HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

ՀԱԿԱկոռուպցիան. այս պարապ վախտի խաղալիքը...

«Մենք պետք է ինքներս բացահայտենք առկա կոռուպցիոն դրսևորումները: Եթե իշխանությունն ինքը չի բացահայտում դրանք, հասարակությունը, որը գիտակցում է, որ այս երկրում կոռուպցիան լուրջ չարիք է, կորցնում է վստահությունը իշխանության նկատմամբ»,- ասել է հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 3-ին Կառավարությունում կայացած, կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում: Նա նաև ավելացրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ստեղծված իրավիճակն իրենց չի բավարարում, և որ հանրապետության նախագահը, խիստ գնահատականներ տալով, իրենցից վճռական քայլեր է պահանջել:

Փաստորեն, եթե հանրապետության նախագահը նման խիստ գնահատականներ չտար և վճռական քայլեր պահանջեր, վարչապետն այդպես էլ գլխի չէր ընկնելու, որ իշխանության նկատմամբ հասարակության անվստահությունը կապված է առաջին հերթին կոռուպցիոն երևույթները բացահայտելու իրենց կարողության հետ:

Նման մեկնաբանությունն ինքնին ցույց է տալիս, թե որքան արհեստական է կոռուպցիայի դեմ սկսված այն արշավը, որը նախագահական ընտրություններին ընդառաջ նախաձեռնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, և որին ստիպված սկսեց քարոզչական մակարդակով սպասարկել ողջ իշխանական մեքենան: Իսկ նրանից, ինչ արհեստական է, երբեք արդյունքներ ակնկալել հնարավոր չէ:

Վարչապետի կողմից ղեկավարվող կոռուպցիայի դեմ պայքարի այս խորհրդի գործունեությունից ոչ ոք ըստ էության տեղյակ չէ: Նրա մասին վերջին տեղեկատվությունը վերաբերում է 2010թ. ապրիլին: Այն էլ՝ ընդամենը Խորհրդի կանոնադրության մեջ ինչ-որ փոփոխությունների և խորհրդի կողմից 2008թ. ընդունված «Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի»՝ 2009թ. համար նախատեսված միջոցառումների կատարման մասին զեկույցն ի գիտություն ընդունելու մասին է: 2012թ. արդեն ավարտվում է: Դա նշանակում է, որ ավարտվում է նաև հակակոռուպցիոն այս ծրագրի իրականացման ժամկետը, ինչն էլ իր հերթին նշանակում է, որ արդեն իսկ պետք է արձնագրվեին դրա իրագործումից բխող շոշափելի արդյունքները:

Մնչդեռ այդպիսիք ոչ միայն չկան, այլև կոռուպցիայի դեմ պայքարը նոր, վիրահատական մակարդակի բարձրացնելով՝ վարչապետը փաստացի ընդունում է, որ այն տապալվել է: Հակառակ դեպքում նա գոնե դժգոհություն հայտնող նախագահին պետք է բացատրեր, որ գոյություն ունի նման ծրագիր, որով հստակ թիրախներ են նախանշված, հստակ գործողություններ են իրականացվում, և որպեսզի դատենք՝ կոռուպցիայի դեմ պայքարը որքանով է արդյունավետ եղել, պետք է նախ հասկանալ՝ ինչքանով է այդ ծրագիրն իրականացվել:

Եթե դա չի արվում, նշանակում է՝ կամ վարչապետի համար այդ ծրագիրն ընդամենը 1-1.5 տարի տևած անիմաստ աշխատանքի ու նույնքան անիմաստ վատնված հսկայական միջոցների արդյունք է, կամ էլ նախագահի օրվա տրամադրությունը, քաղաքական հավակնություններն ավելի էական են, քան այդ հսկայական աշխատանքն ու արդեն գործողության մեջ դրված, կարծես թե համընդունելի փաստաթուղթն ու դրանով առաջնորդվելը: Ուստի պետք է սպասել, որ առաջիկայում նախագահի խիստ գնահատականների ֆոնին վարչապետն առնվազն կխոստովանի, որ այդ ծրագիրը մնացել է անիրագործելի, կամ էլ իրենք ի սկզբանե սխալ թիրախներ էին ընտրել ու բոլորովին սխալ աշխատանքներ իրականացրել:

Այս իրողությունը նաև վկայում է, թե որքան անլուջ է ընդհանրապես վերաբերմունքը կոռուպցիայի դեմ պայքարի նկատմամբ: Ընդամենը 5 ամիս առաջ Տիգրան Սարգսյանը Բրյուսելի Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոնում ունեցած իր ելույթում, ապա նաև դրանից հետո կայացած մամուլի ասուլիսում, ի պատասխան այն հարցին, թե ինչո՞ւ Հայաստանը կոռուպցիայի դեմ պայքարում չի առաջնորդվում վրացական օրինակով, հայտարարում է. «Պատասխանը շատ պարզ է. որովհետև Հայաստանում ընդունելի չէ փոփոխությունների հեղափոխական ճանապարհը: Մենք գնում ենք էվոլյուցիոն փոփոխությունների ճանապարհով: Դա ավելի երկարաժամկետ ջանքեր պահաջող ճանապարհ է, բայց ապահովում է կայունություն, ինչը գերակայություն է մեզ համար՝ հաշվի առնելով մեր հարևանների հետ ունեցած հարաբերությունները»:

Հինգ ամիս անց նա արդեն խոսում է հեղափոխական լուծումների կամ վիրահատական միջամտությունների անհրաժեշտության մասին: Եվ մնում է հասկանալ՝ հիմա մեզ այլևս ներքին կայունություն պետք չէ՞, թե՞ հարևաների հետ հարաբերություններն այնքան կարգավորված են, որ հանգիստ կարող ենք անցնել հեղափոխությունների ու ցնցումերի: Չնայած սեղանին առկա ռազմավարությանը, ընդամենը ամիսների ընթացքում հնարավոր է դառնում իրար այսքան հակասող մոտեցումներ արտահայտել: Մնում է ընդամենը ենթադրություններ անել՝ եթե Բրյուսել կատարելիք հաջորդ այցի ընթացքում նրան հարց տան, թե ինչքանով արդարացրեց իրեն էվոլյուցիոն բարեփոխումների ճանապարհը, ի՞նչ է ընդհանրապես պատասխանելու ՀՀ վարչապետը:

Անցած տարիներին Հայաստանում ստեղծվել են հակակոռուպցիոն նշանակության մի քանի ինստիտուտներ: Դրանցից կարելի է առանձնացնել հատկապես երկուսը. Հանրային խորուրդը, որը կոչված էր տարատեսակ խնդիրների վերաբերյալ հանրության կարծիքը գեներացնելուն ու քաղաքական որոշումների մակարդակի հասցնելուն, այսինքն՝ պետական կառավարման նկատմամբ հանրային վերահսկողության իրականացմանն ու մասնակցայնության ապահովմանը, և Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը, որն ստեղծվեց 2012թ. հունվարին և կոչված էր ոչ միայն իրականացնելու 500 բարձրաստիճան պաշտոնատար անձնանց եկամուտների հայտարարագրումը, այլև լիազորված էր քննության առնել այդ պաշտոնյաների կողմից էթիկական նորմերի խախտման դեպքերը:

Այս ինստիտուտներից և ոչ մեկն այդպես էլ չաշխատեց: Ստեղծման և գործունեության 4-5 տարում Հանրային խորհրդի ընդունած որևէ կարծիք կամ որոշում այդպես էլ Կառավարության գործողությունների համար ուղենշային չդարձավ: Եվ այն ուղղակի վերածվեց «պարապ վախտի խաղալիքի» կամ քաղաքական թոշակառուների ակումբի, որը կարող է առավելագույնը լուրջ քննարկման առարկա դարձնել, օրինակ, ԱԳՆ շենքի վաճառքի հարցն այն դեպքում, երբ այն արդեն մոտ մեկ ամիս առաջ Կառավարությունը վաճառել էր:

Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովը իբր գործում է արդեն 10 ամիս: Այս տարվա կեսերին, երբ անգամ մեկ ասուլիս չէր հրվիրվել՝ գոնե հանրությանը ներկայացնելու, թե ինչով են այսքան ժամանակ զբաղված հարկատուների հաշվին աշխատավարձ ստացող այս հանձնաժողովի անդամնեը, վարչապետը Բրյուսելում հպարտանում էր. «Մեր խոսքը և գործը պետք է համընկնեն, և ես համոզված եմ, որ այս տարի լուրջ դեբատներ են մեզ սպասվում այս 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց եկամուտների վերաբերյալ»:

Նման դեբատներ, իհարկե, չեղան, որովհետև հանձնաժողովն այնքան խորը ընդհատակ էր անցել, որ կարելի էր անգամ մոռանալ նրա գոյության մասին, եթե հանկարծ վարչապետն ինքը չհիշեր դրա մասին ու չորոշեր կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի այս վերջին նիստին հաշվետվության կանչել դրա ղեկավարին: Որևէ մեկն առ այսօր չգիտի՝ ինչո՞վ է այն զբաղված եղել մեկ տարի շարունակ, ի՞նչ խնդիրներ է լուծել, եթե իհարկե, առհասարակ լուծել է, ի՞նչ է բացահայտել բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներկայացրած եկամուտների հայտարարագրերում, երբևէ որևէ մեկի նկատմամբ վարույթ հարուցվե՞լ է, թե՞ ոչ և այլն: Էթիկայի այս հանձնաժողովի նման գործելաոճն, ահա, ամբողջությամբ արտացոլում է կոռուպցիայի դեմ հայաստանյան պայքարի ողջ «հմայքը»:

Կոռուպցիան Հայաստանում ունի համակարգային բնույթ: Սա անուղղակիորեն հաստատվում է նաև վարչապետի կողմից ղեկավարվող կոռուպցիայի դեմ պայքարի այս խորհրդի ընդունած «Հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2009-2012թթ. միջոցառումների ծրագրով», որում հստակ ընդգծվում է, որ Հայաստանում կոռուպցիան դրսևորվում է բոլոր երեք ուղղությամբ՝ գործառնական, վարչական և քաղաքական: Սա ենթադրում է, որ կոռուպցիայի դեմ պայքարն էլ պետք է լիներ համակարգային ընդգրկման: Մինչդեռ հանրապետության վարչապետը անցած շաբաթ օրը հրավիրած Խորհրդի նիստում հայտարարում է. «Մենք պետք է բացահայտենք առաջնային 3-4 ոլորտները և մեր ուժերը կենտրոնացնենք կոռուպցիոն երևություները ծնող պատճառների վրա»:

Այսինքն չնայած կոռուպցիայի դեմ «վիրահատական միջոցների դիմելու» մասին վարչապետի հայտարարություններին՝ ակնհայտ է, որ այդ պայքարը շարունակելու է ոլորտային, ըստ էության՝ հրշեջային բնույթ կրել: Նման իրավիճակում որևէ նշանակություն չի կարող ունենալ՝ հնչած վերջին հայտարարություններին կաշառակերության կամ պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով կալանավորումներ կհետևե՞ն, թե՞ ոչ, կամ եթե անգամ հետևեն, որքանո՞վ մեծ կամ փոքր կլինեն «ցանցի մեջ հայտնված շնաձկները»: Որովհետև երբ կոռուպցիան համակարգային բնույթ ունի, այնքան էլ էական չէ՝ ովքեր են «պտուտակները»: Դրանց շարքից դուրս գալու, «վառվելու» կամ պարզապես քավության նոխազ դառնալով չեզոքացվելու դեպքում ընդամենը անհրաժեշտ է լինում հինը պտուտակը փոխարինել նորով:

Մինչդեռ որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարը համակարգային լինի, անհրաժեշտ է խափանել այդ պտուտակներով ձգված ու դրանց միջոցով աշխատող մեքենան: Դրա համար պետք է անել մեկ, բայց չափազանց լուրջ ու ֆունդամենտալ քայլ. կենսագործել իշխանության թևերի տարանջատման և փոխհավասարակշռման սահմանադրական նորմը: Այսինքն՝ անցկացնել նորմալ ընտրություններ՝ լեգիտիմ խորհրդարան ձևավորելու համար և թույլ տալ, որ այն լիարժեքորեն իրականացնի գործադիրի նկատմամբ վերահսկողական իր գործառույթը, ինչպես նաև ապահովել լիարժեք անկախ, հատկապես գործադիրի և նախագահի ազդեցությունից զերծ դատական և արդարադատության համակարգ, որը առաջնորդվի ոչ թե Բաղրամյան 26-ից եկող հրահանգներով, այլ բացառապես օրենքով: Քանի դեռ այս սկզբունքային խնդիրը չի լուծվել, մնացած ամեն ինչի մասին խոսակցություններն ընդամենը ջուրծեծոցի են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter