
Ի՞նչ եկամուտներ ունեն նախկին նախարարն ու ոստիկանապետը
Պաշտոնաթողությունից հետո ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանն ու նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը դարձել են ՀՀ նախագահի խորհրդականները: Ուսումնասիրելով նրանց գույքի ու եկամուտների հայտարարագրերը՝ պարզվեց, որ երկու պաշտոնյաներն ու իրենց կանայք իրենց հաշվին զգալի գումար ունեն:
Վարդան Խաչատրյանի 2011թ.-ի հայտարարագրի համաձայն՝ իր միակ եկամուտը աշխատավարձն է՝ տարեկան 3 մլն 259 հազար 890 դրամ: Սակայն տարեսկզբին նրա հաշվին եղել է 20 մլն դրամ, տարեվերջին՝ 15 մլն: Բացի դրանից՝ Վարդան Խաչատրյանն ունի 35 հազար դոլար:
Նրա կնոջ՝ Անահիտ Մանուկյանի եկամուտը դարձյալ աշխատավարձն է՝ 900 հազար դրամ, սակայն նա էլ իր հաշվեհամարին «կլորիկ» գումար ունի: 2011թ.-ի սկզբին Անահիտ Մանուկյանն ունեցել է 154 մլն դրամ, տարեվերջին՝ 134 մլն, ինչպես նաև 3 հազար դոլար:
Ալիկ Սարգսյանը նախագահի խորհրդականն է 2011թ.-ից: Ըստ գույքի ու եկամուտների հայտարարագրի՝ նշված տարում նրա միակ եկամուտը եղել է 5 մլն 517 հազար 240 դրամ, որը աշխատավարձն է: Ինչպես Վարդան Խաչատրյանը, այնպես էլ Ալիկ Սարգսյանն իր հաշվին ունի ավելի մեծ գումար, քան իր աշխատավարձն է: Նա ունի 120 մլն դրամ և 70 հազար դոլար:
Հայտարարագրից պարզվում է, որ Ալիկ Սարգսյանի կինը 2011-ին չի աշխատել և որևէ եկամուտ չի ստացել, սակայն նրա հաշվին առկա է 7 մլն դրամ և 6 հազար 500 դոլար:
Մամուլը նշված պաշտոնյաների մասին բազմիցս գրել է և նշել, որ նրանք շատ ավելի ունևոր են, քան ներկայանում են:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել