HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում նոր բակեր են կահավորվել հարմարավետ խաղային ատրակցիոններով

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած հերթական աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է նոր, հարմարավետ ու խաղային ատրակցիոններով կահավորված հերթական բակերը: Հանգստի փոքրիկ այս գոտիների բացմամբ 2012թ. ծրագրով բարեկարգված երևանյան բակերի թիվը հասավ շուրջ 400-ի:

Հատկանշական է, որ Բաբաջանյան 6 շենքի բնակիչները ևս սիրով են արձագանքել քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին և շահագործման հանձնված նոր բակային տարածքը հիմնականում կառուցվել է նախկինում ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղում. «Ողջունելի է, որ բնակիչները ևս իրենց մասնակցությունն են ունենում բակերի բարեկարգման ծրագրերին: Բարեկարգ բակ ունենալու համար, նրանք իրենց ձեռքով քանդում են ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքները, անգամ լինում են դեպքեր, երբ իրենց ցանկությամբ տեղափոխում են նաև ավտոտնակները»,- ասել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը շրջել է բակում, ծանոթացել կատարված աշխատանքներին, զրուցել բնակիչների հետ:

Բակի բնակիչներն իրենց գոհունակությունն են հայտնել քաղաքապետին' ընդգծելով, որ երկար տարիներ են սպասել իրենց երեխաների համար խաղահրապարակ ու միաժամանակ հանգստի գոտի ունենալուն և այսօր այդ երազանքն իրականություն է դարձել: Բարեկարգման ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվել են եզրաքարերը, սալապատվել են ճեմուղիները, տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, փոքրիկների համար հարմարավետ ժամանակակից խաղային ատրակցիոններ:

Բ 4 թաղամասի Օհանովի 66, 68 և 70 շենքերի բակը ևս կառուցվել է նախկինում ինքնակամ զբաղեցրած բոստանային տարածքների տեղում: Դեռևս ամիսներ առաջ անխնամ այս տարածքի փոխարեն այսօր վառ գույներով ձևավորված բակ է, լի խաղացող բազմաթիվ փոքրիկներով:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բակերի բարեկարգման աշխատանքներն իրականացվել են, ինչպես համայնքային միջոցների հաշվին, այնպես էլ մասնավոր ներդրողների մասնակցությամբ, ինչը ևս քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից է:

Օհանովի 66, 68 և 70 շենքերի բակում ևս քաղաքապետը զրուցել է բակի բնակիչների հետ, լսել նրանց կարծիքները, առաջադրվող խնդիրներն ու ներկայացրել իր մոտեցումները: Տարոն Մարգարյանը շեշտել է, որ քաղաքապետարանի նախաձեռնած «Բարեկարգ Երևան» ծրագրի շրջանակում պետք է բարեկարգվեն երևանյան բոլոր բակերը:

«Մայրաքաղաքի համաչափ զարգացման ապահովման շրջանակում մենք մեր առջև խնդիր ենք դրել առաջիկա տարիների ընթացքում բարեկարգել երևանյան բոլոր բակերը: Միայն այս տարվա ընթացքում մենք արդեն շուրջ 400 բարեկարգված բակ ենք հանձնել մեր բնակիչներին: 2013թ. բյուջեում ևս նախատեսելու ենք բակերի համալիր բարեկարգման աշխատանքներ: Եթե ծրագրի սկզբում մեր համաքաղաքացիները թերահավատորեն էին մոտենում այս աշխատանքների ավարտին, ապա այսօր անհամբերությամբ են սպասում հերթական բակի բացմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter