
«Չունենալով ճոխ ֆինանսական միջոցներ` միշտ փորձել եմ տեսքս տեղը պահել». Լուսինե Սարգսյան
Լուսինե Սարգսյանը վանաձորյան հեռուստաեթերի ամենաերկարակյաց հաղորդավարն է: Ի դեպ, հաղորդավար թե մեկնաբան անվանումներից` նա իր գործունեությունը բնութագրող է համարում երկրորդը` բացատրելով, որ հաղորդավարը ժամանցային, սոցիալական-քաղաքական կամ որևէ այլ ուղղվածության հաղորդում վարողն է, իսկ ինքը լրատվական սյուժեներ է մեկնաբանել: 2002 թվականից անընդմեջ Լուսինեն վարել է «Լոռի» հեռուստաընկերության «Մունետիկ» լրատվական թողարկումը: Մինչդեռ տեղական մյուս հեռուստաընկերություններում լրատվական հաղորդումները ժամանակ առ ժամանակ առանց մեկնաբանության էին եթեր տրվում կամ մեկնաբանների հաճախակի փոփոխությամբ:
10 տարի առաջ, երբ անսպասելի որոշվեց, որ Լուսինեն փոխարինելու է «Մունետիկի» մեկնաբանին` վերջինիս հիվանդ լինելու պատճառով, նա, բնականաբար եթերին պատրաստ չլինելով, մեկնաբանի ասելիքը թղթի վրա էր գրել ու փորձել հնարավորինս մտապահել, որ հեռուստադիտողը չզգա, թե տեսախցիկն անսովոր է իր համար: «Հնարավորինս փորձեցի իմ նոր լինելը թաքցնել,-առաջին փորձն է մտաբերում Լուսինեն,-Առաջինը միշտ դժվար է, ու այդ պահին ցայտնոտային վիճակում ես հայտնվում: Քեզ գնահատում են արդեն էկրանից այն կողմ»:
Առաջին փորձությունից հետո դեռ 5 տարի էլ նա լրատվական ռեպորտաժներին նախորդող հաղորդավարական խոսքը, որ նախահաղորդակ (պադվոդկա) է կոչվում, անգիր էր անում` տպավորություն ստեղծելով, սակայն, թե իր առջև դրված թղթից է կարդում: Ու երբ 2005-ից ներմուծվեց հուշարարը (սուֆլյոր), այն սկզբում տարօրինակ թվաց Լուսինեին:
«Սուֆլյորի հետ չունեի, ասում էի` խանգարում է ինձ, չեմ կարողանում կենտրոնանալ, մտքերս ի մի բերել: Բայց ինձ բացատրում էին, որ այն ինձ օգնելու է եկել, ոչ թե խանգարելու,-հիշում է Լուսինեն:
Դժվարությամբ թղթից անցում կատարելով հուշարարին` հետո այն դարձավ իր բարեկամը: Չնայած մինչև վերջ էլ Լուսինեն եթեր էր մտնում տպագիր նախահաղորդակներով, որ տեխնիկական թերությունների կամ անսարքության դեպքում թերթից կարդա հաղորդելիքը:
Լրատվական թողարկումը, Լուսինեի ասելով, ենթադրում է որոշակի կանոններ, այդ թվում` ներշնչող, լսելի խոսք, որն, ամենակարևորը, պետք է պարզ, մատչելի ու հասկանալի լինի հասարակության բոլոր շերտերին` «տարեց տատիկից մինչև կոյուղագործ»: Հեռուստադիտողին ներկայանալը պատասխանատու է այն առումով, որ լուրեր հաղորդելիս մեկնաբանը նաև ոճ է թելադրում, ճաշակ: «Ինձ միշտ հարցնում էին` ինչու չես ժպտում լուրերը հաղորդելիս: Դա միշտ երկակի հարցադրում էր առաջացանում. նախ` ինչու պիտի ժպտամ, երբ որ հաղորդում եմ, օրինակ, նախագահի պաշտոնական այցի մասին: Միգուցե ճիշտ էին, բայց ես տեղին չեմ գտել, որ ժպտամ: Երկրորդ` ես արդարանում էի, ասում էի` բայց չէ որ լուրեր եմ հաղորդում, ժամանցային հաղորդում չեմ վարում կամ «Բարի լույս», որ ժպտալով, թեթև ոճով վարեմ»,-ասում է Լուսինեն:
Չնայած այդպես սկզբունքորեն նա մինչև վերջ էլ չժպտաց հեռուստաեթերից, բայց 2005-06 թթ. մարզային հեռուստաընկերությունների վերաբերյալ «Այրեքս»-ի (IREX) կողմից հեռուստադիտողի շրջանում անցկացված հարցումների հիման վրա հենց ինքն է ճանաչվել «մարզային ամենաբարի հեռուստամեկնաբանը»:
«Եթե չի փոխվում մարդու կյանքը, փոխվում է նրա սանրվածքը» նշանաբանով եթերում էլ Լուսինեն հաճախակի փոխում էր սանրվածքը, որ ոչ միայն ինքը չհոգնի միապաղաղությունից, այլև հեռուստադիտողին էլ չհոգնեցնի: Գույների հարցում առաջնորդվել է բնական երանգների ընտրությամբ, որոնք սազում են իրեն:
«Արտառոց, ճչացող, աչքի ընկնող բաներ չեմ արել. հեռուստատեսությունը չի սիրում նման բաներ»,-ասում է մեկնաբանը: Հագուստի ոճը եթերում սկզբունքորեն միշտ եղել է դասականը. առաջին եթերը վարել է կոստյումով, որն, ի դեպ, իրենը չէր, և վերջին եթերից (այս տարվա ապրիլի 15-ին) դուրս է եկել կոստյումով: Չնայած ոճի միօրինակությանը` դարձյալ հեռուստադիտողին չձանձրացնելու համար աշխատել է մշտապես փոփոխել հանդերձանքը: Տեղական լրատվամիջոցներում հաղորդավարն այնքան աշխատավարձ չի ստանում, որ կարողանա իրեն շռայլություններ թույլ տալ այս հարցում: «Զուտ հաղորդավարի աշխատավարձով չէ», բայց ընդհանրապես աշխատավարձով Լուսիեն փորձել է «հնարավորինս պահել իր տեսքը»: Միայն հաղորդավարի աշխատավարձը շատ քիչ է, զուգահեռ Լուսինեն այլ աշխատանքներ է կատարել միևնույն` «Լոռի» հեռուստաընկերությունում: Լինելով փոքր հեռուստաընկերություն և ունենալով փոքրաթիվ աշխատակազմ`«Լոռին» փորձում է աշխատողին, Լուսինեի բառով ասած, «բազմապրոֆիլ» դարձնել. oրինակ` ինքը և մեկնաբան էր, և լրագրող, և լուրերի խմբագիր և զուգահեռ գործարքային սկզբունքով առուվաճառքի հայտարարություններ էր պատրաստում. կեսօրվա ժամը 11-ից մինչև երեկոյան 11-ը զբաղված էր հեռուստաընկերությունում: Ցածր աշխատավարձի հետ կապված` եղել են հիասթափության պահեր, բայց, ինչպես Լուսինեն է ասում, դա շատ քիչ է հետաքրքրում հեռուստադիտողին:
«Դու չես կարող քո տեսքով հեռուստադիտողին ասել` գիտես, հեռուստադիտող ջան, իմ հիմնարկությունը ֆինանսական սուղ միջոցներ ունի, այնքան բարձր աշխատվարձ չեմ ստանում, որ ճոխ հագուստներ ինձ թույլ տամ: Բայց չունենալով ճոխ ֆինանսական միջոցներ` ես միշտ փորձել եմ տեսքս տեղը պահել, որ հեռուստադիտողը զգա, որ ինձ վրա ինչ-որ բան փոխվել է` թեկուզ մազերի գույնը, սանրվածքը, կոստյումը: Աշխատել եմ բազմակերպ երևամ: Միգուցե ուրիշ հաղորդավար լիներ, հոգներ, ջղայնանար, ասեր վերջ, հերիք է, ինչքան կարող էի, արեցի: Ես այդպես չեմ մտածել: Դա նաև իմ անձից է. ես ինձ միշտ դրական նոտայի վրա եմ տրամադրում, միշտ պլյուսի վրա: Իսկ այդ դեպքում մարդն անկախ իրենից զգում է այդ պլյուսը իր մեջ»,-իր եռանդի աղբյուրն է բացահայտում հեռուստամեկնաբանը:
7 ամիս է` Լուսինեն չի վարում «Մունետիկը»: Շահավետ առաջարկ ստանալով` աշխատանքի է անցել «Լիարժեք կյանք» ՀԿ-ում` որպես հանրային կապերի պատասխանատու և համանուն ամսաթերթի համակարգող, որը լուսաբանում է հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները: Լուսինեն շարունակում է պահպանել կապը «Լոռի» հեռուստաընկերության հետ, հաղորդումներ վարելու առաջարկներ է ստանում, բայց արդեն համաձայնում է, եթե ժամանակային առումով կարողանում է հարմարեցնել ներկայիս աշխատանքի հետ:
«Պահ գալիս է, որ ափսոսում եմ եթերը թողնելու համար,-անկեղծանում է Լուսինեն,-բայց չեմ էլ մտածել, որ ինձնից հետո «Մունետիկը» դադարեցվելու է. չէ որ եղել է մինչև ինձ, և լինելու է նաև ներկա մեկնաբանից հետո»:
Լուսանկարը` Լուսինե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել