HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որոտան. Հայաստանի «ամենամաքուր» գետը

Բնության սիրահար, ձկնորս Վոլոդյա Հովհաննիսյանը վերջին տարիներին իր քայլերը դեպի Որոտանի կիրճ հազվադեպ է ուղղում: Ձկնորսական կարթը ժամեր շարունակ չի ծանրանում: Որոտանն էլ առաջվանը չէ, մաքուր չէ: Ձկնորսը մտահոգվում է. «Կեղտաջերն են պատճառը, որ ձուկը պակասում է, մանավանդ մեր գետի զարդ կարմրախայտը: Պետք  է լրջորեն զբաղվեն այդ խնդիրներով: Պետք է կոյուղին ընդհանրապես մուտք չունենա գետ»:

«Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի»՝ Որոտան գետի ջրերի 2012թ. հուլիս ամսվա ուսումնասիրությունների տեղեկանքում կարդում ենք. «Որոտանի Սիսիան քաղաքից  2 կմ ներքեւ ընկած հատվածում նիտրիտ իոնի սահմանային թույլատրելի նորման գերազանցել է 3.78 անգամ»: Ապրիլ ամսվա ուսումնասիրությունների արդյունքներով՝ գետից վերցված փորձանմուշներում դիտվել է նիտրիտ եւ ամոնիում իոնների սահմանային թույլատրելի նորմաների գերազանցում: Գորայք գյուղից վերեւ ընկած հատվածում արձանագրվել է թթվածնային ռեժիմի անբավարվածություն: Ամեն ամիս մոնիտորինգի կենտրոնը գետի ջրերում նորմայից շեղում է արձանագրում:

Ըստ կենտրոնի տնօրենի` գիտաարտադրական հարցերով տեղակալ Սեյրան Մինասյանի՝ այդ շեղումների պատճառը Որոտանի ջրի որակի վրա Սիսիան քաղաքից ներքեւ ընկած հատվածում առկա կոմունալ-կենցաղային ճնշումն է. Սիսիանի ողջ կոյուղաջրերն առանց մաքրման, վերոնշյալ հատվածում ուղղակի լցվում են Որոտանը:

Որոտան կոյուղաջրեր լցվում են ոչ միայն քաղաքից ներքեւ ընկած հատվածում. գետի ավազանի մեջ մտնող գետակները՝ թվով 12՝ Արագլիջուր, Գիժգետ, Ձկնարածի, Ղուռիգետ, Մադան, Մուխուրթուրյան, Շաղաթ, Շաքի, Սալվարդ, Սառնակունք, Սուլթանլու, Ուղտիաչք, Սիսիանից հյուսիս ընկած տարածում անցնում են շուրջ 7 գյուղական համայնքներով՝ իրենց հետ դեպի հարավ տանելով նաեւ կոյուղաջրեր:

Սիսիան քաղաքում հիմնականում ջրային հայելիների տարածքով անցնում են երկու կոլեկտորներ, որոնք հաճախ են կեղտաջրեր բաց թողնում: Դա, ինչպես միշտ, ժխտում է Հայջրմուղկոյուղու հարավային տարածքային մասնաճյուղը: «Որոշ խցանումներ լինում են, եւ այդ խցանումները մենք վերացնում ենք: Դե մենք եւս սիսիանցի ենք, պետք է աշխատենք մաքուր պահել քաղաքը եւ ջրային հայելիները»,-  ասում է Ջրմուղ կոյուղու շահագործման եւ աշխատանքների ծառայության պետ Սարգիս Այվազյանը:

Սիսիանցի է նաեւ «Էկո Սիս» ՀԿ նախագահ Կամո Սաֆրազյանը: Շուրջ 10 տարի է՝ կազմակերպությունն ուսումնասիրում է Սիսիանի էկոլոգիական, այդ թվում՝  Որոտանի աղտոտվածության խնդիրները եւ փնտրում լուծման ուղիներ:

«Մեր ուսումնասիրություններով պարզեցինք, որ Սիսիանի ջրային ռեսուսներն աղտոտվում են եւ՛ կենցաղային աղբով, եւ՛ կոյուղաջրերով: Ես այսօր լուսանկարում եմ գետ թափվող կոյուղաջրերի կետեր եւ, անկեղծ ասեմ, դրանք շատ են,- նշում է «Էկո-Սիս» ՀԿ նախագահ Կամո Սաֆրազյանը:

«Կոյուղաջրերի հոսքը գետ պարզ երեւում է, ուղղակի անտերություն է»,- հավելում է Սիսիան քաղաքի բնակիչ Պետիկ Կիրակոսյանը:

Որոտանը Հայաստանի ամենամաքուր գետն է. տեսակետը Սեյրան Մինասյանինն է: Գիտնականը համեմատություն է անցկացնում մոտավորապես նույն հոսքն ունեցող Որոտան եւ Հրազդան գետերի միջեւ: Ըստ նրա՝ ջրերի վրա առկա ճնշման գործոնների մասշտաբներն էապես տարբեր են: Հրազդանի դեպքում՝ Երեւան, Աբովյան, Չարենցավան, Հրազդան քաղաքներ, Արարատյան դաշտի բնակավայրեր եւ ինտենսիվ, ոռոգելի գյուղատնտեսություն: Որոտանի դեպքում՝ գյուղական փոքր համայնքներ, Սիսիան քաղաք, անհամեմատ ավելի ցածր ինտենսիվության գյուղատնտեսություն: 

Գետը, ըստ նրա, լեռնային է եւ ինքնամաքրման մեծ պոնտենցյալ ունի, կոմունալ-կենցաղային եւ գյուղատնտեսական կեղտաջրերի ազդեցությունն արագորեն չեզոքանում է:

«Այդ դեպքում ինչու են ուսումնասիրությունները մշտապես շեղում արձանագրում» հարցին Սեյրան Մինասյանը պատասխանում է`  «Հայէկոմոնիտորինգի» տեղեկանքներում ներկայացվող ջրերի որակի գնահատումը կատարվում է նախկին ԽՍՀՄ նորմերով, որոնք արհեստական նորմեր են, կապ չունեն իրականության եւ կոնկրետ գետերի տեղային առանձնահատկությունների հետ:

Որոտանի ջրերի որակն իսկապես բավականին բարձր է՝  հավելում է Սեյրան Մինայանն ու բացատրում` Որոտան գետի ավազանում չկան արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք էական ազդեցություն կարող են ունենալ գետի ջրերի հիդրոքիմիական որակի վրա:

Որոտան. արտադրական թափոնների միակ ընտրանքը

Այն, որ Հայաստանի անկախության հռչակումից հետո Սիսիանում  առուծախի ենթարկված խոշոր ձեռնարկություններն այլեւս պարզապես  չկան, անհերքելի է անշուշտ իր հետևանքներով, սակայն դա չի նշանակում, որ Ոորտանը զերծ է արտադրական թափոններից:

Մի քանի ամիս առաջ Սիսիանի ձկնաբուծարաններից մեկում (անունը չենք նշում), որի ավազանները կառուցված են անմիջապես Որոտանի վրա, մանրաձկների ոչ փոքր քանակություն ոչնչացավ` ամենայն հավանականությամբ արդյունաբերական թափոնների պատճառով: Ենթադրվում է, որ մանրաձկների ոնչացման պատճառ է դարձել բազալտի փոշին:

Սիսիանում այսօր գործունեություն է ծավալում քարի շուրջ 8 արտադրամաս, որոնց թափոնների միակ ընտրանքը Որոտանն է: Բազալտի փոշուց բացի գետի ջրերին են խառնվում նաեւ քիմիական այն բոլոր նյութերը, որոնք կիրառվում են քարի մշակման ողջ գործընթացում: Բացի այդ` Որոտանի ափերը դարձել են աղբավայրեր նույն քարի մշակման ընկերությունների համար: Քաղաքի հարավ-արեւմտյան հատվածում, գետի ողջ երկայնքով քարի թափոնների կույտեր են:

«Քարակտորները կարելի է հատկացնել հողատետերին, ովքեր կօգտագործեն հողամասերում իրենց համար ճանապարհներ սաքրելու նպատակով: Քաղաքակիրթ երկրներում այդպես են անում, իսկ մեզ մոտ քարն ու քարի փոշին լցնում են գետի ափին»,- ասում է ձկնորս Վոլոդյա Հովհաննիսյանը:

Վերոնշված պատճառներով Որոտանի ջրերը Սիսիան քաղաքի ներքեւում առավել աղտոտ են, քան վերին հատվածում, թեպետ  ջրերին  քիմիական տարրեր են խառնվում նաեւ, ինչպես արդեն նշեցինք, մինչեւ Սիսիան հասնելը, երբ գետն անցնում է  քարի մի քանի արտադրամասի կողքով:

Քաղաքի ներքեւում Որոտանին են միախառնվում նաեւ Տոլորսի ջրամբարի ջրերը` դարձյալ «հարստացնելով» գետի ջրերը քիմիական նյութերով, որոնք ջրամբար է բերում Դաստակերտի երբեմնի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարի անմիջապես միջով անցնող Այրին:

Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնից ստացված տեղեկություններն այսպիսինն են`  «Որոտան գետի ակունքային հատվածում մարդկային գործոնով պայմանավորված ճնշումը մոտ 15-20 % է, Սիսիան քաղաքից վերեւ ընկած հատվածում աղտոտվածության 30-35 %-ը պայմանավորված է մարդածին ճնշմամբ, 50-55 %-ը` երկրաքիմիայով, Սիսիան քաղաքից ներքեւ ընկած հատվածում մարդածին գործոնով պայմանավորված ճնշումն աճում է` կազմելով 45-50 %»:

Այդ փոփոխությունը հստակ ընդգծվում է նաեւ Սյունիքի մարզի գետերի ջրերի որակը 5 դասանի համակարգով գերազանց, լավ, բավարար մաքուր, սահմանային կեղտոտ եւ վատ դասակարգող քարտեզում: Սիսիան քաղաքի մոտ Որոտանի մաքրությունը գնահատված է սահմանային կեղտոտ` ընդամենը 1 աստիճան բարձր վատից:

 Որոտանի փրկությունը

«Հիմնական խնդիրն այն է, որ Սիսիանը չունի մաքրման կայան»,- ընդգծում է «Էկո-Սիս» ՀԿ նախագահ Կամո Սաֆրազյանը: Այդ կարծիքին է նաեւ Սեյրան Մինասյանը:

Սիսիանում մաքրման կայան ունենալու անհրաժեշտություն առաջացել էր դեռեւս խորհրդային տարիներին, երբ կառուցվում էր տրիկոտաժի ֆաբրիկան: Այդ ժամանակ շրջխորհրդի քարտուղար Շչորս Դավթյանը հիշում է՝ մեծ դժվարությամբ կարողացան Մոսկվային համոզել, որ մաքրման կայանը Սիսիանին խիստ անհրաժեշտ է:

«Ֆաբրիկայի շինմոտնաժային աշխատանքների ծավալը կազմում էր մոտ 9 մլն ռուբլի, դրանից միայն կես միլիոնն էր առանձնացված մաքրման կայանի համար: Իսկ այդ կես միլիոնով ոչինչ անել հնարավոր չէր: Եվ մենք Սիսիան քաղաքի համար մաքրման կայան կառուցելու նպատակով պատվիրեցինք նախագիծ: Մտածում էինք, որ 2010 թվականին Սիսիանը կունենա մոտ 30.000-35.000 բնակչություն: Այդ պատճառով էլ քաղաքը միանշանակ պետք է ունենար այդպիսի կայան: Եվ աշխատանքները սկսեցին: 1988 թվականի օգոստոսին թունելն արդեն քանդված էր, շինարարոթյան մոտ 60 տոկոսն արված էր»,- պատմում է Շչորս Դավթյանը:

Պետիկ Կիրակոսյանը՝ այն ժամանակ շրջանի գլխավոր ճարտարապետը, ափսոսում է. «1,8 կմ թունել քանդվեց, աշխատանքները գրեթե ավարտվել էին, մնում էր՝ սարքավորումները տեղադրվեին, բայց… կայանն այդպես էլ չգործարկվեց: Ափսոսում եմ. պետք է աշխատեր ժամանանակից տեխնիկական միջոցներով, ջուրը պետք է ենթարկվեր ե՛ւ մեխանիկական, ե՛ւ բիոլոգիական մաքրման, վերջում  ջուրը պետք է ամբողջովին մաքուր լիներ, նույնիսկ տեխնիկական սպիրտ պետք է ստացվեր»:

«Եթե չեմ սխալվում մինչեւ 2000 թվականը ֆինանսավորումը կար: Հետո ես չեմ կարող ասել, թե կոնկրետ ում մեղքով, բայց այնուամենայնիվ կանգնեց էդ շինարարարությունը: Հետո էլ չգիտեմ թե ով սեփականաշնորհեց, եւ դա համարում եմ հանցագործություն, որովհետեւ անկարելի է, որ այս հսկա քաղաքը չունենա մաքրման կայան: Իսկ Որոտանն էլ այն հունը չունի, որ քշի-տանի այդ ամեն ինչը, աղտոտվածությունը կարող է շատ հիվանդությունների պատճառ դառնալ: Ես կարծում եմ, որ էդ խնդիրը պետք է ինչ-որ ձեւով լուծվի»,- ասում է Շչորս Դավթանը:

 Մաքրման կայանի ճակատագիրը

Նախկին մաքրման կայանի շուրջ 9 մլն ռուբլի արժողությամբ նպատակային շինարարությունը, որի զգալի մասը կատարված էր, վաղուց դադարեցվել է. կայանը սեփականաշնորհված է:

2001 թվականին «Սիսիանի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ն դատարանի վճռով սնանկ ճանաչվեց, իսկ դրա հաշվեկշռում գտնվող մի շարք կառույցներ աճուրդով օտարվեցին: Որպես անավարտ շինություն 10 մլն դրամ արժողությամբ օտարվեց նաեւ մաքրման կայանը: 

Մինչեւ 2008 թվականը կառույցը կռվախնձոր էր Սիսիանի համայնքապետարանի եւ սեփականատիրոջ՝ Վարդան Վարդանյանի (ով, ի դեպ, քաղաքապետարանի նախկին ֆինանսական բաժնի պետի՝ Լիլյա Մարգարյանի ամուսինն է: Կայանն օտարվել է Լ. Մարգարյանի պաշտոնավարման տարիներին) համար: 2004-2008 թթ. ընթացքում դատարան է ներկայացվել շուրջ 22 հայց, նպատակը, ըստ շինության  սեփականատիրոջ, մեկ այլ անհատի այն 2 մլն դրամով վաճառելն էր: «Կռիվը» բոլոր դեպքերում էլ ավարտվել է ներկայիս սեփականատիրոջ հաղթանակով:

Այն, որ մինչեւ 2000 թվականը կառույցի շինարարության համար գումար է հատկացվել, հնարավոր չեղավ պարզել: Պատասխանատու այրերն ասացին, որ նման փաստերի չեն տիրապետում, իսկ ընկերության փաստաթղթերն առհասարակ չգիտեն՝ որտեղ է: Այդ փաստաթղթերը չգտանք նաեւ Հայաստանի ազգային արխիվի Սիսիանի ներկայացուցչությունում: Չէին հանձնել պարզապես:

Մեր տեղեկություններով՝ կայանի գործարկման համար անհրաժեշտ սարքավորումները, այնուամենայնիվ, Սիսիան հասել են: Համենայն դեպս, դրանք 2003-2004 թթ. գտնվել են Ոռոգման ցանցերի շահագործման վարչության պահեստում: 2004 թվականից հետո սարքավորումներն անհետացել են: Ասում են, որ դրանցում եղել են թանկարժեք մետաղներից պատրաստված դետալներ:

Ներկայում մաքրման կայանի սեփականատերն այն օգտագործում է անասնապահական նպատակներով, ասում է նաեւ, որ հետագայում նպատակ ունի այդ տարածքում լեռնային տուրիզմի կենտրոն կառուցել: Դա իր իրավունքն է:

Իսկ Սիսիանին վերոնշյալ եւ էկոլոգիական նոր խնդիրներից խուսափելու  համար անհրաժեշտ է նոր մաքրման կայան: Սեյրան Մինասյանի կարծիքով՝ առաջիկա 50 տարիներին մաքրման կայանի կառուցման հերթը դժվար Սիսիանի հասնի՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի մյուս տարածքներում եւս՝  Երեւան, Վանաձոր, Ալավերդի, Գյումրի, խնդիրն առկա է: Ընդ որում, Երեւանի մաքրման կայանի  կառուցման արժեքը գնահատվում է 300-500 մլն եվրո:

Սրբուհի Գրիգորյան

Սիսիան

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter