
Ինչու էր Օբամայի հաղթանակն ավելի նախընտրելի
Բարաք Օբաման վերընտրվեց ԱՄՆ նախագահի պաշտոնում: Մրցակիցը` հանրապետական Միթ Ռոմնին, արդեն ընդունել է իր պարտությունը և Օբամային շնորհավորել տարած հաղթանակի կապակցությամբ:
Չնայած նախագահական ընտրությունները ավելի մեծ նշանակություն ունեն ոչ միայն բուն ամերիկացիների, այլև ընդհանրապես ողջ աշխարհի համար, հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է երկրագնդի առայժմ հզորագույն գերտերությանը, որը շահեր ու հետաքրքրություններ ունի աշխարհի բոլոր անկյուններում, այսուհանդեձ, պրակտիկան ցույց է տալիս, որ ընտրությունները էական ազդեցություն չեն ունենում ԱՄՆ-ի արտաքին քաղաքական վեկտորների վրա: Գուցե հանրապետականներն իրենց մեթոդներում ավելի կոշտ են, ավելի սկզբունքային, չեն խուսափում հակամարտությունների հրահրումից ու առանձին ռեգիոնններում ճգնաժամային իրավիճակների, գոտիների ստեղծումից, սակայն ընդհանուր առմամբ այդ քաղաքականությունը բխում է ընդհանուր կոնցեպտներից, ռազմավարական առաջնայնություններից: Այնպես որ եթե անգամ Ռոմնին հաղթանակ տաներ, շատ քիչ բան կարող էր փոխվել աշխարհում. միգուցե Մոսկվայի հետ հարաբերություններում որոշակի սրություն ու սառնություն առաջանար:
Եվ այնուամենայնիվ, թե գլոբալ, թե մեզ համար լոկալ առումով Օբամայի վերընտրվելն ավելի ձեռնտու էր թե վարվող քաղաքականության հավասարակշռվածության և թե ամենակարևորը` կանխատեսելիության պահպանման պատճառով: Միանշանակ, այսպես կոչված, օբամայական Ամերիկան ավելի կանխատեսելի է, քան որոշ չափով թվացյալ արկածախնդրայնություն խոստացող ռոմնիական Ամերիկան:
Չնայած իրանական հարցում առկա լարվածությանը՝ այսուհանդերձ Օբամայի վարչակազմը կարծես թե հակված չէ գոնե այս շրջանում դիմելու Իրանի նկատմամբ ռազմական գործողությունների, թեև անակնկալ զարգացումները ընդհանրապես բացառել ևս հնարավոր չէ: Իսկ սա նշանակում է, որ կշարունակվի նաև Հայաստան-Իրան տնտեսական որոշ արտոնություններով առանձնացող հարաբերությունների նկատմամբ աչք փակելու ամերիկյան լոյալ քաղաքականությունը:
Ոչ ռուս-ամերիկյան և ոչ էլ թուրք-ամերիկյան հարաբերությունները նոր վերանայումների չեն ենթարկվի: Սա ուղղակիորեն կպրոյեկտվի նաև հարավկովկասյան տարածաշրջանում նրանց շահերի հարաբերակցության վրա, ինչը նշանակում է, որ ընդհանուր առմամբ ստատուս քվոյի լուրջ փոփոխություն չի լինելու: Հայաստանի շահերից սա բխում է երկու պատճառով: Նախ` չեզոքացվում է ԼՂ հարցում անկանխատեսելի հետևանքներով հղի նոր զարգացումների հնարավորությունը, ինչը հենց Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայման կոնտեքստում բացառված չէր Ռոմնիի իշխանության գալու պարագայում: ԱՄՆ-ն, ըստ այդմ, կշարունակի մնալ ավելի շատ դիտորդի կարգավիճակով գործընթացին հետևողի, բայց միևնույն ժամանակ հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսումը կանխող հիմնական գործոնի դեր կատարողի գործառույթը: Մյուս կողմից՝ չի փոխվի նաև մերձավորարևելյան և հարավկովկասյան տարածաշրջաններում Թուրքիայի դերակատարության ընդլայնումը, գերտերության վերածվելու հավակնությունները զսպելու, հավասարակշռելու ամերիկյան կուրսը: Այդ համատեքստում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման պայմանը Վաշինգտոնը, թերևս, կշարունակի պահելի թուրք-ամիրկյան հարաբերությունների օրակարգում` որպես Անկարայի նկատմամբ ճնշում գործադրելու լրացուցիչ միջոց: Եվ սա հնարավորություն չի տա Անկարային` միջոցներ ձեռնարկելու դուրս պրծնել այդ արձանագրությունները վավարեցնելու առաջին պատասխանատուի կարգավիճակից, ինչը պարզապես փրկում է Հայաստանին այդ արձանագրությունները վավերացնելու պարտադրանքի առջև կանգնելու հեռանկարից: Նույն առաջնահերթությունները թույլ են տալիս ենթադրելու, որ Վաշինգտոնը կպահպանի նաև ԼՂ կարգավորման գործընթաց Թուրքիայի «ներխուժման» ախորժակը զսպելու քաղաքականությունը:
Չպետք է մոռանալ, որ 2015 թ. լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որը հանգուցային կետ է լինելու պահանջատիրության միջազգային ճանաչմանը գործընթացում: Չնայած Ցեղասպանությունը ճանաչելու տված խոստումը դրժելուն՝ Բարաք Օբաման գոնե արտասանել է «Եղեռն» բառը: Նրա վարչակազմի, նաև Կոնգրեսում ու Սենատում դեմոկրատների մեծամասնության հետ աշխատելը համեմատաբար ավելի դյուրին կարող է լինել առաջիկայում, քան եթե նախագահը լիներ Միթ Ռոմնին, ով չափազանց կոշտ մերժողական կեցվածք ունի այս հարցում: Ի վերջո հենց Օբամայի պաշտոնավարման շրջանում էր, որ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված հայկական բանաձևերից մեկը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հավանության արժանացավ` առաջացնելով հսկայական միջազգային ռեզոնանս: Այս իրողությունները հնարավոր չէ անտեսել, և այդ փաստը չէր կարող չազդել 2015-ին ուղղված գործընթացների և այդ համատեքստում ԱՄՆ-ի հետ կապվող հայկական իրականության պլանների ու հույսերի վրա:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել