HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաղդադում կայացավ հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը

Բաղդադում այսօր կայացավ Տնտեսական համագործակցության հարցերով  հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստը` ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի եւ Իրաքի Հանրապետության փոխվարչապետ Ռոշ Նուրի Շաուեյսի համանախագահությամբ:

Հայաստանի եւ Իրաքի պատվիրակությունների ղեկավարները ներկայացրեցին  երկրների տնտեսական իրավիճակը, ինչպես նաեւ քննարկեցին տնտեսական, առեւտրի, ներդրումների եւ գիտատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարեւորվեց առեւտրատնտեսական հարաբերությունների եւ ապրանքափոխանակության մակարդակի բարձրացման ու ընդլայնման անհրաժեշտությունը:

Իրաքյան կողմը տեղեկություններ ներկայացրեց Հայաստանում դեսպանատան վերաբացման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին: Նշվեց, որ մինչեւ տարեվերջ կլուծվի նաեւ Հայաստանում Իրաքի դեսպանի նշանակման հարցը: 

Իրաքյան կողմը նաեւ տեղեկացրեց, որ հետաքրքրությամբ են ծանոթացել Բաղդադի միջազգային 39-րդ առեւտրի ցուցահանդեսում Հայաստանի տաղավարում ներկայացված արտադրանքին: Առաջարկ եղավ կազմակերպել հայկական արտադրանքի առանձին ցուցադրություն:  Պայմանավորվածություն ձեռք բերվեց անցկացնել հայ-իրաքյան գործարար համաժողով, որի շրջանակում էլ կարող է կազմակերպվել նշված ցուցահանդեսը:

Գյուղտնտեսության ոլորտում փոխգործակցության համատեքստում քննարկվեցին գյուղմթերքի, հանքային եւ խմելու ջրերի, պահածոների  արտահանման հնարավորությունները: ՀՀ գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանը  տեղեկություններ ներկայացրեց Հայաստանում սննդի անվտանգության ոլորտում իրականացվող աշխատանքների մասին` նշելով, որ արտահանվող սննդի որակի հետ կապված խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են: Այդ ուղղությամբ համապատասխան ծրագրեր են մշակվել եւ իրականացվում Եվրամիության հետ: Քննարկվեցին նաեւ տնկիների եւ սերմերի արտադրության,  ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների եւ ջրի օգտագործման բնագավառում փորձի փոխանակման, գյուղատնտեսական գիտակրթական հաստատությունների միջեւ  կապերի հաստատման, մասնագետների վերապատրաստման  հարցեր:

Առողջապահության ոլորտում կողմերը  կարեւորեցին  կադրերի պատրաստման, բուժհաստատությունների միջեւ կապերի հաստատման ոլորտներում փոխգործակցությունը: Անդրադարձ եղավ դեղերի համատեղ արտադրություն հիմնելու հնարավորություններին: Քննարկվեցին Իրաքից Հայաստանում բուժման նպատակով հիվանդների ուղեգրման կազմակերպման հարցեր:  Այս համատեքստում ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանը պատրաստակամություն  հայտնեց Երեւանում տասը իրաքցի երեխաների անվճար վիրահատություն կազմակերպել:

Էներգետիկայի եւ բնական պաշարների բնագավառում փոխգործակցության ծրագրի մշակման  պայմանավորվածություն ձեռք բերվեց: Կողմերը համաձայնության եկան համագործակցել նավթագազային արդյունահանման  բնագավառում:

Կողմերը կարեւորեցին նաեւ կայուն օդային հաղորդակցության հաստատման ուղղությամբ աշխատանքները:

Ձեռք բերվեցին կոնկրետ պայմանավորվածություններ` մի շարք ոլորտներում համաձայնագրերի ստորագրման,  համատեղ ծրագրերի իրականացման,  գործարար ուղիղ շփումների ակտիվացման, ներդրումներին վերաբերող տեղեկատվական նյութերի, փորձի փոխանակման վերաբերյալ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ, որը կզբաղվի  երկու երկրների միջեւ ցամաքային հաղորդակցության արդյունավետ ուղիների հնարավորությունների ուսումնասիրմամբ, կներկայացնի առաջարկություններ:

Նիստից հետո ՀՀ փոխվարչապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց  Իրաքի  Հանրապետության վարչապետ  Նուրի ալ Մալիքի հետ:

Նուրի ալ Մալիքը  ողջունեց Հայաստանի պատվիրակության այցը Իրաք` նշելով, որ իր երկիրը մեծ կարեւորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմանը եւ  պատրաստ է լայն համագործակցության` կողմերին հետաքրքրող բոլոր ուղղություններով:  Նա կարեւոր համարեց  միջկառավարական հանձնաժողովի ձեւավորումը երկկողմ հարաբերությունների ակտիվացման, առեւտրաշրջանառության ծավալների  մեծացման,  փոխգործակցության համակարգման տեսանկյունից:  Վարչապետի խոսքով` երկու երկրների հարաբերությունների խորացմանն էապես կնպաստի  նաեւ Հայաստանում  Իրաքի դեսպանատան վերաբացումը:

Ա. Գեւորգյանը նույնպես ընդգծեց, որ Հայաստանը կարեւորում է հայ-իրաքյան առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումն ու զարգացումը: Փոխվարչապետը  գոհունակություն հայտնեց միջկառավարական հանձնաժողովի  արագ ձեւավորման եւ  անդրանիկ նիստի կազմակերպման առնչությամբ: «Դա վկայում է, որ  առկա է երկու բարեկամ  երկրների միջեւ  հարաբերութունները զարգացնելու  փոխադարձ  եւ անկեղծ շահագրգռվածություն»,-նշեց նա:

Կողմերն անդրադարձան միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերին: Նշվեց, որ քննարկվել են գրեթե բոլոր ոլորտներում համագործակցությանը  վերաբերող  հարցեր:  «Մենք  պատրաստ ենք քննարկել տարբեր ներդրումային ծրագրեր, երկու երկրների միջեւ հեռանկարային կարող է լինել նաեւ համատեղ ձեռնարկությունների ստեղծումն ու արտադրանքի արտահանումը»,-ավելացրեց Ա. Գեւորգյանը:

Զրուցակիցներն անդրադարձան ռազմական, նավթագազային ոլորտներում համագործակցության հնարավորություններին: Առանձնահատուկ կարեւորվեցին տրանսպորտային հաղորդակցության նոր ուղիների մշակման հարցերը, որոնք կնպաստեն երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:

Երկուստեք կարեւորվեց իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը:  Կողմերը վստահություն հայտնեցին, որ  առաջիկայում կհաջողվի ստեղծել  այն  նվազագույն անհրաժեշտ իրավապայմանագրային բազան, որի հիման վրա կկառուցվեն  տնտեսական հարաբերությունները, ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը:

Կողմերը ողջունեցին նաեւ հայ գործարարների մասնակցությունը Բաղդադի միջազգային 39-րդ ցուցահանդեսին: Երկկողմ շփումների ակտիվացման  տեսանկյունից կարեւորվեց նմանատիպ միջոցառումների, գործարար համաժողովների կազմակերպումը:

Զրուցակիցները ընդգծեցին նաեւ Իրաքի հայ համայնքի դերը բարեկամ ժողովուրդների միջեւ կապերի ամրապնդման գործում:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանություններ (1)

alexan
hrashali nachadzernutyun e

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter