HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում կանցկացվի Թարգմանիչների և հրատարակիչների 6-րդ միջազգային համաժողովը

Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված Երևանը կրկին հյուրընկալում է աշխարհի տարբեր երկրների թարգմանական արվեստի ու հրատարակչական ոլորտի ներկայացուցիչներին: Նոյեմբերի 5-8-ը Երևանում ՀՀ մշակույթի նախարարության և ԱՊՀ հումա­նի­տար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակ­ցու­թյամբ տեղի կունենա Թարգմանիչների և հրա­տա­րա­կիչների 6-րդ միջազ­գա­յին համաժողովը, որը կանցկացվի «Տեսություն և կիրառություն. անջրպետի հաղ­թա­հարում» խորագրի ներքո:

Եռօրյա համաժողովի շրջանակում կանցկացվի «Հեղինակային իրավունքի ձեռք­բերում ու պաշտպանություն» թեմայով միջազգային սեմինար՝ Հրա­տա­րա­կիչ­ների մի­ջազ­գային ասո­ցիա­ցիայի և «Նեքսթ փեյջ» հիմնադրամի հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ՝ մասնագիտական քննարկումների առանցքում պահելով հեղինակային իրավունքի հետ կապված և այսօր ամբողջ աշխարհում արդիական խնդրահարույց բոլոր հարցերը:

Սեմինարին Հրատարակիչների միջազգային ասոցացիայի աջակցությամբ կմասնակցեն երկու հայտնի փորձագետներ՝ Անտյե Սորենսենը և Ռիչարդ Բալկվիլը, ովքեր կներկայացնեն այսօր աշխարհում առկա հիմնական խնդիրները հեղինակային և հարակից իրավունքների պաշտպանության և ձեռքբերման գործում: Հայաստանյան փորձագետները կքննարկեն մեր երկրում առկա իրավիճակն այս բնագավառում՝ խնդիրները ու մարտահրավերները: Այնուհետև քննարկում կծավալվի անհրաժեշտ օրենսդրական և գործնական փոփոխությունների շուրջ:

Երևանյան համաժողովի օրակարգը հագեցած է կլոր սեղաններով, թարգ­մա­նա­կան գրականության ու նոր հրատարակությունների շնորհանդեսներով, հայտնի թարգմանիչների ու հրատարակիչների դասա­խո­սու­թյուն­նե­րով, նրանց վարպետության դասերով, հայ և հրավիրյալ մասնակիցների կողմից գրական ընթերցումներով: Մասնավորապես ԵՊՀ, ԵՊՀԼ և Սլավոնական համալսարանում տեղի կունենան բանաստեղծ և էսսեիստ Իգոր Սիդի (Ուկրաինա), արձակագիր Մարգարիտա Խեմլինի (Ռուսաստան), բանաստեղծ և թարգմանիչ Սերգեյ Մորեյնոյի (Լատվիա) դասախոսություններն ու վարպետության դասերը, հեղինակային ընթերցումներով հանդես կգան Էդուարդ Հարենցը (ՀՀ), Եվգենի Չիգրինը (Ռուսաստան), Անահիտ Թադևոսյանը (ՀՀ) և Շոթա Իատաշվիլին (Վրաստան):

Համաժողովի աշ­խատանքային խմբերը կանցկացնեն երեք կլոր սեղաններ՝ «Թարգմանական արվեստի ուսուցման ժա­մա­նակակից մեթոդները», ««Անհայտ» գրականություններ. թարգմանական ու հրա­տա­րակ­չական փորձը», ««Փոքր լեզուների»» թարգմանության դժվարու­թյուն­ները» խորագրերով: Կլոր սեղանների մասնակիցները կխոսեն հրատարակչական շուկայի և տպաքանակի գործոնի, թիրախային ընթերցողի վերհանման խնդրի, գրականության տարածման և հանրայնացման գործում գրական գործակալի դերի, ոչ մեծ տարածում ունեցող լեզուների թարգմանիչների ուսուցման առանձանահատկությունների, ինչպես նաև որոշ լեզուների պարագայում նաև սփյուռքի գործոնի մասին:

Միջազգային հավաքի շրջանակում անցկացված շնորհանդեսների թվում համաժողովի մասնակիցներին կներկայացվի Ալեքսանդր Բոժկոյի «Հավերժական շարժում» գիրքը՝ նվիրված Միխայիլ Կոցյուբինսկու և Սերգեյ Փարաջանովի ստեղծագործական առնչություններին: Կոցյուբինսկու ստեղծագործության հիմքի վրա Կիևի Դովժենկոյի անվան կինոստուդիայում Փարաջանովի նկարահանած «Մոռացված նախնիների ստվերները» կինոնկարը մեծ ճանաչում բերեց ռեժիսորին և ,ըստ էության, դարձավ պոետիկ կինոյի լավագույն ֆիլմերից մեկը: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա Փարաջանովի թանգարանում և կանցկացվի «Միխայիլ Կոցյուբինսկի և Սերգեյ Փարաջանով. երկու հանճարների հանդիպումը» խորագրի ներքո:

Համաժողովի օրերին հատուկ գրական-երաժշտական ծրագրով ֆորումի մասնակիցների գնահատմանը կներկայանան Վադիմ Մեսյացը, Տատյանա Դանիլյանցը և Արեգ Միրզոյանը: Համաժողովի տասնյակ քննարկումների առանցքային թեմաների թվում անդրադարձներ կլինեն նաև հայ ազգային թարգմանական մշակույթի լավագույն ավանդույթներին և 3-րդ հազարամյակում դրանք ժամանակի նոր պահանջներին համադրելու անհրաժեշտությանը: Այս մասին հայտնում է «Գիրք» հիմնադրամի մամուլի գրասենյակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter