Օշականի հիմնական դպրոցը կջեռուցվի բնական գազով
Օշականի հիմնական դպրոցում այս տարի առաջին անգամ ջեռուցումը կկատարվի բնական գազով: Այդ հնարավորությունը դպրոցում ստեղծվել է շնորհիվ Սան Ֆրանցիսկոյի «Կռուզյան-Զաքյան-Վասպուրական» ազգային վարժարանի կողմից ցուցաբերած բարեգործական ձեռնարկի: Վարժարանի հետ բարեկամությունը սկիզբ է առել 2004 թվականից, եւ առ այսօր նրանց կողմից մի շարք բարեսիրական նախագծեր են իրականացվել: Դրանց մեջ առանձնանում են համակարգիչների եւ տեխնիկական սարքավորումների տրամադրումը, գրադարանային գույքի եւ գեղարվեստական գրականության հատկացումը, դպրոցի համար խմելու ջրագծի կառուցումը, ամենատարբեր միջոցառումներին աջակցությունը եւ այլն:
Դպրոցի համար կարեւորագույն հարցերից մեկը՝ ջեռուցման համակարգի կառուցումը, բարերարները նախաձեռնեցին այս տարի: Կատարվեց գազիֆիկացում, տեղադրվեց ջեռուցման համակարգն իր առանձնացված կաթսաներով: Եւ նախկինում էլեկտրականությամբ կատարվող ջեռուցումը այսօր արդեն փոխարինվելու է գազով ջեռուցմամբ, որը շատ ավելի հարմար է եւ արդյունավետ:
Դպրոցում իրականացվող ծրագրերին նպաստում է նաեւ մարզի ղեկավարության աջակցությունը: Մարզպետ Սարգիս Սահակյանի նախաձեռնությամբ առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման հրատապ ծրագրերի շրջանակում այստեղ կառուցվում են կոյուղու հոր եւ ջրահեռացման համակարգ, ինչպես նաեւ ֆուտբոլի մարզադաշտ եւ խաղահրապարակ: Աշխատանքներն արդեն ավարտման փուլում են եւ շահագործման կհանձնվեն սահմանված ժամանակին:
Արագածոտնի մարզպետարան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել