Իրանական «Աֆրազն» ու հայկական «Ապոլլոնը» կհրատարակեն հայ ժամանակակից գրողների գործերը
Իրանում գործող և տարածաշրջանային թարգմանական նախագծեր իրականացնող «Աֆրազ» և Հայաստանի «Ապոլլոն» հրատարակչություններն առաջիկայում կհրատարակեն «Արդի հայ պոեզիա» ժողովածուն: Այս մասին ասել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն՝ այսօր ընդունելով Իրանի դրամատուրգների միության նախագահ Մոհամմադ Ամիր Յարահմադիի գլխավորած պատվիրակությանը:
«Արդի հայ պոեզիայում» ներառված են ՀՀ նախագահի և պետական այլ մրցանակների արժանացած 12 հայ ժամանակակից գրողի (Հրաչյա Թամրազյան, Արտեմ Հարությունյան, Դավիթ Հովհաննես, Հակոբ Մովսես և այլք) ստեղծագործություններ: Գիրքը կտպագրվի պետպատվերի շրջանակներում:
Հասմիկ Պողոսյանը նշել է, որ հայ-իրանական մշակութային հարաբերությունները բարձր մակարդակի վրա են: Երկու երկրներում իրականացվել են գրական-թարգմանական նախագծեր, որոնք նպաստել են «Հայաստան-Իրան. գրական կամուրջներ» ծրագրի ստեղծանը և ապահովել ամուր հարթակ գրողների, դրամատուրգների փոխայցելությունների և գրական ծրագրերի իրականացման համար:
Հրատարակվել են շուրջ չորս տասնյակ գրքեր, իրականացվել դրամատուրգիական ստեղծագործությունների թարգմանություններ: Այս համատեքստում հայաստանյան կողմը 2012 թ. պետպատվերով հրատարակել է «Արդի իրանական դրամատուրգիա» գիրքը, որի մեջ տեղ են գտել իրանցի ժամանակակից տասը դրամատուրգի ստեղծագործություններ: Այս մասին հայտնում է մշակույթի նախարարության կայքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել