HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրին նշեց Դոնարա Ասքանազովնայի 80 ամյակը

Գյումրիի դրամատիկական թատրոնի դահլիճը լեփ լեցուն է մարդկանցով: Բեմում հոբելյարն է` Դոնարա Ասքանազի Հարությունյանը`Լենինականի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարը, ով 9 տարի ղեկավարեց քաղաքը, ընդունվեց ու սիրվեց լենինականցիների կողմից: Հանդիսավար, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր Երվանդ Ղազանչյանն արգելում է ելույթ ունեցողներին հիշատակել «80-ամյակ» բառակապացությունը եւ հորդորում հնարավորինս կարճ խոսել: Գյումրին նշում է իր սիրելիներից մեկի` Դոնարա Ասքանազովնայի ծննդյան տոնը:

««Մամա Դո». այսպես են անվանում թոռնիկները Դոնարա Հարությունյանին,- երգահան Վլադիլեն Բալյանի այս տեղեկությունը դահլիճն ընդունում է ծափերով,- «Ինչպես «Դո» նոտան է առաջինը նոտաների շարքում, այնպես էլ սովետական Հայաստանի կին ղեկավարների աստղաշարքում ամենափայլուն տեղն է գրավում Դոնարա Ասքանազովնան»:

Հարգարժան երգահանը նախ ողջունում է ներկաներին՝ նշելով, որ Գյումրին իր ամենասիրելի քաղաքն է ու ամեն անգամ մեծ հուզում է ապրում գյումրեցի հանդիսատեսի հետ հանդիպելով: «Երբ 60 տարի առաջ գալիս է այստեղ երաժշտական ուսումնարանում աշխատելու, ընկերս զգուշացրեց. «Երանի նրան, ում Գյումրին կսիրի ու վայ նրան, եթե չսիրի»: Ես միշտ հիշում եմ դա, ու այն բազմիցս է ապացուցվել: Այս քաղաքը սիրեց ու ընդունեց նաեւ կին ղեկավա Դոնարա Հարությունյանին, ում մարդիկ մտերմաբար Ասքանազովնայով էին դիմում»:

28 տարեկանում ընտրվելով քաղաքային կոմիտեի 2-րդ քարտուղար` Դոնարա Հարությունյանը 35 տարի աշխատել է Լենինականի քաղաքային կոմիտեում, որից 9 տարին, որպես քաղկոմի առաջին քարտուղար: Նրա ղեկավարման տարիներին մի շարք մշակութային եւ հանգստի կենտրոններ են բացվում, Լենինականն արժանանում է «Ժողովուրդների բարեկամության» շքանշանի: Անձամբ Դոնարա Ասքանազովնան խոհրդային տարիներին 2 անգամ արժանացել է Կարմիր դրոշի շքանշանի: Այդ տարիներին Լենինականում 40 ձեռնարկություն էր աշխատում: «Լենինական» մակնիշմամբ 50 արտադրատեսակ էր թողարկվում:

1988թ.-ին հանգամանքների բերումով Դոնարա Հարությունյանը տեղափոխվում է Երեւան: Տիկին Դոնարան Հայկական բաց համալսարանի պրոռեկտորն է, 20 տարի է դասախոսական աշխատանքով է զբաղվում: Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարելիցի կապակցությամբ, երկարամյա եւ բարեխիղճ պետական-հասարակական գործունեւոթյան համար Դոնարա Հարությունյանը պարգեւատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:  2001թ-ին ընտրվել է Գյումրիի պատվավոր քաղաքացի:

Ծննդյան օրվա կապակցությամբ Դոնարա Ասքանազովնան պարգեւատրվում է նախ Շիրակի մարզպետարանի հուշամեդալով, այնուհետեւ Գյումրիի քաղաքապետարանի: Շնորհավորանքներ եւ Զինված ուժերի հուշամեդալ է հանձնվում պաշտպանության նախարարության կողմից:

Սփյուռքի նախարարությունն եւս անմասն չէր մնացել եւ շնորհավորանքներից զատ հոբելյարին էր ուղարկել «Անի`հայոց մայրաքաղաք-1050» գիրքը: Անվանի քանդակագործ Ֆրեդ Սողոյանի հեղինակած դիմանկարը Դոնարա Հարությունյանի փոխանցում է Աժ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, իսկ «Շիրակ» միության առաջին փոխնախագահ Վարազդատ Ավոյանը տիկին Դոնարային հուշանվեր գրիչ է հանձնում: «Ես հույս ունեմ, որ Դոնարա Ասքանազովնան այս գրիչով կգրի իր հուշերը: Նա իմ եւ իմ նմանների համար բաց համալսարան է եղել, ումից մշտապես սովորել ենք»:

Մեկնաբանություններ (1)

GAGIK
ԼԱՎ ԿԼԻՆԻ ԷՍՈՐՎԱ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԴՈՆԱՐԱՅԻՑ ՍՈՎՈՐԵՆ ԻՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ՂԵԿԱՎԱՐԵԼ,, ԳՈՆԵ ՆՐԱ ԱԶՆՎՈՒԹՅԱՆ ԿԵՍԸ ՈՒՆԵՆԱՅԻՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter