HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի խանգարեք հայ մշակույթի և գրադարանային գործի զարգացմանը

Հայաստանի Ազգային գրադարանի աշխատակիցների, 13-ամյա խաղաղ, ստեղծագործ աշխատանքից հետո տհաճ անակնկալ է մատուցվել: Պարզվում է` լրացել է Հայաստանի Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանի հետ 2006թ. ՀՀ մշակույթի նախարարության հետ կնքած աշխատանքային պայմանագրի ժամկետը, իսկ նախարարությունը մտադիր չէ Դ. Սարգսյանի հետ կնքել նոր պայմանագիր:

Միանգամից նշենք, որ եթե վերջին տասնամյակում Հայաստանի Ազգային գրադարանը դարձել է պետական մշակութային քաղաքականություն իրականացնող, մշակութային ակտիվ կյանքով ապրող եզակի հաստատություններից մեկը, կապեր հաստատել շուրջ 40 երկրների մշակութային կենտրոնների, գրադարանների հետ, միմիայն Դավիթ Սարգսյանի նախաձեռնությունների, ինչու չէ, նաև անձնական կապերի շնորհիվ է:

Բոլորին է հայտնի, որ Դ. Սարգսյանը իբրև Ազգային գրադարանի տնօրեն, գրող, հրապարակախոս, մեծ հեղինակություն և հարգանք է վայելում մեր երկրի և արտերկրի հայ մտավորականության, մշակույթի և հասարակական գործիչների շրջանում, նրա շնորհիվ է, որ գրադարանը դարձել է մեր մտավորականության ամենից սիրելի վայրերից մեկը Երևանում:

Ազգային գրադարանի պատմության մեջ աչքի է զարնում վերջին 13 տարիների առաջընթացը` շնորհիվ Դ. Սարգսյանի նվիրական ջանքերի: Նրա նախաձեռնությամբ hրատարակվել են նոր գրքեր, որոնք մինչ այդ «գզրոցների մեջ» էին, բացի այդ, հայ մշակույթի և գրադարանային գործի զարգացման մեջ մեծ է Դ. Սարգսյանի ավանդը:

Նշանակվելով Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի պաշտոնում` Դ. Սարգսյանը ձեռնամուխ է եղել ֆոնդերի հաշվառման գործընթացի կարգավորմանը, որը մինչ այդ երբեք չէր արվել:

Հայտնի է, որ այսօր խնդիր ունենք արտերկրում հրատարակվող գրականության ձեռքբերման: Այս ուղղությամբ վերջերս անուրանալի նպաստ բերեց հենց Դ. Սարգսյանը` Բեյրութում հայտարարած գրքահավաքի ազգանվեր կոչով, որի արդյունքում շուրջ 5.000 միավոր գրականությամբ և պարբերականներով համալրվեց Ազգային գրադարանը:

Ի դեպ, սրանց մեջ կան գրքեր, որ Հայաստանում միակ օրինակներն են: Իսկ մինչ այս, կրկին Դ. Սարգսյանի նախաձեռնությամբ, Հայաստանում հայտարարվեց գրքահավաք, և հավաքված 8.000 միավոր գրականությունը նա շրջիկ գրադարանով տեղափոխեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, բաժանեց պատերազմից տուժած գրադարաններին: ԼՂՀ-ում Դ. Սարգսյանը անցկացրել է սեմինարներ գրադարանավարների համար, նրանց ներկայացրել գրադարանային համակարգի նորությունները:

Ցայժմ Հայաստանի Ազգային գրադարանը` ի դեմս տնօրեն Դ. Սարգսյանի,  նախապատրաստական մեծ աշխատանքներ է կատարել` ընդառաջ 2012թ. նշվելիք հայկական գրատպության 500-ամյակին, որպեսզի հավուր պատշաճի նշի ազգային այդ մեծ տոնը:

Գրադարանը Դավիթ Սարգսյանի տնօրինության ժամանակ համալրվել է տեխնիկական նոր միջոցներով և որ ամենակարևորն է` արդեն ունի թվայնացման կենտրոն, որը ոչնչացումից կփրկի Ազգային գրադարանի 7 միլիոնանոց ֆոնդը, մեր գրավոր ողջ ժառանգությունը:

Ազգային գրադարանի բարգավաճման, առաջընթացի ուղղությամբ նրա իրականացրած աշխատանքների ցանկը կարելի է անվերջ թվարկել: Նրա շնորհիվ գրադարանում կատարվել են վերանորոգման աշխատանքներ, բացվել են նոր բնույթի ընթերցասրահներ` նախատեսված տեսողության խնդիրներ ունեցողների, իրավագետների և այլոց համար: Անձնական լայն կապերը նա ծառայեցրել է հանուն գրադարանի զարգացման:

Ներկայումս Դ. Սարգսյանի` գրադարանից հեռանալը աշխատակիցների համար վիրավորական է: Քանզի նրա շնորհիվ դրական հեղինակություն է ձեռք բերել գրադարանը ոչ միայն հանրապետությունում, այլև արտերկրում: Առկա են բազմաթիվ նախաձեռնություններ, պայմանավորվածություններ և ծրագրեր, որոնց իրականացումն առանց նրա անմիջական մասնակցության դատապարտված են ձախողման:

Ներկայիս պայմաններում, կարծում ենք, անհրաժեշտ է մշակութային գործիչ, տարիներ շարունակ գրքի հետ աշխատած տնօրենի` Դավիթ Սարգսյանի փորձը, գիտելիքները:

Դավիթ Սարգսյանը գրադարանը դարձրել է կրթամշակութային, գիտակրթական կենտրոն, որը սոսկ գիրք սպասարկող հաստատություն չէ այսօր: Մենք համոզված ենք, որ նրա բացակայությունից մեծապես կտուժի ոչ միայն Ազգային գրադարանը, այլ գրադարանային, մշակութային դաշտը:

Դավիթ Սարգսյանի հետ Մշակույթի նախարարության կնքած պայմանագիրը երկարացնելը ենթադրում է Հայաստանում գրադարանային գործի և մշակույթի զարգացում, ոլորտի առաջընթաց։ Հայ աճող սերնդին ավելի լայնախոհ, կիրթ ու միջազգային ոլորտում մրցունակ դարձնելու համար պետք է զարգացնել մշակույթը, քարոզել գիրքը, գրադարանը, դրանց դերը, որի մեջ մեծ է Դ. Սարգսյանի աշխատանքը։

Հուսով ենք՝ Ազգային գրադարանը չի նահանջի արդեն մշակութային բարձունքներ տանող իր ճանապարհից:

Գոհար Ջուլհակյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter