրերի ընտրությունը:

Վերջին տարիներին համայնքապետի պաշտոններում սկսել են հայտնվել նաեւ քրեական աշխարհում շատ թե քիչ հայտնի հեղինակություններ: Ակնառու է, որ վերեւներից ուղղորդվող համայնքային բյուջեների եւ համայնքային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների տեղի ու անտեղի սեփականաշնորհումն իրականացվում է վերջիններիս ձեռքերով, վերջնահաշվարկում անօրինականությունների համար պատասխանատու թողնելով հենց նրանց:

Բացի այդ, այս համակարգում իսպառ բացակայում է մրցակցությունը, արգելված է ընդիմադիր կադրերին աշխատել համայնքապետարաններում, որը որոշ չափով գուցե կասեցներ իրականացվող յուրացումները: Արդյունքում տեղական ինքնակառավարումը խեղդվում է ճահճում, համայնքները աղքատացմամբ ճորտացվում են համայնքապետերի կողմից:

Այս առումով, բացառություն չէ նաեւ Ալավերդին, որի քաղաքապետ Արթուր Նալբանդյանի կարծիքով` քաղաքում «մի ասող է լինելու», ու քանի որ քաղաքի տերն ինքն է «էդ ասողն» էլ` միայն ինքն է լինելու: Ժողովրդավարություն, ընդիմություն, քննադատություն, մրցակցություն կամ բանավեճ բառերն անընկալելի են քաղաքապետին: Ըստ Ա. Նալբանդյանի` 2007թ. իր ձեւավորած բյուջեի հիմնական սկզբունքներն են հրապարակայնությունը, խնայողականությունը, արդյունավետությունը եւ այլ -ություններ: Իրականում բյուջեի ծախսային մասում Ա. Նալբանդյանը դրանց մասին առհասարակ չի հիշում. 22մլն. դրամ պարտք ունեցող քաղաքապետարանը, որից 15մլն. դրամը աշխատավարձի պարտք է, 2007թ. բյուջեում քաղաքապետարանի աշխատակազմում սահմանում է 39 հաստիքային միավոր` 39 աշխատողներով, որը նախորդ տարվա համեմատ 3-ով ավել է:

Ի դեպ քաղաքապետարանի բյուջետային 17 հիմնարկներից ամենաշատ հաստիքները, մշակույթի կենտրոնից հետո , քաղաքապետարանում է: Նախատեսված այս հաստիքներով աշխատանք են ստացել քաղաքապետի մերձավոր բարեկամները, հարեւանները, թիմակիցներն ու նրանց երեխաները: Ալավերդին կարոտ է պրոֆեսիոնալ ճարտարապետի, թեեւ հեղինակավոր ճարտարապետներ քաղաքում կան, սակայն նրանք կամ խուսափում են աշխատել, կամ էլ` քաղաքապետին ձեռք չի տալիս նրանց վերցնել աշխատանքի: Ասենք նաեւ, որ որպես խնայողության արժեքի բացառիկ գիտակ Արթուր Նալբանդյանը մշակույթի կենտրոնի թատրոնի դերասանների եւ «Լազուր» ժողգործիքների անսամբլի նվագողների ու երգիչների համար տարվա 12 ամիսներից ընդամենը 6 ամսվա համար է սահմանել աշխատավարձ, մյուս 6 ամիսներին, ըստ նրա, արվեստի ոլորտի մարդիկ կարող են ապրել նաեւ առանց աշխատավարձի, ասել է թե` առանց ուտելու: Ու մինչ համայնքի մշակույթի մարդկանց աշխատանքի նկատմամբ այսպիսի վերաբերմունք է դրսեւորվում քաղաքապետարանում, քաղաքապետի կողմից բյուջեից այս տարի 5մլն. դրամ է հատկացվում դեռւես 2006թ-ին 8մլն. դրամի վերանորոգման ենթարկված քաղաքապետարանի վարչական շենքի աստիճավանդակի եւ սենյակների վերանորոգման, 2,5 մլն. դրամ է հատկացվում համակարգիչների անհրաժեշտ նյութերի ձեռքբերման համար ( 2006թ. այս նպատակով հատկացվել է 2մլն. դրամ): Սա դեռ բոլորը չէ. ներկայացուցչական ծախսեր հոդվածով 1,8մլն դրամ է հատկացնում քաղաքապետարանին հյուրերի ընդունելությունների կազմակերպչական ծախսեր կատարելու, 1,5մլն դրամ իր ծառայողական ավտոմեքենայի վառելիքի, վերջինիս 40% չափով էլ գումար է հատկացնում ընդամենը մեկ տարի առաջ գնած իր ծառայողական 5մլն. դրամանոց ավտոմեքենայի պահեստամասեր ձեռք բերելու, 500 հազար դրամ քաղաքապետարանի բջջային հեռախոսի, ասել է թե` քաղաքապետի հեռախոսի համար: Խեղճ հարկատուներ: Ոնց է նրանց հոգին խնդում, երբ հանկարծ Ալավերդիում փողոց է լուսավորվում, ասֆալտ է արվում, ոչինչ, որ մեկ ամիս հետո էտ ասֆալտի հետքը չի երեւում, կանգառ ու զուգարան է կառուցվում: Չեն ուզում հիշել քաղաքապետի փառահեղ խնայողության մասին, բայց հանկարծ թերթում կարդում են,որ նրա խնայողության ընկալումները այնքան է հզորացել, որ յոթ մետրի վրա 7մլն. դրամով(20.000$ ) անկոյուղի զուգարան է կառուցում, իսկ տիպային մանկապարտեզի հսկա շենքը վաճառում է ընդամենը 4 հազար դոլարով:

Սակայն ավաղ, սա դեռ բոլորը չէ: Քաղաքապետարանը «Բարեկարգում» ՍՊԸ-ին, որը ղեկավարում է քաղաքապետի նվիրյալ թիմակից Համլետ Միրզոյանը, 2007թ.բյուջեով հատկացրել է 40մլն դրամ, քանի որ, ինչպես բացատրում է բյուջեն, ՍՊԸ-ն ծախսերի համար ներկայացրել է ճիշտ նույնքան հաշվարկ: Ասենք, որ «Բարեկարգում» ՍՊԸ-ն քաղաքապետարանից ֆինանսավորվող ամենաարտոնյալ հիմնարկներից է: Սովորական դեպքերում այստեղ արտառոց ոչինչ չկա, այդպես էլ պետք է լինի, քանի որ քաղաքի կառուցապատման, բարեկարգման, կանաչապատման եւ ամենակարեւորը սանիտարական վիճակի պատասխանատուն նրանք են:

Տարիներ շարունակ բյուջեով քաղաքի կանաչապատման համար գումարներ չի տրամադրվել, իսկ աղբահանության համար 2005թ. հատկացվել է 17մլն., 2006թ.-ին` 14 մլն դրամ: Աղբահանության գծով ներկայացված ծախսերը 2007թ. կազմում է 25մլն. դրամ, այն դեպքում, երբ աղբահանության որակն այստեղ նախորդ տարիների համեմատ դրական փոփոխությունների առանձնապես չի ենթարկվել: Ընդհակառակը, մեծացել է բնակիչների դժգոհությունը բարձրահարկ շենքերի աղբատարների աղբահանությունից, որի արդյունքում,մասնավորապես,ամռան տապին բարձրահարկերում մարդիկ խեղդվում են գարշահոտությունից, ժամանակին չեն հանվում բնակելի շենքերի բակերի տարին մի քանի անգամ հավաքվող աղբը, փնթի վիճակում են քաղաքի Սայաթ- Նովա հրապարակին հարող եւ մյուս պուրակներն ու գազոնները: Աղբահանությունից հետո աղբարկղներն ու աղբատար ավտոմեքենաները չեն լվացվում քլորաջրով:

Թեեւ «Բարեկարգում» ՍՊԸ-ն մաքրվող տարածքը ներկայացնում է 135 000ք.մ., սակայն քաղաքի 5-7կմ.հեռավորությամբ գտնվող Ակներ, Սանահին գյուղական եւ Մադան թաղամասերը չեն աղբահանվում: Պահանջվող սանիտարական նորմաներին չի համապատասխանում քաղաքի աղբավայրը, որը գրեթե չի օգտագործվում: Ինչպես ներկայացվում է բյուջեում` «Բարեկարգում» ՍՊԸ-ի 40մլն. դրամ ծախսերի մեջ տրանսպորտային ծախսերը կազմում են 13 մլն.դրամ, որից իբր թե 4մլն. դրամը ծախսվում է աղբահանության բենզինով աշխատող երկու ավտոմեքենաների, 6մլն. դրամը` աղբահանության դիզելային շարժիչով աշխատող 3 ավտոմեքենաների, 1,3 մլն. դրամը` (4000լ դիզվառելիք բազմապատկած 330դրամ) երկու տրակտորների լիցքավորման համար, 1,2մլն. դրամն էլ ծախսվում է պահեստամասերի, տեխ. զննման, գույքահարկի ու այլ տրանսպորտային ծախսերի համար: Իրականում Ալավերդիում դեռ 2006թ. Հունաստանի կառավարության կողմից դիզվառելիքով աշխատող երկու աղբի մեքենաներ նվիրելուց հետո աղբահանությունը կատարվում է հենց այդ երկու մեքենաներով, որոնցից մեկը աշխատում է քաղաքի վերին հատվածում` Սարահարթ թաղամասում, մյուսը` ներքին հատվածում` Փիրուզյան թաղամասից մինչեւ Սանահին կայարանային թաղամաս:

Ալավերդու տեղական ինքնակառավարման գործում բառացիորեն անտեսվում է բնակչությունն ու նրա կարծիքը: Քաղաքապետի 2006թ. գործունեության իր հաշվետվության մեջ Արթուր Նալբանդյանը հայտնում է.«2007թ.-ին պետությունից հատկացված 41,8 մլն. դրամ սուբսիդիայի միջոցներով կկառուցվի քաղաքային գերեզմանատուն` Մադան թաղամաս տանող ճանապարհի հյուսիս արեւելյան հատվածում, որը վիճակագրական տվյալների ուսումնասիրության հիման վրա կբավարարի մոտ 30 տարի»:

Թեեւ 2007թ ավարտին մի քանի ամիս է մնացել, այս գործում քաղաքապետի արածն այն է, որ գերեզմանատան տարածքը վաճառել է «Վալլեքս» գրուպին: Հավաստի աղբյուրից հայտնի դարձավ, որ «Վալլեքսը» քաղաքապետարանին դրա համար վճարել է 20մլն. դրամ:

Միաժամանակ Ա.Նալբանդյանը գերեզմանատան նոր տարածք ձեռք բերելու համար առայժմ բանակցում է Հաղպատ գյուղի համայնքապետ Ռուբեն Վարոսյանի (մականունը` Ավարա Ռուբո) հետ, սակայն գնի հարցում դեռ համաձայնության չեն եկել:

Ալավերդու համայնքի բյուջեի կասկածելի գործարքների մասին շատ կարելի է խոսել: Ասենք, որ Թումանյանի տարածաշրջանի 30 համայնքներում Ալավերդին իր վիճակով միակը չէ, տեղական ինքնակառավարումը նույնկերպ ձախողված է Օձուն, Շնող, Ճոճկան գյուղերում, Թումանյան քաղաքում ու մյուս համայնքներում:

Տեղական ինքնակառավարման արատները համակարգային են եւ պահանջում են համակարգային լուծումներ, որի դանդաղումը վնասում է ոչ միայն մեր երկրի ներքին զարգացմանը, այլեւ` Հայաստանի տարածաշրջանային մարտահրավերների դիմակայմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter