
ԱՄՆ. ինչո՞վ կարող է ավարտվել Ռոմնիի և Օբամայի մրցակցությունը
Այսօր ԱՄՆ-ում նախագահական ընտրություններ են: Բոլորիս հայտնի է, որ ԱՄՆ ընտրական համակարգը բավականին տարբերվում է մեզ համար սովորական, ուղիղ ժողովրդավարության ընտրական համակարգից: Նորություն չէ նաև, որ նախագահի հիմնական ֆավորիտ համարվող երկու թեկնածուները՝ դեմոկրատ Բարակ Օբաման և հանրապետական Միթ Ռոմնին, ըստ վերջին հարցումների, բավականին մեծ ճշտությամբ ունեն հաղթելու հավասար հնարավորություններ: Եկեք տեսնենք, թե ինչպիսի զավեշտալի իրավիճակներ կարող են ստեղծվել այս ընտրությունների արդյունքում:
Պարտված թեկնածուն՝ նախագահ
Ինչպես ասվեց, Ամերիկայում ժողովրդավարությունը ուղիղ չէ: Նահանգներում մարդիկ ընտրում են այս կամ այն թեկնածուի կողմնակից ընտրողների, որոնց թիվը համեմատական է յուրաքանչյուր նահանգի բնակչությանը: Այնուհետև, այդ ընտրված 540 ընտրողներն ընտրում են երկրի նախագահին:
Բացի դրանից՝ նույն նահանգից չեն կարող ընտրվել տարբեր թեկնածուների կողմնակից ընտրողներ: Տվյալ նահանգից անցնում են այն թիմի ընտողները, որը հավաքել են ձայների պարզ մեծամասնությունը: Այսինքն՝ ձայների մեծամասնությամբ ձևավորվում է տվյալ նահանգի կարծիքը, և վերջնական արդյունքում ստացվում է, որ նահանգն ամբողջությամբ սատարել է այն թեկնածուին, որի օգտին քվեարկել է նահանգի մեծամասնությունը:
Այսպիսով, տեսականորեն կարող է ստեղծվել մի իրավիճակ, որ նահանգների կեսից մի քիչ ավելիում մի թեկնածուն հավաքի 51 տոկոս ձայն, իսկ նահանգների մյուս համարյա կեսում մրցակից թեկնածուն հավաքի ձայների 99 տոկոսը: Երկրորդ թեկնածուն, հավաքելով ավելի շատ ձայն, կարող է պարտվել ավելի քիչ ձայն հավաքած, բայց ավելի մեծ բնակչություն ունեցող նահանգներում ձայների մեծամասնություն հավաքած թեկնածուին:
Այդպիսի իրավիճակ ԱՄՆ պատմության մեջ եղել է 4 անգամ: Վերջինը 2000 թվականին էր, երբ դեմոկրատ թեկնածու Ալբերտ Գորը, հավաքելով ավելի շատ ձայն, քան Ջորջ Բուշը, հավաքեց ավելի քիչ ընտրողներ և պարտվեց:
Որոշ փորձագետներ չեն բացառում, որ հնարավոր է՝ Միթ Ռոմնին, հավաքելով ամերիկացիների ձայների մեծամասնությունը, ավելի քիչ ընտրող հավաքի, քան Բարակ Օբաման:
Հանրապետական նախագահ, դեմոկրատ փոխնախագահ
Առ այս պահ դեռ պարզ չէ, թե թեկնածուներից ով է հավաքելու առավելագույն թվով ընտրողներ, և որոշ փորձագետներ չեն բացառում, որ հնարավոր է՝ Օբաման և Ռոմնին հավաքեն նույնքան թվով ընտորներ (270-ական): Այս դեպքի համար ԱՄՆ Սահմանադրությամբ ենթադրվում է, որ երկրի նախագահին կընտրի Կոնգրեսը, իսկ փոխնախագահին՝ Սենատը:
Այս դեպքում կստեղծվի հետաքրքիր իրավիճակ, քանի որ Կոնգրեսում մեծամասնությունը հանրապետական է, և նախագահ կընտրվի Միթ Ռոմնին, իսկ Սենատում մեծամասնությունը դեմոկրատներինն է, և փոխնախագահ կընտրվի Ջոզեֆ Բայդենը:
Թեև այսպիսի նախադեպ ԱՄՆ պատմությունը չի տեսել, սակայն հաշվի առնելով թեկնածուների աննախադեպ հավասար հնարավորությունները՝ բավականին հավանական է, որ Ամերիկայի նախագահն ու փոխնախագահը լինեն տարբեր քաղաքական թիմերից:
New York Times-ի կատարած ուսումնասիրության համաձայն՝ նախագահական այս ընտրություններում երկու սցենարն էլ հնարավոր է, և դա կարող է հանգեցնել աննախադեպ քաղաքական իրավիճակի, որը կարող է ստիպել հազարավոր ամերիկացիների գալիք հանգստյան օրերին դուրս գալ փողոց՝ պահանջելով փոխել երկրի շուրջ 250-ամյա ընտրական համակարգը: Դեպքերի նման զարգացում չի բացառում նաև BBC-ի կատարած ուսումնասիրությունը:
Դժվար է ասել, թե որքանով են հաջող ԱՄՆ-ում ժողովրդավարության իրականացման մեխանիզմները, սակայն միարժեք է, որ ի հեճուկս միլիոնավոր ամերիկացիների՝ դրանցից բողոքող ընտրական մեխանիզմներն այդ երկրում շատ իներտ են և հազիվ թե տեսանելի ապագայում կրեն զգալի փոփոխություններ:
Լուս.՝ boston.com-ից
Մեկնաբանել