HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ տնտեսական աճի հենասյուները

Տնտեսական աճի ապահովմանն ուղղված միջոցառումները կարել է համարել արդյունավետ և արդարացված, եթե այսօրվա տնտեսական աճը հիմք հանդիսանա տնտեսության հետագա զարգացման համար: Ահա այս տեսանկյունից ՀՀ տնտեսական աճը քննարկելիս շատ տեղին կլինի Վ. Սարոյանի հայտնի «Ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է» արտահայտությունը:

Աղյուսակ 1-ի տվյալներից երևում է, որ մինչև 2007թ. Ներառյալ՝ ՀՀ-ում արձանագրվել է երկնիշ տնտեսական աճ: 

Թվում էր, թե տնտեսությունը բավական բարվոք վիճակում է, և Հայաստանը ֆինանսատնտեսական ճգնաժամից զգալիորեն չպետք է տուժեր, մինչդեռ 2009թ. Հայաստանում արձանագրվեց 14.1% տնտեսական անկում: Հետևաբար, հարց է առաջանում` ինչպե՞ս և ո՞ր ոլորտների հաշվին է Հայաստանում ապահովվել մինչճգնաժամային երկնիշ տնտեսական աճը:

Գծապատկեր 1. Հայաստանի ՀՆԱ-ի[1] արտադրության կառուցվածքը` ըստ ոլորտների, %

Գծապատկեր 1-ում արտացոլված է բավականին հետաքրքիր պատկեր. 2008թ., 2002թ. Համեմատությամբ, ՀՆԱ-ի կառուցվածքում նվազել է ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ` հանքագործական, մշակող արդյունաբերությունների ու էլեկտրաէներգիայի տեսակարար կշիռը: Փոխարենն աճել է շինարարության և ծառայությունների ոլորտի տեսակարար կշիռը: Այսինքն` մինչև 2008թ. ՀՀ տնտեսության երկնիշ տնտեսական աճն ապահովվել է գերակշռաբար ոչ արտադրական ոլորտների հաշվին:

Ինչ խոսք, տնտեսական աճի ապահովման գործում ծառայությունների ոլորտի ունեցած մեծ տեսակարար կշիռը ներկայումս զարգացած երկրների տնտեսական քաղաքականության բնորոշ գծերից է: Սակայն, հարկ է նշել, որ զարգացած երկրներն այդ իրականությանը հանգել են արդեն իսկ զարգացած գյուղատնտեսություն և արդյունաբերություն ունենալուց հետո, քանզի առանց տնտեսության արտադրական ոլորտի զարգացման՝ հնարավոր չի լինի տնտեսությունում պահպանել երկարատև աճի միտում, ընդամենը կապահովվի ժամանակավոր թվացյալ աճ: Թերևս, 2009-2011թթ. ՀՆԱ-ի կառուցվածքում շինարարության տեսակարար կշռի նվազումը հօգուտ գյուղատնտեսության և արդյունաբերության լավատեսական հույս է ներշնչում: Այսպիսով, կարող ենք ասել, որ ՀՀ տնտեսական աճի հենասյուները ճիշտ չէին ընտրված, և Հայաստանը կարիք ունի տնտեսական աճի ապահովման նոր մոդելի, որի հիմքը պետք է լինի արտադրական ոլորտի զարգացումը: Սակայն անպատասխան է մնում մեկ հարց. ի՞նչ արտադրել: Հայաստանի ներքին շուկան շատ սահմանափակ է, հետևաբար ՀՀ տնտեսությունը չի կարող երկարատև զարգացում ունենալ` բավարարելով մեծամասամբ ներքին պահանջարկը: Փոխարենը` արտաքին պահանջարկը Հայաստանի համար գրեթե անսահմանափակ է և կարող է տնտեսության հետագա զարգացման շարժիչ ուժ դառնալ: Ուստի, հենց պատրաստի արտադրանքի արտահանումը կարող է ՀՀ հետագա զարգացման գրավականը դառնալ: Արդյո՞ք այսօր ՀՀ արտահանման կառուցվածքը գոհացուցիչ է հետագա տնտեսական աճի ապահովման տեսանկյունից, թե՞ դեռևս կան բազմաթիվ չլուծված և հրատապ լուծում պահանջող հարցեր: Այս հարցերի պատասխանը` հաջորդիվ:

Լիլիթ Սարգսյան

ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող


[1] ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունք) 1 տարում տվյալ երկրի տարածքում արտադրված ապրանքների և մատուցված ծառայությունների ամբողջությունն է, որը համեմատելով նախորդ տարվա նույն ցուցանիշի հետ՝ կարելի է պնդել, որ տնտեսության աճ կամ անկում է արձանագրվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter