
Վանաձորի մանկավարժական ինստիտուտի աշխատակիցը հափշտակել էր բուհի տեխնիկան ու վաճառել
Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի (ՎՊՄԻ) արդեն նախկին աշխատակիցը տուգանվել է բուհի սարքավորումները յուրացման եղանակով հափշտակելու ու վաճառելու համար:
Ուսումնական հաստատության կարիքների համար համակարգչային տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման նպատակով 2009-2011 թթ. հայտարարված մրցույթների արդյունքում ՎՊՄԻ-ի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը 8 մլն 110 հազար և 9 մլն 946 հազար դրամ արժողության` համակարգչային տեխնիկայի ձեռքբերման և գնման պայմանագրեր է կնքել անհատ ձեռնարկատեր Վեներա Դավթյանի, իսկ «Իզվանի» ՍՊԸ-ի տնօրեն Ալիսա Մաթևոսյանի հետ` 7 մլն 493 հազար 800 դրամի պայմանագիր: Վերջիններս երկկողմանի հաստատված ժամանակացույցներով փաստացի մատակարարել են համակարգիչներն ու դրանց համալրող դետալները` պայմանագրերի բաղկացուցիչ մաս կազմող տեխնիկական բնութագրերի համաձայն:
Ձեռք բերված համակարգիչները տեղադրվել են ՎՊՄԻ-ի մասնաճյուղերում և առանձին ամբիոններում, բայց մինչև շահագործման հանձնվելը ծրագրավորվել է ՎՊՄԻ-ի համակարգչային տեխնիկայի ներդրման և սպասարկման բաժնի վարիչ Աշոտ Սահակյանի կողմից:
2011 թվականի նոյեմբերին ռեկտորի պաշտոնակատար Սուսաննա Թումանյանի հրամանով ստեղծված ենթահանձնաժողովը, ուսումնասիրելով բուհի հաշվեկշռում գտնվող համակարգիչներն ու դրանց համապատասխանությունը տեխնիկական բնութագրերը, պարզել է, որ ձեռքբերված 29 համակարգիչներում կատարվել է կառուցվածքային փոփոխություն` մեծ հզորության պահեստամասերը փոխարինվել են թույլ հզորության սարքավորումներով, իսկ 11 համակարգիչներում ընդհանրապես բացակայում են տեսաքարտերը:
Ոստիկանության Լոռու մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ և Աշոտ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել Քր. օր.-ի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Իր պաշտոնական դիրքն օգտագործելով` 2009-11 թթ. ընթացքում Աշոտ Սահակյանը շահադիտական դրդումներով համակարգիչները ծրագրավորելու պատրվակով բուհի միջոցներով ձեռքբերված և իրեն վստահված 29 տարբեր տեսակի համակարգիչների պահեստամասերն ապամոնտաժել և խոշոր չափերի` 2 մլն 486 հազար դրամ արժողության սարքավորումները յուրացման եղանակով հափշտակելով` վաճառել է անծանոթ անձանց: Դատարանում նա ընդունել է իր մեղքը և ամբողջությամբ վերականգնել բուհին պատճառած նյութական վնասը:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ, Աշոտ Սահակյանին մեղավոր ճանաչեց և դատապարտեց տուգանքի:
Քրեական օրենսգրքով` Աշոտ Սահակյանի կատարած արարքը պատժվում է տուգանքով նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ` երկուսից չորս տարի ժամկետով կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Դատավոր Հովակիմյանը, տուգանք սահմանելով նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի (600 հազար դրամ) չափով, իր վճիռը հիմնավորեց գործում առկա մեղմացնող հանգամանքներով՝ Աշոտ Սահակյանը խոստովանական ցուցմունքներ է տվել, զղջացել է կատարածի համար, նախկինում դատված չէ, խնամքին ունի անչափահաս երեխա, հանցագործությամբ պատճառված նյութական վնասն ամբողջությամբ վերականգնել է, ինստիտուտն էլ քաղաքացիական հայց չի ներկայացրել նրա դեմ:
Դատավորը նաև վճռել է տուգանքի վճարումը տարաժամկետել 1 տարով`պարտավորեցնելով յուրաքանչյուր ամիս վճարել 50 հազար դրամ: Վճռի այս մասն էլ հիմնավորել է նրանով, որ Աշոտ Սահակյանը չի աշխատում և ի վիճակի չէ ամբողջությամբ ու անհապաղ վճարել նշանակված տուգանքը:
Լուսանկարում Վանաձորի մանկավարժական ինստիտուտն է:
Մեկնաբանություններ (8)
Մեկնաբանել