
Նարեկ Հարթունյանի փաստաբանները կդիմեն Վերաքննիչ վարչական դատարան
ՊԵԿ-ի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը չի խախտել սփյուռքահայ մշակութային գործիչ Նարեկ Հարթունյանի անմեղության կանխավարկածը. սա Վարչական դատարանի իրավական գնահատականն է: Դատարանի հիմնավորումը ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածն է, ըստ որի՝ ցանկացած անձ համարվում է անմեղ, քանի նրա մեղավորությունն ապացուցված չէ դատարանի կողմից օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Ու թեպետ դատարանը համարել է, որ չկա անմեղության կանխավարկածի խախտում, այդուհանդերձ Նարեկ Հարթունյանի և նրա փաստաբանների հայցը մասնակի բավարարել է. որոշման մեջ նշված է՝ պարտավորեցնել ՊԵԿ-ին ձեռնպահ մնալ Նարեկ Հարթունյանի անմեղությունը կասկածի տակ դնող ցանկացած հայտարարությունից մինչև Հարթունյանի և Սարո Հարթունյանին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ Էնթերփրայզս» ընկերության երկու աշխատակիցների՝ հարկերից խուսափելու հատկանիշներով քրեական գործի քննության ավարտը:
Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է այս տարվա փետրվարի 24-ին սփյուռքահայ ներդրողների հարցերին վերաբերող ԱՄՆ-ի հետ տեսակամրջի ժամանակ ՊԵԿ-ի փոխնախագահ Արմեն Ալավերդյանի հետևյալ հայտարարությանը. «Նարեկ Հարթունյանի գործը տիպիկ մեր հայերի գործերից է, որոնք Հայաստանը դիտում են որպես եկամուտ ստանալու աղբյուր, և, ցավոք սրտի, այդ նորմալ երևույթը ուղեկցվում է հարկերը չվճարելով»: Դրան հետևել էր Հարթունյանի փաստաբանների հայցն ընդդեմ ՊԵԿ-ի՝ հայտարարության հերքման և կոմիտեին՝ Նարեկ Հարթունյանի անմեղությունը կասկածի տակ դնող ցանկացած հայտարարություն անելուց ձեռնպահ մնալու պարտավորեցման պահանջով:
Հարթունյանի փաստաբան Անի Թորոսյանի կարծիքով՝ հայցը կամ պիտի լրիվ բավարարվեր, կամ լրիվ մերժվեր. «Մասնակի բավարարումը մեզ համար անհասկանալի է: Ինչպե՞ս կարող է դատարանը արձանագրել, որ չկա Նարեկ Հարթունյանի նկատմամբ անմեղության կանխավարկածի խախտում, բայց մյուս կողմից էլ պարտավորեցնել ՊԵԿ-ին Հարթունյանի անմեղությունը կասկածի տակ դնող հայտարարություններ անելուց զերծ մնալ»:
Նարեկ Հարթունյանի փաստաբանները որոշումը կբողոքարկեն Վերաքննիչ վարչական դատարան:
Հարթունյան ընտանիքի մամուլի բաժին
Մեկնաբանել