HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը ցանցային պատրաստվածությամբ աշխարհում 109-րդն է

Համաշխարհային տնտեսական ֆորումը  հրապարակել է «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային զեկույց 2010/11»-ը: Զեկույցում ներկայացված է Հայաստանի ցանցային պատրաստվածության համաթիվը:

Հայաստանը ցանցային պատրաստվածության ցուցանիշով աշխարհում 109-րդն է և նախորդ տարվա համեմատությամբ զիջել է իր դիրքերը 8 հորիզոնականով, չնայած բացարձակ արժեքով գնահատականը աճել է 0.04 միավորով:

Հարկ է նաև նշել, որ այս տարի զեկույցում ընդգրկված երկրների քանակը նախորդ տարվա համեմատ աճել է հինգով:

Զեկույցը ցույց է տալիս երկրների տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումներին մասնակցելու և դրանցից օգտվելու պատրաստվածության աստիճանը:

«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը, որպես Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) համաշխարհային մրցունակության ցանցի գործընկեր, մասնակցում է վերջինիս կողմից պատրաստվող զեկույցներին:

Այս զեկույցի հիմքում ընկած է ցանցային պատրաստվածության համաթիվը, որը ցույց է տալիս երկրների տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացումներին մասնակցելու և դրանցից օգտվելու պատրաստվածության աստիճանը, որն էլ նպաստում է մրցունակության բարձրացմանը:

Զեկույցը հրապարակվում է արդեն 10 տարի: Այս տարի այն գնահատել է աշխարհում 138 տնտեսությունների ՏՏ մրցունակությունը:

ՀՏՖ-ի գնահատականներով ցանցային պատրաստվածության տեսանկյունից լավագույն արդյունքներն են գրանցել Շվեդիան, Սինգապուրը և Ֆինլանդիան:

Առաջին երկուսը պահպանել են նախորդ տարվա իրենց դիրքերը, մինչդեռ Ֆինլանդիան առաջադիմել է 3 հորիզոնականով:

Նախորդ տարի 3-րդ տեղում գտնվող Դանիան թուլացրել է իր դիրքը` զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը:

Ինչպես և նախորդ տարի, լավագույն հնգյակում են Շվեյցարիան և ԱՄՆ-ն (համապատասխանաբար 4-րդ և 5-րդ հորիզոնական):

Ընդհանուր առմամբ, Հայաստանում նահանջ է արձանագրվել ցուցանիշի բոլոր 3 բաղադրիչներում, որոնցից յուրաքանչյուրում Հայաստանի դիրքերն անկում են գրանցել 6 տեղով:

Ցանցային պատրաստվածության ցուցանիշով Հայաստանը շարունակում է անբարենպաստ դիրք զբաղեցնել անգամ ԱՊՀ երկրների շրջանում: Նշված համադրելի երկրների շարքում ընդհանուր ցուցանիշի դրական տեղաշարժ է արձանագրվել Ղազախստանում, Ռուսաստանում և մասնավորապես Ղրղզստանում, մինչդեռ մյուս երկրների դիրքերը վատթարացել են համաշխարհային ՏՏ վարկանիշայում ցանկում:

Ամենամեծ անկումը գրանցվել է Ուկրանիայում` 8 հորիզոնականով (նույնքան, որքան որ Հայաստանում):

Հարևան Վրաստանն ու Ադրբեջանը, չնայած նույնպես զիջել են իրենց դիրքերը, այնուամենայնիվ, շարունակում են Հայաստանից առաջ գտնվել համապատասխանաբար 11 և 39 հորիզոնականով: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter