
Փոքր գյուղի ամենամեծ հարստությունը անմշակ մնացած հողատարածքներն են
Գյումրի-Բավրա ասֆալտապատ ճանապարհի 42-րդ կմ-ից մեքենան թեքվում է աջ ու հայտնվում Սիզավետ տանող փոսառատ միջհամայնքային ճանապարհի «քառուղիներում»: Չանցած 500 մետր`արժանանում ենք առատ անձրեւների հետեւանքով առաջացած ցեխաջրի մեջ վերջնականապես թաղվելու բախտին: Ստիպված օգնություն ենք խնդրում Սիզավետ գյուղի ղեկավարից, թե «հասեք- փրկեք` եկել ենք, բայց գյուղ չենք կարողանում հասնել»:
«Դե մեր ղադրն իմացեք, ըբը մենք մեղք չենք, հեչ մարդ չի մտածե, թե մենք ինչխ ըստեղ կապրինք, ամենաառաջնային հարցն, իմ կարծիքով, գյուղ մտնող ճանապարհի հարցն է էսօր Սիզավետի համար: 2 կմ ճանապարհ է, բայց չի սարքվի: Ըդոր դարդից ոչ գազել կմտնի գյուղ, ոչ ավտոբուս: Օրվա մեջ 2-3 անգամ տրանսպորտ կա եկող, էն էլ 5 գյուղի կսպասարկե: Սիզավետն իրա համար առանձին տրանսպորտ չունի: Եթե առավոտ ժամը 9-ին գնացիր Գյումրի, պիտի աշխատես գործերդ մինչեւ ժամը 2-ը վերջացնես, օր չմնաս քաղքի ուլիցները, տուն գաս»,- մեր գալու նպատակն իմանալով`բարձրաձայնում է սիզավետցի Մանուկ Յավրումյանը:
Աշոցքի տարածաշրջանի Սիզավետ համայնքում «չկա»-ների ցանկն այնքան երկար է, որ բնակիչները սկզբում դժվարանում են թվարկել ու որոշում են նշել միայն ամենաառաջնահերթ խնդիրները:
«Շատ կուզենայինք մանկապարտեզ ունենայինք գյուղում,- նշում է Սիլվա Դումոյանը,- մի հատ խաղահրապարակ էղներ` մի քանի հատ կարուսելով, երեխեքն էլ իրանց մանկությունից բան հասկանային: Թե չէ, քանի քաղաք չենք տարել, գիտեն թե իրանց գործը մենակ հավ ու ճիվ, սագ ու բադ քշելն է, անասունին խոտ ու ջուր տանելն է: Հետո ինչ, որ գյուղ է: Գյուղի 3-4 տարեկան երեխեն իրա մանկությունից հեչ բան չի հասկնա: Միակ մխիթարությունն էն է, օր գոնե դպրոցը վերանորոգեցին, երեխեքը արդեն 3-րդ տարին է նորմալ պայմաններում դասի կերթան»:
Սիզավետի համայնքապետ Արարատ Պողոսյանը 2005թ.-ին նախկին համայնքապետ Գագիկ Քոթանջյանից գյուղն ընդունել էր 35 մլն դրամ ապառքով: Երեք տարի համայնքի հաշվեհամարը կալանքի տակ էր: Փոքր գյուղ` մեծ խնդիրներ: Տարիներ շարունակ գյուղում հարկ չէր հավաքվել: 2006-2007թթ.-ին Արարատ Պողոսյանը ստիպված է եղել 6 հայց ներկայացնել գյուղում չբնակվող նախկին սիզավետցիներից հողի հարկը բռնագանձելու համար: Դատական վեճից չխուսափեց նաեւ նախկին համայնքապետ Գագիկ Քոթանջյանը:
Նախ` Արարատ Պողոսյանը նրա դեմ հայց ներկայացրեց` պահանջելով համայնքին վերադարձնել ապօրինի զավթած համայնքապատկան շինությունը, որը մանկապարտեզի վերածվելու փոխարեն նրա մի հատվածում խանութ էր հիմնել: Որպես հակադարձ քայլ, նախկին համայնքապետն էլ չստացած աշխատավարձի պահանջով մտավ դատարան` ընդդեմ Սիզավետի համայնքապետարանի:
Տարիներ շարունակ չաշխատած եւ պարտքեր կուտակած Գագիկ Քոթանջյանը իսկական փորձանք է դարձել համագյուղացիների համար: Եթե համայնքապատկան շենքի հարցում սիզավետցիները կարողացան հաղթանակ տոնել, ապա աշխատավարձը` 3 մլն 750 հազար դրամ, դատարանի կայացրած վճռով ստիպված էին վճարել: 60 տնտեսությունից բաղկացած Սիզավետ համայնքի սեփական եկամուտները (հողի հարկ 2 մլն 800 հազար, 1 մլն դրամ վարձակալական վճարներ) 3 մլն 850 հազար դրամ է, 2 մլն 115 հազար դրամ դոտացիա էլ տալիս է պետությունը: «Ինչի՞ պիտի մեր տված գումարները համայնքապետը տար Քոթանջյանին, էդ փողը մենք տալիս ենք, որ մի գործ անի, ոչ թե Գագոյին աշխատավարձ տա»,- հարցնում են սիզավետցիները:
Ծովի մակերեւույթից 2070 մետր բարձրության վրա գտնվող Սիզավետում 395 մարդ է ապրում, իսկ ժամանակին գյուղը 400 տնտեսություն է ունեցել: Փոքր գյուղի ամենամեծ հարստությունը հողատարածքներն են`4 հազար 200 հա, որից 2 հազար 200 հա-ը արոտավայր, 1290 հա-ն էլ սեփականաշնորհված վարելահողեր են: Համայնքապետի ասելով մարդիկ ընդամենը 100 հա-ն են կարողանում վարել-ցանել սերմը, վառելանյութը, պարարտանյութերն ու թունաքիմիկատները դժվարությամբ, թանկ գնով են ձեռք բերում, լեռնային այս գյուղում բուսաբուծությունն իրեն չի արդարացնում:
«Ուրդեղի՞ց արդարացնե, եթե պետությունը գարին կուտա օգնություն, տարին բերրի չի էղնի, բայց պետության հեչ պետքը չէ, ինքն իրա տվածի տերն է ու լրիվությամբ հետ գուզե»,- դժգոհում է Աղասի Բերնեցյանը: Ապա ավելացնում, թե Ռուսաստանում այդպես չէ, այնտեղ պետությունը երաշխիք է տալիս գյուղացուն: «30-40 տարով վարկ կուտա, վնասը կփոխհատուցե, օր էդ մարդն էլ զարգանա: Մեր տարածաշրջանը անասնապահական է: Անասունը կպահենք, բայց օգուտը չենք տեսնի: Ոչ մի հատ սպանդանոց սարքեցին, ըդքան խոսացին ու խոստացան, ոչ մե շուկամ կա, ուրդեղ գյուղացին կանգնի իրա ապրանքն իրացնե: Ղասաբը կհասնի գյուղ, միսը 1000 դրամով կտանի, շուկայում 3000-ով կծախե: Էլ մենք ուրդեղից պիտի օգուտ ստանանք»,- նշեց Ա. Բերնեցյանը:
«Մնացել ենք կովերի հույսին,- ծիծաղում է Մանուկ Յավրումյանը,- տվածը կաթ է, կաթն էլ ջրի գնի կտանին: Ամռան սեզոնին օրական 7 լիտր կաթ կհանձնենք, գինն է ցածր` 100 դրամ, աշուն-ձմեռ 1 լիտրը կդառնա 120-140 դրամ, բայց դե կաթն էլ կքչնա: Հմի օրինակ «Աշտարակ-կաթը» մեզի մի քանի ամսվա գումար է պարտք: Միսը թանկցրին, շուկան թանկ կծախեն, գյուղացուց էժան կառնին: Մեզի շուկա ընդհանրապես չեն թողնի կանգնինք: Մե օրմ ուզեցի ես իմ տարածս միսը ծախել, էնքան էրեցին, օր ստիպված էժան տվեցի կանգնած մսավաճառներին, փողս առա եկա գյուղ: Ես մենակ մե բանմ կհասկնամ, օր պիտի էղնի գյուղմթերքների շուկա: Էղնի մե տեղմ, օր գյուղացին տանի իրա ապրանքը ծախելու»:
1200 գլուխ խոշոր եւ 600 մանր եղջերավոր անասուն ունի Սիզավետը: Համայնքապետն ասում է, որ տարին խոտքաղի առումով անբարենպաստ էր, ասում է: «Սիզավետն օր իրա կյանքում խոտի պրոբլեմ չի ունեցել, էս տարի մեր գյուղացիներն ստիպված խոտ կառնին, օր անասունը կարողանան ձմեռը պահեն կամ էլ ստիպված մի մասը պիտի վաճառեն»,- ասում է Արարատ Պողոսյանը:
Գյուղը գազիֆիկացված չէ: Սիզավետցիները մեծ ցանկություն ունեն իրենց տներում կապույտ վառելիքը տեսնելու: Ձմռանը տներն էլի աթարով են ջեռուցելու, բայց կենցաղային հոգսերը հոգալու համար առավել ձեռնտու է բնական գազը: «Բալոնով գազը վրեքս ավելի թանկ կնստի, ամիսը 14 հազար կուտանք, օր բալոն առնինք»,-տեղեկացնում է տիկին Սիլվան: Սիզավետում գիշերային լուսավորություն չկա: «Ժամը 7-ից հետո, օր ուզենանք մեկս մեկիս տուն էրթանք, պրոբլեմ է»,- նկատում է Աղասի Բերնեցյանը: «Շատ կուզենայի էդ խնդիրը լուծել, բայց ի՞նչ գումարներով,- հարցնում է համայնքապետը:- Պարտքերը փակելուց աչք չենք բացում, կատարողականս 17 տոկոս է, չեղած տեղից 25 մլն դրամ պարտք եմ փակել, սեփական եկամուտներով մի նորմալ գործ անել հնարավոր չէ»:
Սիզավետում ավագանու նիստերը վերածվում են գյուղական ժողովների: Որեւէ խնդիր լուծելու համար գյուղի ակտիվ մասը պարտադիր ներկա է լինում համայնքապետարանում: «Մենք ինչ կորոշենք, գեղովի է,- ասում է Արարատ Պողոսյանը,- մեր գյուղացիք սաղ գիտեն, թե կոպեկ-կոպեկ եղած գումարն ինչի վրա կծախսվի»:
2009թ.-ին սոցներդրումների հիմնադրամի տրամադրած 92 մլն դրամով հիմնանորոգվել է Սիզավետի միջնակարգ դպրոցը նախատեսված 120 աշակերտի համար: «Արփա լիճ» ազգային պարկի աջակցությամբ 2011-12թթ.-ին համայնքապետարանի շենքում կոսմետիկ նորոգում են կատարել, նոր սեղան-աթոռ են գնել: Սիզավետում նույն այդ ծրագրով խմելու ջրի ջրագիծն են նորացնելու:
«Գերեզմանոցը պիտի պարսպապատվի, գյուղամիջյան ճանապարհները պիտի բարեկարգվեն, մշակույթի տուն չունենք`հիմնովին պիտի կառուցվի ու 90-100 մլն դրամ է պետք դրա համար: Շատ դեպքերում, երբ ծրագիր իրականացնելու համար համայնքի ներդրում կպահանջեն, մենք մե քիչմ կխեղճնանք, էդքան եկամուտ չկա, չի հավաքվի, բայց դե մարդիկ էլ կուզեն նորմալ ապրեն, պայմաններ լինի, որ չարտագաղթեն: Գյուղում մինչեւ 30 տարեկան բավական մեծ թվով տղաներ ունենք, որ չեն կարողանում ամուսնանալ` ոչ աշխատանք կա, ոչ տուն, ոչ էլ էդ ամենը ունենալու հնարավորություն»,- հայտնում է համայնքապետը:
Մեկնաբանել