
Արցախի Հանրապետությու՞ն, մա՞րզ, թե՞ մարզ-հանրապետություն...
Ես՝ էս աշխարհում մի-երկու իրավաբանական դավթար կարդացածս, էս Արցախ-Ղարաբաղից բան էլ չեմ հասկանում: Փորձենք չոր փաստերը գցել անցյալի խախալի մեջ ու մի լավ թափ տալ. տեսնենք՝ ինչ կմնա խախալի վրա:
Ահա խախալի վրա մնացած չորս հիմնական փաստերը.
ա) 1989 թվականի դեկտեմբերի 1 - «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշում (ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից չընդունված):
բ) 23.08.1990 -ի Հայաստանի Անկախության մասին հռչակագիր՝ հիմնվելով վերոհիշյալ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման վրա:
գ) 1995 թվի (2005 թվին վերահաստատված) ՀՀ Սահմանադրության ընդունում՝ հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հիմնարար սկզբունքները:
դ) 1991 թվականի սեպտեմբերի 2-ին ստեղծված և 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախ հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության ընդունում՝ հաստատելով հավատարմությունը 1992 թվականի հունվարի 6-ի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հռչակագրի սկզբունքները:
Նույնիսկ Պլըպուղին կհարցներ՝ հիմա Արցախը ի՞նչ է կամ ումի՞ց է անկախանում:
Եթե Արցախը անկախ հանրապետություն է, ապա այդ ո՞ր օրինական (միջպետական կամ միջազգային) պայմանագրի հիման վրա են ՀՀ-ի զինվորները ծառայում Արցախում:
Եթե Արցախը ՀՀ-ի մաս/մարզ է (ինչպես ՀՀ Սահմանադրությունն է մատնանշում), ապա ուրեմն Արցախն անկախանում է Հայաստանի՞ց ու ՀՀ իշխանություններն օժանդակո՞ւմ են սրան:
Էս նազար-քաջերին տեսեք: 1000 տարվա մեջ հազիվ մի հաղթանակ են տարել. գլուխները կորցրել են. «մենք ողբերգության մատյաններ պաշտող ու լացուկոծ սիրող ազգ ենք»:
Վաղուց արդեն ժամանակը չէ՞, որ Հայաստանի իշխանությունները ՀՍՏԱԿ, պաշտոնապես ու ԱՌԱՋԻՆԸ հայտարարեն ամբողջ աշխարհին, թե էս Արցախը Հայաստանի համար հիմա «մի՞ս է, թե՞ ձուկ»:
Մինչև ե՞րբ մարդկանց «պատերազմով» կարելի է վախեցնել՝ ընտրվելու համար: Ոսկե ձկնիկներն էլ, ի վերջո, ծերանում են ու դառնում հոտած ձուկ:
Հազարավոր մարդիկ զոհվեցին, որպեսզի Արցախը (de jure և՛ de facto) ՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԻ Հայաստանի հետ, այլ ո՛չ, որ Արցախի շուրջը (ընտրությունից ընտրություն) այսպես կոչված «խաղաղություն պահպանվի»:
Սպասում եք, որ 2 տարի հետո էլ Ֆիջիի Հանրապետության ամենամեծ Վիտի-Լեվու կղզու պառլամե՞նտը հիմա էլ «ճանաչի» ԼՂՀ-ի անկախությունը: Ինչպես գիտեք, այնտեղ 6 հայ ընտրող է ապրում:
Մեր գյուղացի օղորմածիկ չոբան Չատու խոսքերը հիշեցի. «Բա որ ես իմ ոչխարներին չխուզեմ, ինձ ո՞վ իրա ոչխարի բուրդը կտա»:
Վարազ Սյունի
Ամստերդամ
04.11.2012
Մեկնաբանություններ (18)
Մեկնաբանել