HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նախարարների կողակիցները հետ չեն մնում առաջիններից

Ներկայացրել էինք կառավարության անդամ բոլոր նախարարների 2011թվականի գույքի ու եկամուտների հայտարարագրերը, այժմ ներկայացնում ենք նրանց կանանց ունեցվածքը:

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի կնոջ` Թամարա Գեւորգյանի 2011 թ.-ի եկամուտները կազմել են 1 մլն 762 հազար դրամ, որն աշխատավարձն է, ինչպես նաեւ բանկային ավանդից ստացած տոկոսագումարը՝ 16 հազար 641 դոլար:

Թամարա Գեւորգյանն ունի 200 հազար դոլարի հանձնված կամ վերադարձված փոխառություն: Նրա հաշվեհամարին եղել է 210 հազար դոլար (տարեսկզբին եղել է 215 հազար դոլար):

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի կնոջ՝ Մարինե Պետրոսյանի եկամուտները բացառապես աշխատավարձից են գոյացել՝ 890 հազար 590 դրամ, սակայն հաշվին ունեցել է 1 մլն դրամ (տարեսկզբին եղել է 700 հազար դրամ):

Ըստ հայտարարագրի՝ 2011-ին որեւէ եկամուտ չի ստացել Հրայր Թովմասյանի կինը՝ Լամարա Խուդավերդյանը, սակայն` նրա հաշվին առկա է 32 հազար դոլար, որի չափը մնացել է անփոփոխ:

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի կինը՝ Մերի Երիցյանը, թեեւ ոչ մի եկամուտ չունի, սակայն նրա հաշվեհամարին առկա է 199 մլն դրամ (տարեսկզբին եղել է 223 մլն դրամ):

Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կինը՝ Նատալյա Նալբանդյանը, նախարարների կանանց ցանկում «ամենաաղքատն» է: Նա ոչ եկամուտ ունի, ոչ էլ դրամական միջոց:

Նույն վիճակին է նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը: Նա նույնիսկ 1 դրամի եկամուտ չի ունեցել, ոչ էլ հաշվեհամարին գումար ունի:

Բնապահպանության նախարար Արամ հարությունյանի կնոջ՝  Հասմիկ Աբգարյանի դրամական միջոցներն ավելի համեստ են` ընդամենը 3 մլն 100 հազար դրամ: Նա ունեցել է նաեւ 5 մլն 814 հազար դրամի եկամուտ, որից 814 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 5 մլն դրամը` վարձավճարից ստացած գումարը:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կինը՝ Նվարդ Հովակիմյանը, 2011-ին ունեցել է 980 հազար 511 դրամի եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից: Սակայն նրա հաշվին առկա է 15 մլն դրամ եւ 32 հազար դոլար:

5 մլն 400 դրամի եկամուտ ունի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի կինը` Կարինե Սիմոնյանը, որն ամբողջությամբ նրա աշխատավարձն է: Ինչ վերաբերում է նախարարի տիկնոջ դրամական միջոցներին, նրա հաշվին առկա է 300 հազար դրամ (տարեսկզբին եղել է 150 հազար դրամ):

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի կնոջ` Հեղինե Մարգարյանի միակ եկամուտը 2 մլն 311 հազար 510 դրամն է: Նա նույնիսկ դրամական միջոցներ չունի իր հաշվին:

Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի ամուսինը՝ Էդուարդ Հակոբյանը, 2011-ին ստացել է ընդամենը 1 մլն 680 հազար 684 դրամի եկամուտ: Որդին՝ Ստեփան Հակոբյանը, 3 մլն 388 հազար 877 դրամի ֆինանսական օգնություն է ստացել, իսկ թե ումից, հայտնի չէ, քանի որ այդ տեղեկությունը համարվում է հրապարակման ոչ ենթակա եւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը այն փակել է:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի կինը՝ Հասմիկ Ղահրամանյանը, 2011-ին ստացել է 12 մլն 119 հազար 742 դրամի եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից եւ ավանդի տոկոսագումարից:

Հ. Ղահրամանյանը իր հաշվին ունի նաեւ 14 մլն 578 հազար 772 դրամ (տարեսկզբին եղել է 3 մլն 415 հազար 924 դրամ):

Հ.Գ. Հայտարարագիր չեն ներկայացրել առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի կինը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի, տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի, քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանի կանայք, իսկ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ամուսնացած չէ:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter