
Ախուրյանում բարդիների խորը էտումը անհանգստացրել է բնակիչներին
«Արդշինինվեստբանկի» Ախուրյանի մասնաճյուղի բակի եւ պարիսպն այն կողմ գտնվող հաստաբուն բարդիների հատված տեսքը անհանգստացրել էր ախուրյանցիներին: Վերջիններս ահազանգել էին «Օրհուս» կենտրոնի համակարգող Գեւորգ Պետրոսյանին, թե «հասեք, խորը էտի անվան տակ, մութի քողի ներքո ծառերի սպանդ է կատարվում»: Գեւորգ Պետրոսյանն էլ իր հերթին էր ահազանգել մարզի բնապահպանական տեսչություն: Այնտեղից խոստացել էին լինել տեղում, ուսումնասիրել կատարվածը, կազմել արձանագրություն, հարկ եղած դեպքում տուգանել մեղավորներին:
Բանկի կառավարիչ Վլադիմիր Եղիազարյանի, բարդիների խորը էտի թույլտվություն համայնքի ղեկավարից իրենք ունեն: Ծառերից մի քանիսի պատճառով շենքի որոշ սենյակներ զրկված էին արեւի լույսից: Բարդիներից երեքն էլ այնքան էին մեծացել, որ թեքվել ու պառկել էին երկհարկանի շենքի տանիքին: «Էտված ծառերը վտանգ էին ներկայացնում ոչ միայն շենքի տանիքի, այլեւ հեռահաղորդակցության լարերի համար: Ուժեղ քամիների ժամանակ բավական վտանգավոր էին դառնում: Մենք 4 տարի առաջ էլ ենք նման ձեւով էտել տվել, կրկին մեծացել են: Զարմանում եմ, թե բնակիչներին ինչն է անհանգստացրել, որ ահազանգել են: Բա որ այսքան եղեւնիները խնամում ու պաշտպանում ենք, ինչի դրա համար մի հատ շնորհակալություն չեն հայտնում»,-նեղացավ Վլադիմիր Եղիազարյանը:
![]() |
Ձախից՝ Գևորգ Պետրոսյանն ու Վլադիմիր Եղիազարյանը |
Բնապահպան Գեւորգ Պետրոսյանի խոսքերով, կանաչ գոտիների նկատմամբ տարվող արատավոր քաղաքականությունը Գյումրի քաղաքից սահուն կերպով անցել է հարեւանությամբ գտնվող Ախուրյան համայնք: Շատ դեպքերում ծառերը հատվում են առանց թույլտվության կամ սանիտարական էտի անվան տակ, իսկ վատագույն դեպքում դրանք ոչնչացվում են հենց հիմքից`հատկապես սնկի նման իրար հետեւից բուսած ճամփեզրի խանութների, վարսավիրանոցների, ավտոլվացման կետերի ու գազալցակայանների տեսադաշտը բաց պահելու նպատակով:
«Ինձ ուրախացնողն այստեղ քաղաքացիների ակտիվությունն է: Մարդիկ վերջապես հասկացել են, որ այս ծառերը, բնությունն իրենցն է, իրենք պիտի վերահսկեն իրավիճակը»,-նկատեց Գեւորգ Պետրոսյանը: Ախուրյանի համայնքապետարանից 7 բարդիների սանիտարական հատման հետ կապված հաստատեցին բանկի կառավարիչի տված տեղեկությունը: Այո, թույլատրել են, որովհետեւ հսկայական չափերի հասած ծառերն իրենցից վտանգ էին ներկայացնում: Ինչ վերաբերում է բնափայտին, այն ոչ բանկային կառույցը, ոչ էլ համայնքապետարանը չեն տնօրինել: «Բնակիչներն են տարել, ովքեր վառելիքի կարիք ունեին»,-հեռախոսազրույցի ժամանակ տեղեկացրեց Ախուրյանի համայնքապետ Արծրունի Իգիթյանը:
Մեկնաբանել