Սփյուռքահայ գործարարի ընկերությունից թալանել ու թալանել են
Պայմանագրերը ստորագրվել են, իսկ գումարները չեն փոխանցվել
«Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲԸ և «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ բազմիցս չարչրկված անունները և նրանց միջև ստորագրված փոխառության պայմանագրերով չիրականացված գործարքներն այս պահին Երևանի վերաքննիչ քաղաքացիական դատարանում ևս մեկ դատական նիստի ծավալման պատճառ են դարձել, որին սակայն ընկերությունից գումարներ թալանած անձանցից և ոչ մեկը չի ներկայանում:
Գործով պատասխանող կողմեր են «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ նախկին տնօրեն Էդուարդ Եսայանը, «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲԸ-ի տնօրենները, ովքեր պայմանագրեր են կքնել, և նրանց կողմից լիազորված անձինք, որոնք կեղծ փաստաթղթեր են ստորագրել:
Իսկ սա նույն այն դատական նիստն է, որով պատասխանողներից «Վ.Մ.Գ. Գրուպի» նախկին տնօրեն Էդուարդ Համբարձումյանի կողմից դատարանին հայտնած` գործի լուծման համար էական նշանակություն ունեցող տեղեկություններն անհետացել էին նախորդ տարվա նոյեմբեր ամսին, մինչդեռ նույն այդ տեղեկությունները` հայցվոր կողմի և նրա ներկայացուցչի համոզմամբ, գործի ճիշտ լուծման համար էական նշանակություն ունեցող ապացույցներ են:
Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեռ 2010 թվականի որոշմամբ վարույթ էր ընդունվել Էդմոնդ Խուդյանի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ` Էդուարդ Եսայանի, Էդուարդ Համբարձումյանի, Էդուարդ Մանգասարյանի, Լևոն Դանիելյանի, «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերության: Խոսքը վերաբերում է «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊ ընկերության նախկին տնօրեն Էդուարդ Եսայանի և «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲ ընկերության նախկին տնօրեն Էդուարդ Համբարձումյանի կողմից 2010 թ.-ին կնքված փոխառության և կապալի պայմանագրերին, որոնք ԱՄՆ գործարարի ներկայացուցիչը դատարանից պահանջել է անվավեր ճանաչել: Փասատաբան Լեռնիկ Հովհաննիսյանը ավելի ուշ նաև հայցի ավելացման դիմում է ներկայացրել`«Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի տնօրեն Է.Եսայանի և «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն Կորյուն Բադալյանի կողմից ստորագրված` 40.000.000 և 72.000.000 ՀՀ դրամի չափով փոխառության պայմանագրերը չկնքած համարելու և անվավերության հետևանքներ կիրառելու վերաբերյալ:
Փաստաբանը միաժամանակ միջնորդել է գործի մասնակից «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲԸ-ին պարտավորեցնել դատարան ներկայացնելու նշված երկու փոխառության պայմանագրերը: Դատարանը, սակայն, հայցի ավելացումն ընդունել է, իսկ միջնորդության վերաբերյալ որոշում չի կայացրել: Սրա փոխարեն դատարանը որոշել է գործն ուղարկել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի քննությանը։ Վերջինիս որոշմամբ էլ «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲԸ-ին պարտավորեցվել է, ի թիվս այլ փաստաթղթերի, դատարան ներկայացնել 40.000.000 և 72.000.000 ՀՀ դրամի փոխառության պայմանագրերով գումարները փոխատու «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲԸ-ից փոխառու «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ին փաստացի փոխանցված լինելու հանգամանքը հավաստող հաշվապական կամ բանկային փաստաթղթերը, որոնք ԴԱՀԿ ծառայության կողմից են ներկայացվում դատարան: Սակայն չնայած դրան, դատարանը 2012 թ. հունիսի 14-ի վճռով վեճին լուծում է տվել միայն սկզբնական հայցադիմումով ներկայացրած հիմքերի ու պահանջների շրջանակներում և այդ մասով հայցը մերժել է: Իսկ նախնական դատական նիստի ժամանակ ներկայացված և հետագա բոլոր դատական նիստերում քննության առարկա դարձած հայցապահանջի ավելացումը, հայցի հիմքերի լրացումը, դատարանի որոշման հիման վրա ձեռք բերված ապացույցների հիման վրա հայցվոր կողմի ներկայացրած փաստական հանգամանքները վճռում չեն արձանագրվել: Նշվածի հիման վրա հայցվոր կողմը օգոստոսի 13-ին դիմում է ներկայացրել դատարան` խնդրելով լրացուցիչ վճիռ կայացնել` պաշտոնավարման ժամկետը լրանալու փաստով «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի անունից գործարք կնքելու իրավասություն չունեցող Էդուարդ Եսայանի և «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն Կորյուն Բադալյանի կողմից ստորագրված փոխառության պայմանագրերի անվավերության և անվավերության հետևանքներ կիրառելու վերաբերյալ: Դատարանի որոշմամբ, սակայն, լրացուցիչ վճիռ կայացնելու խնդրանքը ևս մերժվում է: Փասատաբան Լեռնիկ Հովհաննիսյանի համոզմամբ` որոշումը կայացվել է դատական սխալով, ինչով պայմանավորված խախտվել է հայցվորի իրավունքները: Այդ իսկ պատճառով նա այսօր վերաքննիչ դատարանում ներկոյոցանելով բողոքը, խնդրեց վերացնել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի 08 հոկտեմբերի 2012 թվականի որոշումը:
Հիշեցնենք, որ այս գործից` չձայնագրվելու, ձայնագրությունը չպահպանվելու, ջնջվելու, ծրագրային թերության կամ այլ անհայտ պատճառով բացակայում է նաև 30.11.2011 թ. դատական նիստի ձայնագրությունը /արձանագրությունը/, իսկ 25.05.2011 թ.-ի որոշման մեջ անհայտացել է պատասխանող Էդուարդ Եսայանի տվյալները և հասցեն:
Պատասխանողի անհետացած այս ցուցմունքում մասնավորապես նշվել է, որ 2010 թ. փետրվարի 11-ից մինչ հուլիսի 30-ը հանդիսանալով նույն գործով վիճարկվող փոխառության պայմանագրերով փոխատու` «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲԸ տնօրենը որևէ գումար չի փոխանցել «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ին և դրա վերաբերյալ որևէ հաշվապահական փաստաթուղթ չի ստորագրել:
Այսինքն` «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲԸ-ի և «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ի միջև ստորագրված փոխառության պայմանագրերով գործարքներ չեն իրականացվել: Այնինչ այդ պայմանագրերի հիմքով դատարանում սնանկության գործով «Վ.Մ.Գ. Գրուպ» ՓԲԸ-ի անունից ավելի քան 521 միլիոն ՀՀ դրամի պահանջ է ներկայացվել սնանկ ճանաչված «Արին Կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ին, և այդ գումարից 269 միլիոն դրամն արդեն հանձնվել է «Վ.Մ.Գ. Գրուպ»-ին:
Հայցվոր կողմի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը բազմիցս հայտարարել է, որ մի շարք ապօրինի ճանապարհներով է Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական այս գործը 2011 թ. հունիսին հանկարծ հայտնվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում: Հայտնի է նաև, որ նույն գործն անմիջապես հանձնվել էր դատավոր Ալեքսեյ Սուքոյանին, որի կողմից էլ, առանց ծանուցումների, անհապաղ վերացվել էր նույն գործով կիրառված հայցի ապահովումը: Իսկ մեզ հետ զրույցում փաստաբանը միայն հիշեցրեց, որ դատական գործով հիմնական պատասխանողը Էդուարդ Եսայանն է, որը հաշվառված է և բնակվում է Երևան քաղաքի, Նանսենի 1ա շենքի բնակարան 1 հասցեում: Այն, փաստաբանի խոսքով, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին ընդդատյա տարածք է, և դատարանը այս հասցեով պատշաճ ծանուցել է դատական նիստի մասին:
«Եթե Էդուարդ Եսայանը պատասխանողների կազմում չլիներ, ապա հայցն անհիմն կլիներ, քանի որ Էդուարդ Եսայանի ապօրինի գործողություններով է պայմանավորված վիճարկվող կեղծ և շինծու գործարքների կնքումը, և առանց Էդուարդ Եսայանի մասնակցության գործարքներ կնքվելու դեպքում ո՛չ «Արին կապիտալ» ներդրումային ՍՊԸ-ն վնասներ կկրեր, ո՛չ նրա մասնակիցները, ո՛չ էլ հայցադիմում կներկայացվեր դատարան»,- ասում է նա:
Հայցվորի ներկայացուցչի խոսքով` դժվար չէ գործը Կենտրոնի դատարանում քննելու համար «միակ հիմքը ստեղծել»՝ Էդուարդ Եսայանի հասցեն փոխել և նրան հաշվառել Կենտրոնի դատարանի կողմից սպասարկվող տարածքում, իսկ այդպիսի գործելաոճը Կենտրոնի դատարանում, փաստաբանի խոսքով, նախադեպ ունի:
Ինչևէ, վերաքննիչ քաղաքացիական դատարանը այս գործով վճիռը կհարապարակի նոյեմբերի 22-ին, ժամը 15.00-ին:
Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խումբ
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել