Ամբողջ աշխարհում մոտ 12 միլիոն մարդ չունի քաղաքացիություն
Միավորված ազգերի կազմակերպության փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հաշվարկներով ամբողջ աշխարհում քաղաքացիություն չունեցող անձանց թիվը հասնում է մոտ 12 միլիոնի, թեպետ նրանց ճշգրիտ թիվն անհայտ է:
Լինել ապաքաղաքացի նշանակում է չհամարվել աշխարհի որևէ պետության քաղաքացի: Ապաքաղաքացիները իրենց ամենօրյա կյանքում բազում խնդիրների են հանդիպում. նրանք կարող են զուրկ լինել առողջապահության, կրթության, սեփականության իրավունքի և ազատ տեղաշարժվելու հնարավորությունից:
Ապաքաղաքացիությունը կարող է կանխվել քաղաքացիության վերաբերյալ պատշաճ օրենսդրության և ընթացակարգերի, ինչպես նաև ծնունդների համընդհանուր գրանցման միջոցով: Իսկ ապաքաղաքացիության այն դեպքերին, որ այնուամենայնիվ առաջանում են, կարող է լուծում տրվել համապատասխան միջամտություններով՝ սկսելով քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցներից:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակը նոյեմբերի 8-ին Երևանում կազմակերպում է սեմինար՝ նվիրված քաղաքացիության և ապաքաղաքացիության հիմնահարցերին:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել