Միհրան Պողոսյան. «Հայաստանում կատարողական և սնանկության վարույթների փոխհարաբերակցության հարցերը արդիական նշանակություն ունեն»
ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը երկօրյա աշխատանքային այցով գտնվում է Էստոնիայի Հանրապետության մայրաքաղաք Տալլինում: Միհրան Պողոսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «Եվրամիության ռազմավարությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում և ոլորտային իրավական ու տնտեսական հիմնահարցերը, ներառյալ` անվճարունակությունը» թեմայով միջազգային գիտաժողովին։
ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը գիտաժողովի ընթացքում հանդես է եկել ելույթով` «Կատարողական վարույթը և սնանկությունը. հիշյալ գործընթացների փոխհարաբերակցության հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:
Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության անունից Միհրան Պողոսյանը ողջունել է գիտաժողովի մասնակիցներին և նշել, որ գիտաժողովը լավ հնարավորություն է դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտում միջազգային փորձի փոխանակման և ծառայությունների գործունեության զարգացման հնարավոր ուղիների նախանշման առումով: Այդ համատեքստում, նա, մասնավորապես, ընդգծել է. «Կատարողական և սնանկության վարույթների փոխհարաբերակցության հարցերը Հայաստանում արդիական են` հաշվի առնելով վերջին մեկ-երկու տարում հենց այդ խնդիրների վերաբերյալ ընդունված և դեռևս սպասվող օրենսդրական փոփոխությունները»:
Ներկայացնելով Հայաստանի Հանրապետության` ոլորտին վերաբերող օրենսդրության առանձնահատկությունները` Միհրան Պողոսյանը առանձնացրել է կատարողական և սնանկության վարույթների հարաբերակցության երկու հիմնական ուղղություն. առաջին՝ պարտապանի անվճարունակության հատկանիշների բացահայտում կատարողական վարույթում և սնանկության վարույթի հարուցման նախադրյալների ստեղծում, երկրորդ՝ կատարողական վարույթից «անկախ» սնանկության վարույթի հարուցում և դրա ազդեցությունը կատարողական վարույթի վրա: Այնուհետև անդրադարձ է արվել այդ ուղղություններից յուրաքանչյուրին:
Ամփոփելով իր ելույթը և վկայակոչելով Հայաստանում ոլորտի բարեփոխումներին միտված քալերը՝ Միհրանը Պողոսյանը, մասնավորապես, կարևորել է արտասահմանյան գործընկերների փորձը և փորձի փոխանակման առումով միմյանց հետ առավել ամուր կապեր ձևավորելուն ուղղված համապատասխան քայլերի ձեռնարկումը:
Գիտաժողովին, որի մասնակիցների թվում են Շվեդիան, ֆինլանդիան, Նորվեգիան, Դանիան, Լատվիան, Լիտվան, Սլովակիան, Գերմանիան, Մոլդովան, ինչպես նաև Դատական կատարողների միջազգային միությունը, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պատվիրակությունը մասնակցել է Էստոնիայի Դատական կատարողների և սնանկության կառավարիչների պալատի հրավերով:
ԴԱՀԿ ծառայության մամուլի քարտուղարություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել