Փոխվարչապետը հանդիպեց Իրաքի արտաքին գործերի եւ նավթի նախարարներին
Փոխվարչապետ, Տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանը երեկ Բաղդադում մի շարք հանդիպումներ ունեցավ, որոնց օրակարգում երկկողմ համագործակցության խորացման հարցերն էին:
Իրաքի երկաթգծերի տնօրինության ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկվեցին հաղորդակցության ոլորտում փոխգործակցության հնարավորությունները: Իրաքցի պաշտոնյաները տեղեկություններ ներկայացրին երկրում երկաթգծի համակարգի վիճակի, զարգացման հեռանկարային ծրագրերի մասին:
Ա. Գեւորգյանն իր հերթին անդրադարձավ Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրին` նկատելով, որ այն էապես նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանում բեռնափոխադրումների առումով:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում մասնագիտական մակարդակով երկկողմ քննարկումների կազմակերպման վերաբերյալ, որոնց ընթացքում ոլորտում փոխշահավետ գործակցության առաջարկություններ կձեւավորվեն եւ կներկայացվեն կողմերին:
ՀՀ փոխվարչապետի մյուս հանդիպումը Իրաքի նավթի նախարար Աբդ ալ Քարիմ Լուայբիի հետ էր: Կողմերը քննարկեցին էներգետիկայի եւ բնական պաշարների բնագավառում համագործակցության հարցեր: Երկուստեք կարեւորվեց միջկառավարական հանաձնաժողովի նիստի ընթացքում ձեռք բերված` ոլորտում համագործակցության ծրագրի մշակման վերաբերյալ պայմանավորվածությունը: Զրուցակիցները ընդգծեցին, որ առկա է գործակցության մեծ ներուժ` թե էներգետիկայի, թե նավթագազային բնագավառում:
Ա. Գեւորգյանն անդրադարձավ Հայաստանում էներգետիկ ոլորտում իրականացվող ծրագրերին, որոնք հնարավորություն են տալու Հայաստանին` առավել հզորացնել էներգիա մատակարարող երկրի իր կարողությունները:
Աբդ ալ Քարիմ Լուայբին Իրաքում էլեկտրակայանների արդիականացման, դրանց շինարարությունն ավարտին հասցնելու, շահագործման աշխատանքներում օգտակար համարեց հայ մասնագետների հմտությունների օգտագործումը` հաշվի առնելով էներգետիկայի վերականգնման ոլորտում հայկական կողմի փորձը:
Քննարկվեցին նավթագազային արդյունահանման բնագավառում փոխգործակցության հարցեր, անդրադարձ եղավ նավթագազային արդյունահանման աշխատանքներին հայկական կողմի մասնակցության հնարավորությանը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ առաջիկայում համապատասխան աշխատանքային խմբերը կուսումնասիրեն հնարավորությունները` նավթագազային ոլորտում փոխշահավետ ծրագրերի իրականացման նպատակով: Մասնավորապես նշվեց գազի արտադրման եւ կուտակման կարողությունների ստեղծման մասին:
Փոխվարչապետը հանդիպեց նաեւ Իրաքի արտաքին գործերի նախարար Հոշյար Զեբարիին: Քննարկվեցին երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացման, արտաքին քաղաքականության ոլորտում համագործակցության հարցեր:
Ա. Գեւորգյանը ողջունեց Իրաքի իշխանությունների` երկրի անվտանգության, կայունության պահպանման ուղղությամբ աշխատանքները եւ վստահություն հայտնեց, որ կայունության ճանապարհը Իրաքի ժողովրդի համար անշրջելի կդառնա: Նա նշեց, որ Հայաստանը շահագրգռված է նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում հայ-իրաքյան համագործակցության զարգացման ու քաղաքական երկխոսության ծավալման հարցերում:
Հոշյար Զեբարիին տեղեկացրեց, որ Իրաքը քաղաքական դիրքորոշում ունի Հայաստանի հետ խորացնելու թե քաղաքական, թե տնտեսական հարաբերությունները, եւ դրա համար առկա են բոլոր պայմանները: Դրան կնպաստի նաեւ Հայաստանում Իրաքի դեսպանատան բացումը: Նա նաեւ ողջունելի համարեց Հայաստանի ավանդական բարեկամական հարաբերությունները արաբական երկրների հետ, ինչը, նրա խոսքով, լավ հիմք է ամուր փոխգործակցության համար: Նա նաեւ անդրադարձավ Իրաքի հայ համայնքին` նշելով, որ թեեւ պատերազմական տարիներին շատ իրաքահայեր լքեցին երկիրը, սակայն հիմա Իրաքը պատրաստ է սիրով ետ ընդունել նրանց:
Զրուցակիցները վստահություն հայտնեցին, որ առաջիկա տարիները լայն հեռանկարներ են բացելու երկկողմ հարաբերությունների զարգացման համար:Նրանք մտքեր փոխանակեցին նաեւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:
ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժին
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել